Azg.am-ի զրուցակիցն է գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
-Պարո՛ն Սրապիոնյան, հայտնի է, որ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի որոշմամբ Ձեռագրերի կրկնօրինակման բաժինը փակվել է, և բաժնի 10 աշխատակից ազատվել է աշխատանքից։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը։
-Մատենադարանն իր գոյության ամբողջ ընթացքում ապացուցել է, որ մեր ազգային դիմագիծն աշխարհին ներկայացնելու, մարդկության և համաշխարհային մշակույթին ներկայանալու Հայաստանի կարևորագույն այցեքարտերից մեկն է։
Մատենադարանում աշախատել են նվիրյալների տարբեր սերունդներ՝ Սեմ Արևշատյան, Բաբկեն Չուգասզյան և էլի շատ մարդիկ, որոնց անուններն այսօր դժբախտաբար մոռացության ենք մատնել։ Նրանք շատ լավ հասկանում էին՝ ինչ է նշանակում Մատենադարան։ Հենց միայն այն, որ այդ տեսակի կառույցը բնորոշ է միայն Հայաստանին, արդեն անկախ աշխատանքի արդյունավետությունից՝ ամբողջ աշխարհը Մատենադարանի հետ հաշվի է նստում։ Ես դեռ չեմ ասում այն բոլոր կարծիքները, որ նշանավոր, համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ թողել են Մատենադարան այցելելուց հետո։
Մատենադարանին չէր կարելի այդպիսի գյադայական որոշմամբ մոտենալ։ Այսօր շատ նորաձև է քննադատել նախկիններին, խոսել նրանց բացթողումների, ինչու ոչ՝ որոշ դեպքերում հանցավոր անգործության, որոշ դեպքերում՝ հանցանքի տարրեր պարունակող գործունեության մասին։ Իհարկե, աշխարհում անթերի կառավարություններ գոյություն չունեն, այդ պատճառով էլ աշխարհի բոլոր կառավարությունների դեմ պարբերաբար ընդվզումներ են տեղի ունենում։
-Պարո՛ն Սրապիոնյան, բացի Մատենադարանում տեղի ունեցող իրադարձություններից, մյուս ո՞ր ոլորտներում եք մտահոգիչ զարգացումներ տեսնում։
-Տեսեք՝ ինչ է տեղի ունենում. եթե այս ամենը վերաբերեր միայն Մատենադարանին, կհամարեինք բացթողում, բայց համահայկական արժեքների ոչնչացումը համակարգված բնույթ է կրում։ Այս խունտան մեր ազգային խնդիրներին մոտենում է խիստ վտանգավոր դիրքերից՝ սկսած կրթությունից, մշակույթից, բանակից, վերջացրած մնացած բոլոր ոլորտներով։
Հիմա Մատենադարան բերել-դրել են մեկին, որը ժամանակին աշխատում էր այնտեղ։ Անկեղծորեն ասեմ՝ այդ տղայի (նկատի ունի Մատենադարանի ներկայիս տնօրեն Արա Խզմալյանին՝ խմբ.) նկատմամբ նույնիսկ համակրանք եմ ունեցել, որովհետև ժամանակին բարեբախտաբար պատիվ եմ ունեցել մտերիմ հարաբերություններ ունենալ Հրաչյա Թամրազյանի հետ և հաճախ եմ եղել Մատենադարանում։ Այսինքն՝ ես ինչ-որ չափով ծանոթ եմ Մատենադարանի ընդհանուր ռիթմին։
Նախկիններին ինչո՞ւ հիշատակեցի. այդ նախկինների օրոք էր, որ Մատենդարանն իր նախնական կառույցով չէր բավարարում այն վիթխարի հարստությանը, որն ուղղակի ցաքուցրիվ է ամբողջ աշխարհով մեկ։ Մատենադարանի պատասխանատուներն այն ժամանակ հավաքում էին նմուշները՝ փշուր առ փշուր, էջ առ էջ, գիրք առ գիրք, մատյան առ մատյան և հարստացնում Մատենադարանը։
-Փաստորեն, նախկին իշխանությունների օրոք Մատենադարանն ընդարձակվում էր՝ ի դեմս շենքային պայամանների և անընդհատ ձեռք բերվող նոր նմուշների, իսկ այժմ ճիշտ հակառակն է կատարվում։
-Մատենադարանում աշխատում էր Գևորգ Տեր-Վարդանյանը։ Նա վերջին շրջանում վիթխարի աշխատանք ծավալած երջանկահիշատակ մարդ է, շատ լավ տիրապետում էր մեր մշակույթին։ Այդ մարդը նաև մի դրական գիծ ուներ. նա Կրկնօրինակման բաժնում սերունդներ էր կրթում, նախապատրաստում էր խելացի, բանիմաց, գործի պատասխանատվությունը գիտակցող սերունդ, որն այսօր կրճատվում է։ Նրանք մեծ փորձ ունեցող, գիտական պատշաճ պատրաստվածությամբ, արժեքները գնահատող մասնագետներ են, որոնք այսօր ազատվում են աշխատանքից։
Երկու բան կա. Մատենադարանի Կրկնօրինակման բաժինը փակելու համար նախ դիլետանտ, պարզամիտ պետք է լինել, հետո էլ՝ թշնամական մոտեցում ունենալ։ Հայտնի է՝ այն ձեռագրերը, որոնք ունեն հարյուրամյակների, անգամ հազարամյակների պատմություն, գրված են մագաղաթի վրա, որն իդեպ, որդնելու ենթակա նյութ է։ Իսկ այսօր կրճատվող աշխատակիցները տարիներ շարունակ մշակում էին դրանք՝ դարձնելով անձեռնմխելի ֆոնդ։ Այդօրինակ ձեռագրերը չի կարելի ցուցադրությունների համար տեղից տեղ տեղափոխել, քանի որ նման ձեռագրերի հաճախակի տեղաշարժը, օդի խոնավության, ջերմաստիճանի և այլ ցուցիչների փոփոխությունը մեծ վտանգ են ներկայացնում հին ձեռագրերի համար։
Հիմա Մատենադարանի այս բաժինը վերացնում են, հայտարարում սիրտ պայթեցնելու չափ անհեթեթ մի միտք, թե ի զորու են ցուցադրելու հնագույն ձեռագրերի բնօրինակները։ Նրանց ո՞վ է իրավունք տվել բնագրերն ի ցույց դնել, դրանք ոսկե ֆոնդն են։ Դրա համար էլ կար Կրկնօրինակման բաժին։ Այդ բաժնի ստեղծողները և աշխատողները հո այդքան պարզամի՞տ չէին, որ նման բաժին էին պահում։
Այժմ Արա Խզմալյանը եկել է և սկսում է Մատենադարանի ոչնչացումը։ Մինչդեռ Մատենադարանի՝ նախկինների օրոք Արթուր Մեսչյանի նախագծով կառուցված երկրորդ մասնաշենքը նպատակ ուներ ընդլայնելու աշխատանքային շրջանակները։ Հիմա սրանք եկել, նեղացնում են դրանք։ Այդ շենքն ունի անգնահատելի նշանակություն և արժեք, և ներկա իշխանությունների գործողությունների արդյունքում ես իրավունք ունեմ ենթադրելու, որ մեծ գումարներ տվող հարմար գնորդ են գտել։ Կարճ ժամանակի ընթացքում Մատենադարանը կոչնչացնեն և շենքը կհանեն աճուրդի, ինչպես վերաբերում են նույնքան նշանավոր բուհական մասնաշենքերին։
Մարդը նվազագույնը պետք է Լուսնից իջած լինի, որպեսզի չհասկանա, թե սա որքան նույնական ծրագիր է։ Եթե հայ ժողովուրդն իր մեջ մի նշույլ անգամ արժանապատվություն և դերի գիտակցում է պահպանել, այժմ համաժողովրդական ընդվզում պետք է լիներ արտաքուստ կադրային քաղաքականության նկատմամբ։ Այդ տղան պետք է դուրս շպրտվի հենց միայն այն կարծիքի համար, որ կարող են բնագրերը ցույց տալ։ Նա իր գիտական ո՞ր նվաճումների, երկրին մատուցած ո՞ր ծառայությունների շնորհիվ բազմեց Մատենադարանում։ Այս մարդը, կարող եմ մի քիչ նույնիսկ թույլ տալ կոպիտ արտահայտվել, պնակալեզ տեսակ է, որը շատ հարմար տեղավորվում է ցանկացած գաղափարի մեջ՝ առաջ մղելով անձնական շահերը։
Սովորաբար կրճատումները նրանք արդարացնում են այսպես ասած օպտիմալացման պատճառաբանությամբ։ Բայց ոչ մի օպտիմալացում չկա։ Իրենց հաճույքների համար գումարներ հայթայթում են՝ երկիրն անդառնալիորեն մխրճելով անլուծելի պարտքերի մեջ, իսկ ահա Մատենադարանի մի քանի աշխատակցի պահելու կարողություն չունեն։ Խնդիրը համահայկական արժեքների կործանման մասին է։
Թող ինձ դատի տան, պատրաստ եմ ցանկացած դատարանում պատասխան տալ, որ ընդգծված ծրագիր կա՝ Մատենադարանը ոչնչացնելու, և այդ ոչնչացումը թշնամական ծրագիր է, որը բերվել է դրսից։
Թուրքիան մատենադարան չունի, Ադրբեջանը՝ առավել ևս։ Էրմիտաժը Ռուսաստանի մշակութային դիմագիծն է։ Պատերազմի ժամանակ այն տեղափոխեցին, որպեսզի չվնասվի, իսկ մենք այս օրերին մեր ձեռքով քլունգն ու բահն առած՝ քանդում ենք մեր հիմքերի ամենակարևոր հատվածը, որից հետո մեր տունը փուլ է գալու, իսկ մեր տունը մեր երկիրն ու պետությունն է։
Ես Մատենադարանը համեմատում եմ Հայ Առաքելական Եկեղեցու հետ։ Դա այնպիսի հենասյուն է, որ հանճարեղ մարդիկ մտածել են՝ մեզ աշխարհին ներկայացնելու համար։ Հիմա այս մարդիկ մեզ աշխարհին ներկայացնելու կարիք չունեն, որովհետև մեզ ոչնչացնելու ծրագիր ունեն։ Վերացնում են այդպիսի վկայարանները, որպեսզի մենք երբևէ աշխարհին որևէ դիմագծով չներկայանանք։