ՔՊ-ն ամեն ինչ խոստացածին հակառակ է անում, և բոլորովին զարմանալի չէ, որ ԽԾԲ-ն մերժող իշխանությունը պատասխանատու պաշտոնների է նշանակում իր մերձավորներին, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմանը՝ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան»-ի տնօրենի պաշտոնակատար նշանակել իր համակուրսեցի Ալեքսանդր Մանուչարյանին։
«Նիկոլ Փաշինյանը հայտարարաւոմ էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ այժմ Արցախը հանձնված է Ադրբեջանին։ ՔՊ-ն հայտարարում էր, որ բուհերը չպետք է քաղաքականացվեն, բայց բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհուրդների նախագահները իշխանական գործիչներ են։
ՔՊ-ն նախկինում հայտարարում էր, որ քաղաքացին «տուգանելու մատերիալ» չէ, բայց Երևանի կարմիր գծերին կայանելու գներն անտրամաբանական կերպով բարձրացնելով և տուգանքներ սահմանելով՝ հակառակն է ապացուցում։
Նույն ՔՊ-ն իշխանության գալու պահին հայտարարում էր, որ պետական ապարատում չպետք է լինեն ԽԾԲ կապեր, մինչդեռ ԱԺ-ում իշխանական խմբակցության պատգամավորներն իրենց ծնողներին, ամուսիններին, ընկերներին և ծանոթներին խորհրդարանի տարբեր ստորաբաժանումներում ապահովում են աշխատանքով։ Այնպես որ, իշխանության գործողություններում այժմ զարմանալի ոչինչ չկա. ինչ որ ասել են, հակառակն են անում»,- ասաց Արմեն Բադալյանը։
Անդրադառնալով «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան»-ի տնօրենի պաշտոնակատար Ալեքսանդր Մանուչարյանի հավաստիացումներին, որ իր նշանակման հարցում որոշիչ է եղել ոչ թե Պապիկյանի համակուրսեցի լինելու հանգամանքը, այլ կոմպետենտությունը, քաղտեխնոլոգը նկատեց՝ կարևոր չէ՝ տվյալ անձը կոմպետենտ է, թե ոչ։
Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ կարևորն այն է՝ արդյոք պաշտոնի նշանակված անձը նախարարի «մոտիկն» է, թե ոչ։
«Այս իշխանությունները պաշտոններ տալիս են ոչ թե պրոֆեսիոնալների, այլ նրանց, որոնք նվիրված են իրենց, ծանոթ կամ բարեկամ են»,- ասաց Արմեն Բադալյանը։
Հիշեցնենք, որ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան»-ի տնօրենի պաշտոնակատար նշանակված Ալեքսանդր Մանուչարյանը մինչ այս աշխատել է Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ։
Factor.am-ին հայտնի է դարձել, որ տնօրենի պաշտոնակատարի համար քննարկվել է նաև վարժարանի տնօրենի տեղակալ Աշոտ Պետրոսյանի թեկնածությունը, սակայն Սուրեն Պապիկյանը նախապատվությունը տվել է կուրսընկերոջը։