ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը բարեհաջող կերպով Երևանում հայտնվելուց հետո և՛ արցախցիների, և՛ այլոց հետ զրույցներում հայտարարել է, որ կա՛մ Արցախի լուծարման մասին հրամանգիր չի ստորագրել, կա՛մ այդպիսի հրամանագիր ստորագրել է՝ հանգամանքների թելադրմամբ, ուստի նրա ստորագրությունը գործնականում առ ոչինչ է։ Իրականում Արցախի Հանրապետության լուծարման հարցում Շահրամանյանի ստորագրության առկայությունը կամ բացակայությունը որևէ նշանակություն չունի։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։
«Մենք նկատում ենք, որ արցախյան ամենատարբեր պաշտոնյաներ և նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ նպատակ ունեն հարատևելի դարձնելու Արցախի պետական մարմինների գոյությունը վտարանդի կարգավիճակում։
ՀՀ անօտարելի և ինքնիշխան տարածքի մաս կազմող Արցախն այժմ գտնվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական վերահսկողության ներքո, բայց Արցախը չէր հայտնվի բռնազավթված վիճակում, եթե չկատարվեին այն կործանարար քայլերը, որոնց ականատես ենք եղել 1991 թվականից ի վեր, երբ ՀՀ այն ժամանակվա վարչակազմը, ի ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, խախտել է Անկախության հռչակագիրը և Արցախի ու Հայասըտանի միացման ոսրոշումը, հակասահմանադրական կերպով Արցախն օտարել են ՀՀ ինքնիշխան տարածքի հովանուց, արհեստականորեն նրան արտամղել են գորշ գոտի՝ ձևավորելու իբր Երևանից անկախ ինքնուրույն հանրապետական կառավարման մարմիններ։
Այսօր, մենք հայկական երկրորդ պետության տխրահռչակ թատրոնին ենք ականատես, և այլ բան չէր էլ կարող լինել, որովհետև Արցախը կարող է գոյություն ունենալ և անհրաժեշտ չափով պաշտպանված լինել ՀՀ տխրահռչակ ղեկավարների հանձնման գործարքներից միայն այն դեպքում, եթե Արցախը համարվեր ՀՀ ինքնիշխան տարածքի մի մաս»,- ասաց քաղաքագետը։
Ալեքսանդր Քանանյանը կարծում է, որ անիմաստ է շարունակել Արցախի անկախությանը միտված քայլերը՝ հիմա էլ արդեն վտարանդի վիճակում։
«Պետք է խոստովանել, որ Արցախի անկման գործընթացը մեկնարկել է Արցախի՝ որպես առանձին պետություն ներկայացնելու կործանարար քաղաքականությամբ։
Այսօր պետք է աշխատել ազգային քաղաքական դաշտի ձևավորման ուղղությամբ, որպեսզի մի օր Հայաստանում հասարակության ցանկությամբ և թափանցիկ ընտրություններով իշխանության գա մի վարչակարգ, որի վարած քաղաքականությունը թույլ կտա անորոշ ապագայում վերականգնել ՀՀ վերահսկողությունն իրեն սահմանադրորեն և միջազգային իրավունքի տեսանկյունից պատկանող Արցախի նկատմամբ»,- ամփոփեց Ալեքսանդր Քանանյանը։