Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում տեղի ունեցան Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» (Չիո-չիո-սան) օպերայի նոր բեմադրության երեք առաջնախաղերը: Օպերային ներկայացման բեմադրող ռեժիսորն եւ բեմադրող նկարիչը ՍՈՒՔԻԱՍ ԹՈՐՈՍՅԱՆն է, մեր տաղանդավոր գործընկեր Toto-ն: Չեմ կարող ասել, որ դա սոսկ օպերա էր, դա նվագախմբի, երգիչների, բեմական եւ զգեստային ձեւավորումների, նկարչական գունառատ անիմացիայի, դրանց միախառնմամբ դրամատիկ լուծումներով հարուստ տեսարանների, գույների նկարչագեղ ու մտածված զուգորդման միջոցով ասելիք-լսելիք-տեսանելիքը փոխանցելու վառ համադրություն էր, որտեղ վերը նշածս բոլոր բաղադրիչները հավասար դերակատար էին: Ահա թե ինչ է կատարվում օպերայի հետ, երբ նկարի՛չը, վա՛ռ արվեստագետն է անտուրաժը եւ օպերային արվեստը համարձակորեն միաձուլում՝ գույնի, լույսի, դեկորների, զգեստների համարյա գեղանկարչական ներդաշնակման միջոցով ավելի հասանելի-ընկալելի, նրբագեղության մաստերկլասի շնորհիվ՝ ավելի սրտին մոտ դարձնում դասական օպերան, մեղեդին, երգեցողությունը եւ ինչու ոչ՝ վառ դերասանական խաղը:
Կտավի վրա սովորաբար դերակատար լույսը եւ գույնը, փաստորեն, մեծ կտավ էին դարձրել օպերային բեմը՝ մեղմից մինչեւ ագրեսիվ գունափոխություններով, պաստելային գույներից մինչեւ հոգու ալեբախություն առաջացնող մուգ երանգներով հավասար իշխելով հանդիսատեսին այնպես, ինչպես հիանալի արիաները, խմբերգերը, բարձրարվեստ նվագախմբի կատարումը:
Թարմ եւ նոր ընթերցմամբ՝ հին-բարի «Մադամ Բաթերֆլայը», Ջակոմո Պուչիննիի հիանալի ստեղծագործությունը առաջնախաղերին ներկա գտնվելու բախտ ունեցած հանդիսատեսին առօրյա գորշությունից վերադարձրեց ազնիվ եւ անձնվեր սիրո, մեծ կրքերի եւ մեծ զոհաբերությունների, դասականության դարաշրջան:
Ստեղծագործական ողջ կազմն ու բեմադրիչը հրաշալի օպերային ներկայացում են ստեղծել, որը հավասար կարող է մրցակցել աշխարհի հայտնի օպերային ներկայացումների հետ:
Օպերային ներկայացման բեմադրող դիրիժորը Ռուսաստանից հրավիրյալ, երիտասարդ տաղանդավոր երգիչ եւ դիրիժոր Միհրան Աղաջանյանն է, որը Սանկտ -Պետերբուրգում իր նվագախումբն ունի: Գլխավոր դերերի երգիչ-երգչուհիների մեջ էլ կան հրավիրյալներ արդեն եվրոպական բեմերում ճանաչում ձեռք բերած մեր տաղանդավորներից, օրինակ՝ Գերմանիայից Կարինա Ֆլորեսը: Բոլոր երգիչ-երգչուհիները ճանաչված եւ տաղանդաշատ են (յուրաքանչյուր դերում ընգրկված են մի քանի երգիչներ), մադամ Բաթերֆլայ երգում են բացի Ֆլորեսից՝ Աննա Այվազյանը, Սիլվա Պետրոսյանը, Նունե Գրիգորյանը: Մյուս գլխավոր դերում՝ Պինկերտոն երգում են հիանալի երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյանը, Հովհաննես Անդրեասյանը եւ այլք, ընդհանրապես՝ բոլոր դերերում տարբեր օրերի երգելու են մեր լավագույն երգիչները, ու որ օրն էլ ներկա լինեք «Մադամ Բաթերֆլայ» ներկայացմանը, որ երգիչներն էլ այդ օրը երգեն՝ օպերան տոն է դառնալու հանդիսատեսի համար:
Տողերիս հեղինակը ներկա էր անցած շաբաթավերջի առաջնախաղին, փոխանցենք մեզ զուգահեռ շարքում օպերան ըմբոշխնող բեմադրիչ, դերասան Ժիրայր Փափազյանի (Բաբազյան) մի արձագանքն ընդմիջմանը: Նա ասում էր, որ հիանալի, Եվրոպայում արդեն ճանաչում ունեցող, առաջին հաջող բեմելներն անցած երգիչ-երգչուհիներ ունենք, ու ինքը շատ ուրախ է, որ մեր օպերային թատրոնը նկատում, արժեվորում ու հրավիրում է նրանց: Երբ նրանցից մեկին (Սիլվա Պետրոսյանին), որն իր բեմադրությունում հինգ տարի առաջ առաջին անգամ է երգել ու այժմ ճանաչված երգչուհի է, նա տեսավ «Մադամ Բաթերֆլայում»՝ ուղղակի հուզվեց: Իսկ Սուքիաս Թորոսյանին էլ շատ դիպուկ բնութագրեց՝ ճաշակավոր բեմադրիչ:
Սուքիաս Թորոսյանի կենսագրությունը, ի թիվս բազմաթիվ մշակութային նախաձեռնությունների, հագեցած է օպերային ներկայացումներ բեմադրելու բազմաթիվ դրվագներով, «Մադամ Բաթերֆլայ» նա էլի է բեմադրել՝ սիմֆոնիկ նվագախմբի հետ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, տարբեր տարիների՝ օպերային թատրոնում: Այս նոր բեմադրությունը նոր ընթերցում է՝ նոր ժամանակի հնարավորությունների օգտագործմամբ, բեմադրիչի անցյալ փորձի եւ ստեղծագործական կուտակումների նոր դրսեւորումներով:
Մեր ասելիքը չի կարող ավարտուն լինել՝ առանց փոխանցելու Սուիքաս Թորոսյանի հետ մեր զրույցը.
–Բոլոր մտահղացումներդ կարողացա՞ր իրականացնել նոր բեմադրությամբ:
-Իհարկե հարյուր տոկոսով հնարավոր չէ երբեք իրականացնել մտահղացումները, յուրաքանչյուր միտք ավելի արագ է թռչում, քան այն հասցնում ես իրականացնել;
Սա իմ երրորդ «Մադամ Բաթերֆլայն» է, երկուսն արել եմ ֆիլհարմոնիկի հետ, բայց օպերային բեմում: Մինչդեռ առաջին անգամ է, որ օպերային թատրոնը ինձ հետ կնքել է պայմանագիր՝ երեսուն տարի սպասում էի այս պայմանագրին: Երբ հարցնում են՝ ո՞ւշ է դա տեղի ունեցել, թե՞ շուտ, ես պատասխանում եմ՝ ամեն ինչ իր ժամանակն ունի:
Ամբողջ գիտակցական կյանքս աշխատել եմ օպերային թատրոնի համար, թատրոնում թե նրանից դուրս ես աշխատել եմ օպերային ներկայացումներ ստեղծել, այդ արվեստը թանկ է ինձ համար:
Նույնիսկ Աճեմյանի ներկայացումների ժամանակ ես նկատում էի այն անաքրոնիզմը, որ կատարումը չի համապատասխանում, ասենք, կենցաղային շարժումներին՝ որպես սինթետիկ արվեստ: Մարդը եթե երգում է, իր հույզերն արտահայտում է երգարվեստով, նրա ողջ կերպարը, շարժումները պետք է ներդաշնակ լինեն, երգիչը չի կարող կենցաղային կամ սովորական շարժումներ կատարել բեմի վրա: Ես միշտ ձգտել եմ, որ իմ ներկայացման մեջ նույն ձեւի մեջ սինթետիկ լինեն նաեւ շարժումները, այսինքն՝ շարժումները ստատիկ վիճակում դինամիկա ունենան: Դա ամենաբարդ արվեստն է՝ ես բացատրել-ներշնչել եմ դերասաններին, որ դա կարող են անել, ավելորդ շարժումներ չանեն, որովհետեւ շարժումը, ժեստերը բեմում նույնպես կարեւոր բաղադրիչ են եւ կարող են կոտրել կամ ամբողջացնել տեսարանը: Ես կուզենայի, որ դերասանները իրենց զգացմունքները չչարաշահեն շարժումների մեջ: Այ դա այս ներկայացման մեջ ինձ թվում է ստացվել է:
Մոտեցումներից մեկն էլ այն էր՝ ինչպես ներկայացման մեջ ամեն ինչ կենտրոնացնել դեպի երաժշտության անատոմիան: Ես նայեցի մեծ վարպետ Զեֆերելլիի վերջին բեմադրությունը եւ հանգիստ կարող եմ ասել՝ մեր նոր բեմադրությունը շատ ավելի լավն է, ավելի գրագետ: Ես միշտ ձգտել եմ Զեֆերելլիին մոտենալ-նմանվել, իսկ հիմա ժամանակը եկել է, որ ինքը ինձ նմանվի (ծիծաղում է՝ ով ծանոթ է Սուքիասի հումորիկ բնավորությանը՝ կպատկերացնի նրա այս ասածի ենթատեքստը): Հանճարեղ Պուչինին հարյուրքսան տարի առաջ է գրել օպերան, դրանից մեկ տարի հետո առաջին բեմադրությունն է եղել, այդ ընթացքում բազմաթիվ բեմադրություններ են եղել, բայց երաժշտության անատոմիային մոտենալու անհրաժեշտությունը չի փոխվել:
–Նկարչի քո մասնագիտությունն օգնել, թե՞ խանգարել է բեմականացմանը:
-Իհարկե օգնել է, որովհետեւ օպերայում կարեւոր է, որ բեմական նկարչի, հագուստի նկարչի եւ ռեժիսորի ճաշակները համադրվեն- մի մարմին դառնան. իմ դեպքում դա ի սկզբանե եղել է, նկարչական կողմը ապահովում է ռեժիսուրան:
–Բեմադրիչի ներսի նկարիչը չի՞ խեղդել օպերային արվեստը, մեղեդին…
-Միայն օգնել է, ոչ մի բան չի տուժել, մենք կարողացել ենք երաժշտությունն առաջին պլան բերել: Նույնիսկ հաշվի է առնվել ակուստիկան, ո՞րտեղից, բեմի ո՞ր մասից երգենք, որ հնչողություն լինի……
–Ի՞նչն է նոր, կարելի է անգամ ասել՝ նորաձեւ օպերայի այս նոր բեմադրության մեջ:
-Ամեն նոր ներկայացում իհարկե նորարարություն պիտի պարունակի, բայց նորարարություն ես փնտրում էի ոչ թե որպես այդպիսին, այլ հոգեւոր արժեքները նուրբ երանգներով ի հայտ բերելու մեջ:Իհարկե, ցանկացած հինը եթե իր հին ձեւի մեջ ես ներկայայացնում՝ չի ընթեցվում: Աշխարհի լավագույն «Մադամ Բաթերֆլայը» Հայաստանում է հիմա, ես դա կարող եմ ասել հարյուր տոկոսով, թող գա մեկը ցույց տա այնպիսի «Մադամ Բաթերֆլայ» ու ասի, որ դա ավելի լավն է, քան մերը՝ ես կխոնարհվեմ նրա առաջ եւ ներողություն կխնդրեմ: Իրենք միլիոններ կարող են ծախսել ու չստանալ այն դրամատիզմը, այն հոգեբանական հակասությունները, որ բեմի վրա տեղի էին ունենում: Մենք քիչ միջոցներով ստացել ենք բարձր արվեստ, որովհետեւ առաջնայինն իմ մոտ ոչ թե էֆեկտներն էին, ինձ մոտ էլ կային անիմացիա, ուրիշ էֆեկտներ, բայց դա այնքան մեղմ ու նուրբ էր արված, որ մենք չէինք նկատում՝ ո՞նց է փոխվում տեսարանը: Այսինքն՝ շեշտադրումը էֆեկտների եւ անիմացիայի վրա չէ, հոգեւոր արժեքները բարձրացնելու վրա է: Այ դա է տարբերությունը՝ ոչ միայն երաժշտությամբ, այլ տարբեր միջոցներով, ստատիկ դինամիկայով, շարժումներով, ժեստերով, անգամ մեջքով կանգնած դերասանի կեցվածքից հանդիսատեսը պետք է զգա նրա հուզմունքը: Երեխային ձեռքով թեթեւ դիպչող ձեռքից պետք զգացվի Հրաչյա Ներսիսյանի դողացող ձեռքը: Այսինքն՝ սիրո եւ գեղեցիկի էներգիտիկա է փոխանցում ներկայացումը:
Ֆաստ-ֆուտը, որ էսօր նաեւ մշակույթ է սողոսկել, արժեքները խլացնող գոռոց-ճչոցները չեն թողնում արժեքներն ընկալել: Ես նորից փորձում եմ ի հայտ բերել նրբերանգները եւ ինչ-որ պահի բազմակետ դնում դերերի մեջ, որ ամեն մեկը փորձի յուրովի շարունակել՝ մնալով կոնցեպցիայի մեջ: Դա ամենաբարդ բանն է՝ ներկայացումը բեմադրել այնպես, որ դերասանը տեղ ունենա կատարելագործվելու, չկանգնի մի կետում, չմեռնի…
–Հասկացա՞վ քեզ ստեղծագործական կազմը:
-Իհարկե հասկացավ, որովհետեւ բոլոր դերասանները երազում են նորից խաղալ, որպեսզի այն, ինչ նախորդում չեն արել, նոր խաղում անեն. սա ամենամեծ գովեստն է: Ինձ համար ծափերը թանկ են, բայց էլ ավելի թանկ է, երբ դերասանը, երգիչ-երգչուհին իրենք են ուզում զարգացնել դերը, կատարելագործել հենց բեմում. իդեալական ճապոնական արվեստը դրանով է տարբերվում մյուսներից, նրանք ձգտում են կատարյալին (օպերայի հիմքում ճապոնուհի գեյշայի սիրո պատմությունն է), Պուչինին ինքն էլ հասկացել է դա, քանի որ ուրիշ օպերային ներկայացումներում եթե կան շլյագերներ,«Մադամ Բաթերֆլայն» ամբողջությամբ է շլյագեր: Կա՛մ ամբողջությամբ ես սիրում-սիրահարվում այս օպերային, կա՛մ անցնում ես անտարբեր. իմ խնդիրն էր, որ բոլորը սիրահարվեն, որովհետեւ մեջը կա հույս, սեր եւ հավատ:
-Բեմադրող դիրիժոր Միհրան Աղաջանյանի հետ իրար հասկանո՞ւմ էիք օպերան բեմադրելիս:
-Դե քանի որ նա լավ երաժիշտ է, չնայած երիտասարդ տարիքին՝ բավական ճանաչված, ես հույս ունեմ, որ էլ ավելի բարձունքների կհասնի, հենց առաջին օրվանից նկատեցի, որ ճիշտ ճանապարհով է գնում. ես իրեն չեմ խանգարել, ինքը ինձ չի խանգարել, զուգահեռ անելով մի գործ:
–Հրավիրյալ երգիչներ ունեիք՝ մի քիչ մանրամասնիր:
-Կարինա Ֆլորեսը Գերմանիայից է, դիրիժորն էր հրավիրել, անգամ ինքն էր գրել՝ լսելով , որ մենք «Մադամ Բաթերֆլայ» ենք բեմադրում՝ ցանկություն հայտնել երգելու, նշելով, որ ինքը Բաթերֆլայ երգելու փորձառություն ունի: Ձայնագրությունները լսել էի, գիտեի , որ մեծ բեմերում երգել է եւ վարպետ-կատարող է, ես դրանում համոզվեցի:Իսկ նա էլ նշել է, թե նոր «Մադամ Բաթերֆլայ» գտավ մեր բեմադրությամբ: Մնացածը մեր տեղացի երգիչ-երգչուհիներն են: Ես ընդհանրապես մտածում եմ, որ մեր երգչուհիերը, եթե իրենք զգում են Բաթերֆլայ՝ պետք է երգեն այդ դերում: Մոտավորապես տասնհինգ Բաթերֆլայ կա այսօր Հայաստանում (այսինքն՝ այդ դերում հանդես եկածներ): Կան որ արտերկրում են երգում՝ Լիանա Հարությունյան, Լիանա Առաքելյան, Հրաչուհի Բասենց, շատերն ունենք, որ արտերկրի բեմերում «Մադամ Բաթերֆլայ» են երգել, կան նաեւ այնպիսիք, որ չեն երգել, բայց ուզում են երգել, բոլորին պետք է այդ հնարավորությունը տալ:
–Բեմական երկարակեցություն եմ ցանկանում օպերային:
-Ցավոք՝ դա մեզնից չի կախված, այլ տոմսերի վաճառքից: Ես ստեղծագործական կողմի մասին եմ մտածում: Ներկայացումն արդեն իմը չէ, ստեղծագործական կազմ կա, որ մտածում է այդ մասին: Իսկ ես արդեն սկսել եմ մտածել Թեքեյան մշակութային կենտրոնում արցախցի երիտասարդ նկարիչների ցուցահանդես-վաճառքի կազմակերպման մասին: Նրանցից տասը իմ ուսանողներն են, ես ուզում եմ նրանց հնարավորություն տալ մտածելու, որ իրենք պետք են Հայաստանին:
–Եւ վերջում…
-Վերջում ուզում եմ հուսալ, որ Հայաստանում վերածնունդ կլինի, մենք էլ պարտվելու տեղ չունենք, մենք միայն պետք է հաղթանակներ գրանցենք բոլո՛ր բնագավառներում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ