Սեպտեմբերի 13-ին Երեւանում կայացավ Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը, Արեւելյան գործընկերության անդամ երկրներիՙ Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Նատալյա Գերմանը, Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, Վրաստանի եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Ալեքս Պետրիաշվիլին, Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիեւը, Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովը:
Հանդիպմանը, որը վարում էր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ելույթ են ունեցել պատվիրակությունների ղեկավարները, քննարկվել են Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրված արդյունքները, նախանշվել գործընկերության հեռանկարները: Հանգամանալից անդրադարձ է կատարվել Արեւելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականացմանը, մտքեր են փոխանակել Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
Ելույթ ունենալով հանդիպմանըՙ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել Արեւելյան գործընկերության ճանապարհային քարտեզի բոլոր հիմնական ուղղություններով:
«Եվրոպացի գործընկների հետ համագործակցաբար եւ անմիջական աջակցությամբ անցած տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է իրականացրել, ուղղված, մասնավորապես, ժողովրդավարական հաստատությունների եւ օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ընտրական գործընթացների եւ օրենսդրության բարելավելմանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը եւ այլն», նշել է Նալբանդյանը:
Նա շնորհակալություն է հայտնել աջակցության համար` ապագայում եւս բարեփոխումները շարունակելու ակնկալիքով:
«Հայաստանը հաստատակամ է առաջ տանելու ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունըՙ այնքանով, որքանով դա չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը», ասել է արտգործնախարար Նալբանդյանը:
Թե ի՞նչ է առաջարկել Ռուսաստանը Հայաստանին Մաքսային միությանն անդամակցելու դիմաց հարցին ի պատասխան Հայաստանի արտգործնախարարը նշել է, թե խոսքը այն մասին չէ, թե ինչ է տվել Ռուսաստանը Մաքսային միությանը միանալու դիմաց, այլ որ Հայաստանն ունի դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, եւ այդ հարաբերությունների ծավալի մասին է խոսում նաեւ սեպտեմբերի 3-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների արած հայտարարությունը, որտեղ խոսքը բոլոր հնարավոր բնագավառներում բավական խոր, լայն եւ սերտ համագործակցության մասին է:
«Մենք, Արեւելյան գործընկերության նախաձեռնության, այս բանակցային գործընթացի, անգամ դրանից առաջ ասել ենք եւ ասում ենք, որ մենք պատրաստ ենք հնարավորինս սերտ, հնարավորինս խոր, հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրոմիության հետ, մոտ լինել Եվրոմիությանն այնքան, որքան դա հնարավոր կլինի Եվրոմիությանը, բայց ոչ ի վնաս եւ ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների», ասել է Նալբանդյանը:
Նրա հավաստմամբՙ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցություններին եւ Դոնորների կոնֆերանսի կազմակերպման վերաբերյալ խոսվում է արդեն մոտ 4 տարի, իսկ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու բանակցությունները սկսվել են մեկ տարի առաջ: «Այսինքն` դրանք կապված չեն եղել, եթե հիմա, միգուցե, ինչ-որ առումով կապում են… ամեն դեպքում դրանք կապված չեն եղել»:
«Ինչպես ես արդեն ասացի, մենք մեր եվրոպացի գործընկերների հետ խոսում ենք այն եղանակների, ֆորմատների, հնարավորությունների մասին, որպեսզի հիմնվելով այն առաջընթացի, ձեռքբերումների վրա, որոնք գրանցվել են վերջին տարիներին, հնարավորինս առաջ շարժենք Հայաստանի եւ Եվրոմիության հարաբերությունները: Հենց դրա մասին է ասում նաեւ պարոն Ֆյուլեն», եզրափակել է Նալբանդյանը: