Azg.am-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
-Տիկի՛ն Զոհրաբյան, երեկ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նիստում որոշում է կայացվեց 30 օրով կասեցնել«Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի հեռարձակումը, իսկ վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությանը մեկ ամսով զրկել լիցենզիայից։ Եթերի կասեցումից բացի՝ ընկերության նկատմամբ վարչական երկու վարույթ է հարուցվել, ընկերությունը տուգանվել է 500 հազար դրամով։ Ի՞նչ դիտարկումներ ունեք որոշման առնչությամբ։
-Երբ այս իշխանությունը դամոկլյան սուր էր կիրառում այս կամ այն ընդդիմադիր լրատվամիջոցի հանդեպ, մյուս բոլոր լրատվամիջոցները լուռ էին։ Երբ հարձակվում էին Անժելա Թովմասյանի վրա, բոլորը լուռ էին, երբ հարձակվում էին «168 ժամ»-ի վրա, բոլորը լուռ էին, որովհետև որևէ մեկը չէր ուզում այս իշխանությունների հետ իր հարաբերությունները փչացնել։
Հիմա, ես ուզում եմ հիշեցնել, որ երբ Նիկոլ Փաշինյանի՝ որպես «Հայկական ժամանակ»-ի խմբագրի նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, ես, որպես ՀԺ-ի լրագրող, բազմաթիվ ակցիաներ կազմակերպեցի։ Այդ ժամանակ բոլոր՝ այդ թվում՝ իշխանական լրատվամիջոցները, այդ թվում՝ պրոիշխանական «Ազգ»-ը, կանգնեցին Նիկոլ Փաշինյանի կողքին և մասնակցում էին նախագահական նստավայրի դիմաց սև ժապավեններով մեր ակցիաներին։
Այժմ իշխանություններն իրենց գործողություններում գնալու են այնքան հեռու, որքան մենք թույլատրելու ենք։ Ես նոր եմ վերադարձել եվրոպական կառույցներից։ Իրենք արդեն տեղյակ են, որ այս իշխանությունը մտադիր է «գլավլիտի կոմիտե»՝ գրաքննության կոմիտե ստեղծել՝ իբրև թե մամուլի էթիկայի վերահսկման կոմիտե։ Սա նույն «գլավլիտն» է։
Եվրոպայի խորհրդի անդամ որևէ անդամ երկրում նման դիկտատորական կառույց չկա։ Հիմա, եթե նման կառույց է ստեղծվելու, բնականաբար այն դամոկլյան սուր է լինելու բոլոր լրատվամիջոցների հանդեպ, որոնք կփորձեն իշխանության քիմքին ոչ հաճո մեկ բառ ասել։ Եվ մենք բոլորս կրկին լռելու ենք, որովհետև դա տվյալ պահին մյուսին է առնչվելու։ Այս իշխանությունը գազը սեղմելու է մինչև վերջ։
Ինչ վերաբերում է «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի եթերի կասեցմանը, ինձ ասացին, որ խնդիրը եղել է Տիգրան Քեոսայանի և Արման Աբովյանի մասով։ Գիտեք, Արման Աբովյանն իմ ընկերն է, նրանից ավելի զուսպ, ամեն բառը հաշվարկող քաղաքական մեկնաբանի չեմ ճանաչում։ Եթե իմ դեպքում լիներ, այդտեղ կարելի էր ինչ-որ բան գտնել, բայց Արման Աբովյանը երբևէ չի անցնում կարմիր գիծը։
Հասկանալի է, որ սա դեմարշ է Ռուսաստանի դեմ։ Բնականաբար, իրենք պայմանական ինչ-որ բան պետք է փնտրեին. այժմ գտել են անհեթեթ ինչ-որ պատճառներ։ Բայց ես ասել եմ՝ եթե Ռուսաստանը հանդուրժում է այս ամենը, ուրեմն Նիկոլ Փաշինյանն ինչ անում է, լավ է անում և քիչ է անում։
Քիչ առաջ տեսա նաև «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի հեռարձակման կասեցման վերաբերյալ Հայաստանում ՌԴ դեսապանության կիսավախվորած-կիսալղոզած հայտարարությունը, և քանի դեռ մենք բոլորս թույլ ենք տալիս, այս իշխանությունը իր դիկտատորական «զամաշկեքով» ավելին է անելու։ Մնացածը կախված է խորհրդարանում «հով լռված» ընդդիմությունից, որն ըստ էության՝ ոչինչ չի անում։
Ես նաև ուզում եմ հիշեցնել իմ մի գործընկերոջ ասածը՝ «Ես շատ ցավում եմ, որ մենք վերջում հանգելու ենքայն եզրակացությանը, որ Նիկոլ Փաշինյանն ամենաարդար բանն էր, որ տեղի ունեցավ մեր հասարակության հետ»։ Սա ամենադաժան, բայց ամենաիրատեսական ձևակերպումն է։
Քիչ առաջ ինձ զանգահարել են նորատուսցիները. բոլորս գիտենք՝ այնտեղ ճակատամարտեր են գնում։ Ինձ զանգահարել է այն մարդը, ով ասում է, որ 2021 թվականին ռուսաստանաբնակ իր բարեկամներին խնդրել է գալ և քվեարկել Նիկոլի օգտին։ Հիմա ես բոլոր բարոյական իրավունքներն ունեի ասելու՝ քաղաքացի ջան, ինձնից ի՞նչ ես ուզում, դու այսօր քաղում ես այն, ինչ ցանել ես։ Բայց նրանք մեր քաղաքացիներն են, և մենք իրավունք չունենք այդ իրավիճակում նրանց մենակ թողնելու։
-Տիկի՛ն Զոհրաբյան, ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան մեդիայի վիճակը անցնող տարվա ընթացքում։ ԶԼՄ-ները խոսքի ազատության և մյուս չափորոշիչներով մասով առաջընթա՞ց, թե հետընթաց են գրանցել։
-Հայաստանում խոսքի ազատությունը երբևէ այսքան ողբերգական վիճակում չի եղել։ Որևէ ժամանակ չի եղել, որ խոսքի համար մարդու դեմ քրեական գործ հարուցեն, ինչպես իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, Հրանտ Բագրատյանի, Նարեկ Մալյանի դեպքում։ Հասկանո՞ւմ եք, իմ՝ 70 հազար հետևորդ ունեցող ֆեյսբուքյան էջի տեսանելիությունը բողոքարկումների պատճառով հասցրել են զրոյի։ Այսինքն՝ Facebook-ը ևս դարձել է սրանց քաղաքական գործիքը։ Այսպիսի բան չի եղել. Facebook-ն իմ էջից հեռացնում է դիտումները։ Այնքան են բողոքարկել… ինչի՞ համար. իմ բառի, իմ խոսքի համար։ Հիմա Facebook-ը չլինի, ես վաղը հայտարարություն կանեմ, էջը կփակեմ, կգնամ հրապարակում կկանգնեմ, նույնը կասեմ։
Բայց, կրկնում եմ, ազատ խոսքը երբևէ այսքան վտանգված չի եղել Հայաստանում, որքան այս իշխանության ժամանակ։ Ես տոկունություն եմ մաղթում իմ գործընկեր լրագրողներին, որովհետև ես վատ կանխատեսում ունեմ, որ 2024 թվականը ԶԼՄ-ների համար շատ ավելի ծանր փորձությունների տարի է լինելու։
-Տիկի՛ն Զոհրաբյան, ինչպիսի՞ն է անցնող տարվա վիճակագրությունը լրագրողների նկատմամբ բռնությունների և հետապնդումների մասով։ Նման դեպքերը նվազե՞լ, թե ավելացել են։
-Միայն մեկ բան կարող եմ ասել. նայեք միայն Ալեն Սիմոնյանի հայցերը լրագրողների դեմ։ Միայն մեկ անուն եմ տալիս՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցերը. տեսեք, միայն նա 16 հայց է ներկայացրել լրատվամիջոցների դեմ։ Նայեք, թե ՔՊ յուրաքանչյուր պատգամավոր քանի հայցեր է հարուցել ԶԼՄ-ների դեմ։ Սա տեռոր է՝ լրատվամիջոցներին ֆինանսապես ճնշելու միջոց՝ թույլ չտալու, որ տնտեսվարողներն այս կամ այն լրատվամիջոցում գովազդ դնեն։ Սա ԶԼՄ-ներին սպանելու տեռոր է։
2024 թվականն ավելի դաժան է լինելու, ուստի կոչ եմ անում ԶԼՄ-ներին՝ մի՛ բաժանեք ձեզ ճամբարների, մի՛ դարձեք այս կամ այն քաղաքական ուժի աղյուսը։ Գոնե պահեք լրագրողական համերաշխությունը, որ կար Նիկոլ Փաշինյան խմբագրի ժամանակներում, որպեսզի մենակ չթողնենք այն լրատվամիջոցին, որի ֆեյսբուքյան, յութուբյան էջերի վրա բորենիների նման հարձակվում է դեմոկրատիայի կաշվով բռնապետական այս ռեժիմը։
-Տիկի՛ն Զոհրաբյան, որքա՞ն եք կարևորում լրագրողների՝ սեփական իրավունքներն ընդհուպ դատական կարգով պաշտպանելու իրավագիտակցությունը։ Խոսքը մասնավորապես մեր գործընկերներ Անի Գևորգյանի և Հռիփսիմե Ջեբեջյանի մասին է։
-Այո՛, ապրեն իրենք։ Մենք պետք է պաշտպանենք և՛ Անիին, և՛ Հռիփսիմեին, որովհետև երկու երիտասարդ կին իրենց մեջ ուժ են գտել կանգնելու մի ամբողջ հրեշավոր՝ Շվարցի «Վիշապ»-ի չափ հրեշավոր համակարգի դեմ։
Տեսնո՞ւմ եք, թե ինչ տեռոր է նրանց նկատմամբ, որոնք նաև մանկահասակ երեխաների մայր են, կին։ Ինձ ուղարկել են, և ես նույնպես տեսել եմ այն ահասարսուռ հայհոյանքներն ու սպառնալիքները, որ նրանց հասցեին հնչեցնում են ՀՀ հպարտ քաղաքացիները։ Հայհոյողների գերակշիռ մեծամասնությունը կանայք են, մայրեր, որոնք երեխաներ, ընտանիք ունեն։ Ինչպե՞ս կարող է մայրը լրագրող կնոջն ասել՝ «Մարմինդ փրթեն, դնեն երեխուդ դիմաց»։ Ես այդպիսի գրառում եմ կարդացել։
Բայց եթե գլոբալ խոսենք, մեր ամբողջ պրոբլեմն այս չարությունն է, ատելությունը։ Այս հեղափոխությունն էլ որ եղավ, գուցե շատ աբսուրդ բան ասեմ, եղավ նախանձից, տրիվիալ «աբիժնիկությունից»։ Հետո մենք կհասկանք, որ այն, ինչ ես ասում եմ, ավելի խոր արմատներ ունի։
Մենք չենք սիրում իրար, մենք չենք հանդուրժում իրար։ Ես չգիտեմ՝ մենք ե՞րբ այսքան չար, միմյանց ատող և չհանդուրժող դարձանք, բայց երբ ես դեռ շատ տարիներ առաջ՝ հեղափոխության առաջին ամիսներին, ԱԺ ամբիոնից կոչ էի անում դադարեցնել այս ատելությունը, այն ժամանակ իմ ասածն ինչ-որ էմոցիոնալ պոռթկում ընկալվեց։ Այսօր մեր հիմնական պրոբլեմն ատելությունն է, «աբիժնիկությունը», միմյանց հանդեպ չարությունը և ապրումակցման տոտալ բացակայությունը։