Դետրոյթի Ալեք եւ Մարի Մանուկյան թանգարանի նախաձեռնությամբ Մ. Նահանգներում լույս է տեսել «A Legacy of Armenian Treasures» (Հայկական գանձերի ժառանգություն) խորագիրը կրող գիրք-ալբոմ, որն իր մեջ նկարների տեսքով ներառում է թանգարանի գանձերի մի մասը հակիրճ նկարագրական տեղեկություններով եւ ուսումնասիրությամբ:
Երեկ, ազգային պատկերարահի Որմնանկարների սրահում տեղի ունեցավ վերոնշյալ գիրք-ալբոմի շնորհանդեսը, որին ներկա էին մշակութային ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Տարիների ընթացքում Ալեք Մանուկյանի եւ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանի կողմից տարբեր աճուրդներից գնված գանձերն այսօր դարձել են հպարտության առարկա յուրաքանչյուր հայի համար, քանզի նաեւ հենց դրանց շնորհիվ մենք ներկայանում ենք աշխարհին մեր մշակութային բազմամյա ժառանգությամբ:
«Հայկական գանձերի ժառանգություն. վկայություն մի ժողովրդի» գիրք-ալբոմի գլխավոր խմբագիր Երվանդ Ազատյանը «Ազգի» հետ զրույցում ասաց. «Այս ժողովածուն շուրջ տասը տարվա աշխատանքի արդյունք է եւ մենք ութ տարբեր մասնագետների աջակցությամբ պատրաստեցինք այս գիրքը, որը բաղկացած է 336 էջից եւ 160 լուսանկարներից: Ալբոմում զետեղված են թանգարանի նմուշների մի մասը. գորգեր, մագաղաթներ, եկեղեցական սպասքներ եւ զգեստներ, հին տպագիր հրատարակություններ, մետաղադրամների հավաքածուներ եւ այլն»: «Գիրքը, որի գլխավոր խմբագիրն եմ, ուղղված է ընդհանրապես հանրությանը: Այն ամբողջությամբ շարադրված է անգլերենով` մեր երիտասարդ սերնդի համար, սակայն իմ գրած ներածականը հայերեն եւ անգլերեն է: Խմբագրական կազմը ամեն ճիգ թափեց մասնագիտական ճշգրտությունը ապահովելու համար»:
Հատկանշական է, որ հրատարակիչների հետ պայմանավորվածության արդյունքում գիրքը կտարածվի ամբողջ աշխարհում, բացի Հայաստանից, քանի որ այստեղ ժողովածուն ներկայացվում է Ալեք եւ Մարի Մանուկյանների թանգարանի կողմից:
Գիրքը կարող են պատվիրել նաեւ amazon.com կայքից:
Երվանդ Ազատյանը կես-կատակ, կես-լուրջ ասաց, որ գիրք-կատալոգի վրա ծախսված գումարով կարող էինք գնել Դետրոյթի կամ Հյուսիսային պողոտայի ամենալավ հատվածում բնակարան:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ շնորհավորեց հայ ժողովրդին նման գիրք-ալբոմ մատուցելու կապակցությամբ, որը, ըստ նրա, մեծ հպարտություն է բոլորի համար: Նախարարը կարեւորեց նաեւ մշակութային ամբողջ ժառանգության հավաքագրումն ու որպես գիրք լույսընծայումը:
Ալեք եւ Մարի Մանուկյան թանգարանի երկարամյա տնօրեն Լյուսի Արդաշը , գիրք-ալբոմի շնորհանդեսից հետո «Ազգ»ին ասաց.
«Մեր թանգարանի եւ այս գրքի ստեղծմամբ մենք փորձ ենք արել վերստեղծելու Հայաստանի մի փոքրիկ մասնիկը Սփյուռքի համար: Իմ հայացքով Հայաստանը հնագիտական գանձ է եւ ողջ երկիրն է պատմական թանգարան: Հրատարակելով այս գիրքը մենք հույս ունենք տեղեկացնելու հայերին եւ օտարներին մեր պատմական ժառանգության մասին: Սույն հրատարակությունը բարձրակետն է 9 գիտնականների ու խմբագիրների ուսումնասիրության: Մանուկյան թանգարանը ավարտվել է 1992 թ.-ին եւ պարունակում է մոտ 1500 ցուցանմուշ, որոնց մեծ մասըՙ 100 տարուց ավելի հնությամբ եւ դրանք ծնունդ են առել Արեւմտյան Հայաստանում: Թանգարանի ծնունդն ու զարգացումը պարտական են հանգուցյալ Ալեք Մանուկյանին եւ Փառեն արք. Ավետիքյանին, որ իրականում ցուցանմուշների հավաքումը ձեռնարկել էր թանգարանի գոյություն առնելուց դեռ շատ առաջ»:
Այս հատուկ առիթով Երեւանում էր գտնվում նաեւ հրատարակչության խմբագիր Ալիս Նիկողոսյանը , որ Ուեյն համալսարանի հրատարակչատանն աշխատած տարիներին 1000-ից ավելի գիրք է պատրաստել հրատարակության:
«Ազգի» հետ զրույցում նա ասաց. «Թիմային աշխատանք էր այս գիրք-ալբոմի հրատարակության բազմաթիվ մարտահրավերները հաղթահարելը: Սա Հայաստան իմ երկրորդ այցելությունն է: Այն, ինչ որ Հայաստանում պատահել է վերջին 14 տարիներինՙ անհավատալի է: Երեւանը աշխուժության ու գործունեության կենտրոն է դարձել: Ուրախ եմ, որ վկան եմ այսպիսի փոփոխության»:
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ «Ազգի» հետ զրույցում նշեց, որ մի քանի անգամ եղել է Ալեք եւ Մարի Մանուկյանների թանգարանում եւ ցուցանմուշների մեծ մասը տեսել է. «Ամեն մի հավաքածու սահմանափակ թվով մարդու է հասանելի, իսկ ահա այս գրքի շնորհիվ ցանկացած վայրում հնարավորություն կլինի մշակութասեր հանրությանը ծանոթանալ այդ գանձերին: Գիրքը ունի անսահման հնարավորություններ մշակութային դաստիարակության համար»:
Իսկ Հայաստանի գրողների միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանն էլ նման գրքրեի առկայությունը շատ կարեւոր է համարում. «Նման գանձեր ներկայացնելը` հավաք կերպով, ժողովածուի տեսքով, մշակութային մեծ իրադարձություն է: Նման գրքերը շատ կարեւոր են, քանի որ այն ամբողջ աշխարհում կներկայացնի հայկական մշակույթը: Տեսնելով արտաքին տեսքն ու ներքին բովանդակությունը, հասկացա, որ հրաշալի կերպով է այդ ամենը ներկայացված»:
Արվեստաբան Լեւոն Չուքասզյանը , որ օրվա գլխավոր բանախոսն էր, իր հերթին նշեց. «Շրջանառության մեջ է դրվել մի ամբողջ ժառանգություն, որը Ցեղասպանությունից հետո ցրվել է ամբողջ աշխարհում եւ շատ ջանքեր էր հարկավոր այն նորից հավաքելու համար: Ալեք Մանուկյանի արած գործը բացառիկ է, քանի որ հայերի կողմից ստեղծված շատ մշակութային գանձեր են ցրվել եւ այժմ գտնվում են տարբեր անհատական հավաքածուներում ու միայն Ալեք Մանուկյանն է հավաքել դրանք»:
Գիրք-ալբոմի շնորհանդեսից հետո մշակույթի նախարարության կողմից հայկական մշակութային ժառանգության պահպանման եւ հանրահռչակման համար պատվոգրեր հանձնվեցին Ուեյն պետական համալսարանի հրատարակչության տնօրեն Ալիս Նիկողոսյանին եւ Ալեք եւ Մարի Մանուկյան թանգարանի երկարամյա տնօրեն Լյուսի Արդաշին:
Իսկ ահա հայտնի մտավորական եւ վերոնշյալ գրքի խմբագիր Երվանդ Ազատյանին պարգեւատրեցին Գրիգոր Նարեկացի հուշամեդալով` արտերկրում հայ մշակույթի պահպանման, տարածման եւ հանրահռչակման համար:
Նշենք, որ Ալեք եւ Մարի Մանուկյան Գանձատուն-թանգարանի բացումը տեղի է ունեցել դեռեւս 1992 թ. հոկտեմբերի 11-ին: Գանձատան շենքը հայ նորագույն շրջանի ճարտարապետության լավագույն կառույցներից է, հեղինակն է ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը:
Շնորհանդես-հանդիսությունը, որը վարում էր մշակույթի նախարարության արտասահմանյան կապերի պատասխանատու Սեյրանուհի Գեղամյանը , պարբերաբար ընդմիջվում էր համերգային ելույթներով, իսկ վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն: