Սովորական, նվազ եկամուտներով հայի համար երկիրն անհարմարավետ էր առաջ եւ է՝ հիմա, ու օր-օրի ավելի անհարմարավետ է դառնում: Խորհրդարանում տասնյակ օրինագծեր են քննարկվում եւ ընդունվում՝ ավելացնելով զանազան հարկուտուրքերը, որոնք մեծ բիզնեսի առումով գուցե աննշան բեռ թվան, սակայն նվազ եկամուտ ունեցող մարդկանց ավելի են աղքատացնում: Նոր ընդունելիքներն էլ նույն տրամաբանության մեջ են՝ պետտուրքի օրենքի նոր փոփոխություն է սպասվում, որով կբարձրանա դատարան դիմելու համար նախատեսված տուրքը, այն դարձնելով 5 հազար դրամ նվազագույնը (առաջվա՝ 1,5 հազար նվազագույնի փոխարեն), ընդհանուր առմամբ՝ հայցապահանջի երկու տոկոսը: Այսինքն, եթե դուք, դատարան դիմելով, հայցում եք 1 միլիոն դրամ, դրա 20 հազար դրամը դատարան դիմելու պետտուրքն է լինելու: Արդեն գրել ենք՝ տունդ նվիրատվություն անելիս նոտարին կլորիկ գումար ես թողնելու, հիմա նոտարն է հաստատելու քո նվիրատվությունն ու դրա համար բավական գումար է ստանալու քեզանից: Քաղաքապետարանը բարձրացնում է կենտրոնում մեքենաների կայանելու վճարն այն դեպքում, որ բոլոր կարեւոր հիմնարկները կենտրոնում են, ու անհնար է այդ հիմնարկների հետ գործ չունենալ-մեքենա չկայանել, որքան էլ պատճառաբանությունը կենտրոնը բեռնաթափելն է:
Կամ եկող տարվանից սկսելու է ներդրվել առողջապահական ապահովագրության համակարգը, որի համաձայն չապահովագրված հիվանդը ոչ մի բուժօգնություն էլ չի ստանա, իսկ տարեկան միջինը 500 հարյուր հազարի չափ կենսաթոշակ ստացողից պետությունը, որպես ապահովագրական վճար, նախատեսում մոտ 200 հազար դրամ կլանել նրանից: Այսինքն՝ կենսաթոշակառուի ստացած-ոչինչ չապահովող թոշակի մոտ քառասուն տոկոսը: Սրանք եվրոպական պահանջներ են, որոնք ներդրվում են Հայաստանում, բայց եվրոպաներում, օրինակ, ապահովագրական համակարգի վճարը նվազագույն կենսապահովման թոշակ-աշխատավարձերի 2-6 տոկոսը կարող է կազմել, ու ոչ թե կեսը: Ասել է, թե մեզ մոտ փորձում են եվրոպական դարձնել ամեն ինչ, ինչից փող կքամվի քաղաքացուց՝ հարկուտուրքերը, կենտրոնում կայանելու վճարները, ահռելի գույքահարկերը, բայց քաղաքացու նվազագույն աշխատավարձի կամ կենսաթոշակի նիշերը նույն եվրոպականից երեսուն-քառասուն անգամ ցածր են: Հայաստանում քսանչորս տոկոսից ավելի աղքատության ցուցանիշն է, մեկ շնչին ընկնող եկամուտը 74 հազար դրամ է (դա եւս կենսաթոշակառուի համար անհավանական մեծ թիվ է՝ իրականում նրա միջինը եկամուտը 50 հազար դրամ է), պատկերացրեք՝ եթե դրա կեսը մենակ ապրողը վճարի կոմունալ ծախսերի դիմաց, ինչ աստիճանի աղքատության շեմին կհայտնվի:
Ի՞նչ հետեւություն պետք է անենք՝ որ նվազ ապահովված մարդկանց համար պետությունը ստեղծում է անտանելի պայմաններ, իսկ երկրում ներդրվող եվրոպական չափանիշներն ավելի շատ եկվորների եւ բիզնես-էլիտայի համար երկիրը հարմար ապրելավայր դարձնելու քայլե՞ր են: Մինչդեռ հայ մարդիկ հինգ տարի առաջ հակառակ տրամաբանությամբ էին ոտքի կանգնել:
Երեւի այս բոլորը մոռանալու-չնկատելու համար պետք է վառ պահել քաղաքական թատրոնը, պարբերաբար թարմացնել նրա գործիքակազմը, Արցախի հանձնման եւ բոլոր այլ ուղղություններով միմյանց մեղադրելու տոպրակը բաց պահել, պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի աշխատանքը հնարավորինս ավելի շռնդալից դարձնել, որը վերջինիս դեպքում հատկապես լավ է ստացվում. հանձնաժողով է գալիս Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ու ի՜նչ քաղաքական փոթորիկ՝ արտահոսքերով, այս է ասել-այն է ասել, գալիս է Սամվել Բաբայանը ու՝ քաղաքական ցունամի, լրատվամիջոցները մի քանի օր միայն դրա մասին են գրում, ու մոռանում բոլոր թանկացումներն էլ, Լարսը փակող-բացող, քաղաքական ճնշման ենթատեքստով մեզ տնտեսական կոլապսի հասցնելու մտադրություն ունեցող Ռուսաստանին էլ, հարցը կարգավորելու փոխարեն՝ այլ շուկաներ փնտրելու դիմաց լոգիստիկ ծախսերը պետության միջոցներով փակելու մասին մտմտացող Վահան Քերոբյանին էլ, քաղաքապետարանի դեմ տված թանկացումներն էլ, խաղաղության պայմանագրի համատեքստում բոլորիս գլխի գալիքն էլ: Դեռ Ջալալ Հարությունյանն էլ կհարցաքննվի, ու մի երկու շաբաթ էլ նրա հարցաքննությունը ԶԼՄ-ները կտան-կառնեն, ու կմտնենք Նոր տարի՝ խաղաղության օրակարգի մասին ամենաարտասովոր մտքերի օրորոցայինի տակ, մինչեւ՝ տեսնենք…
Ո՞վ էլ պլանավորում է, մերոնք, թե՞ դրսինները, մեզ մոտ քաղտեխնոլոգիաները բարձր մակարդակով են իրականացվում, ներառյալ վարչապետ Փաշինյանի հինգթեութժամանոց, նկարված տեսահարցերով (ոչ ոք չհամոզվեց, որ դրանք սարքված չեն) ասուլիսը, որի միայն երեք ժամը առողջությունս ներեց նայելու, եւ հուսով եմ՝ Փաշինյանն ինքը հասկացավ, որ դա անօգուտ, իր ձգձգվածության պատճառով մարդկանց չգրավող-բան չտվող, մեսիջները տեղ չհասցնող խոսակցություն էր, որում հնչած հակասական մտքերը Փաշինյանը տարբեր ձեւաչափերով միշտ էլ հայտնում է, ու անկախ նրանից՝ համաձայն ենք դրանց հետ, թե՞ ոչ, այնտեղ գաղտնիք չկար: Այսինքն՝ ինչի համար նախատեսված էր ասուլիսը, հակառակ արդյունք գրանցեց:
ԱԺ քննիչ հանձնաժողով գնացած ու դրանից հետո աղմկահարույց ճեպազրույց տված Սամվել Բաբայանին էլ արդեն պատասխանում են, թե թող իր կապերը բացահայտի (Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյան), Բաբայանն ասել էր, թե Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հիմա էլ ամեն օր Բաքու է զանգում-խոսում: Առաջ միայն իրար մեղադրում էին մեր իշխանությունների հետ համագործակցելու մեջ, հիմա՝ Բաքվի. բա՛, դուրս ենք եկել միջազգային ասպարեզ: Բայց ասեմ՝ սա անմեղ հակադարձություն չի թվում այն ֆոնին, որ փորձագիտական մակարդակով այսպիսի վարկած եղել է ու կա դեռ: Այն է՝ քանի որ Ռուսաստանն ամեն ինչ անելու է Հարավային Կովկասի երեք երկրները-ՍՍՀՄ երեք հանրապետություններն իր ծիրում պահելու համար, Արցախի հետ կատարվածն այս վարկածի կողմնակիցներն այդ համատեքստում են տեսնում: Իբր Հայաստանը ստիպված կլինի Արցախը հետ ստանալու համար համաձայնել նորից միութենական պետության գաղափարին, այդ խոստումներով են ռուսները նաեւ կերակրել Արցախի ղեկավարներին, ու հիմա այս պատկերն ունենք: Արցախի գործոնը՝ Հայաստանի դեպքում, Հարավային Օսիայի եւ Աջարիայի գործոնը՝ Վրաստանի դեպքում, դե իսկ Ադրբեջանի դեպքում՝ այս պետության ազգային փոքրամասնությունների դժգոհությունները, ինչպես նաեւ տնտեսական լծակներն օգտագործելով, ըստ այդ վարկածի, Ռուսաստանն ուզում է Հարավային Կովկասի երեք հանրապետություններին վերադարձնել ի շրջանս յուր…
Սամվել Բաբայանի ասածներում ուրիշ ցավոտ պահեր էլ կային՝ որ նորմալ հրամանատար ունենալու եւ համակարգված գործողությունների դեպքում պատերազմում չէինք պարտվի, որ հիմա դեռ պատրաստ չենք դիմակայելու թշնամուն, քանի որ համապատասխան զինուժ չունենք: Ներքաղաքական առումով հետաքրքրական է, որ Հայաստանի խորհրդարանի քաղաքական պատկերի՝ իրավիճակին անհամապատասխանության եւ նոր խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին լսում ենք հենց Բաբայանից, մի մարդուց, որին շատերը Հայաստանի իշխանությանը մոտ կանգնած անձ են համարում: Ուրեմն, իրոք, իշխանականների վերին շերտերում կա այդպիսի մտադրություն, այնուամենայնիվ, ու ընդդիմադիրների որոշ ներկայացուցիչների հասցեին արված Բաբայանի էպիտետը՝ խելոք, նշանակում է, որ ընդդիմության ինչ-որ շերտի իշխանությունը նախատեսում է ունենալ իրեն հարմար նոր ընդդիմության դերում: Եւ նոր ընտրությունները, որոնք կարող են ընդամենը քաղաքային ավագանու ընտրությունների պատկերն ունենալ՝ հանրությանը զբաղեցնելու նոր արար են լինելու ուղղակի:
Ահա այսպիսի աղմկոտ անտուրաժ է Հայաստանում 2023 թվականի նոյեմբերի վերջին օրերին, նույն օրերին, երբ 1920 թվականին, Խորհրդային Ադրբեջանը Հայաստանի մաս ճանաչեց Լեռնային Արցախը, Նախիջեւանը եւ Զանգեզուրը: Իսկ այժմ ոչ միայն Նախիջեւանն է Ադրբեջանի կազմում-բոլոր պատմական փաստաթղթերի ուժը զրոյացված, այլեւ Արցախը: Մի դար-երեք տարի անց այդ նույն օրերին Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները՝ փոխվարչապետների գլխավորությամբ հանդիում են Տավուշի մարզում ու խոսում են բուն Հայաստանի տարածքները գծել-մծելու հանձնաժողովների հանդիպումները ակտիվացնելուց, այդ վերաբերմամբ ինչ-որ տեքստ են համաձայնեցնում եւ այլն: Երկրի ԱԺ նախագահն ասում է՝ հայերն ու ադրբեջանցիները պետք է իրար կողքի ապրեն, որտե՞ղ՝ չգիտենք, հուսով ենք՝ ոչ Երեւանում: Երկրի վարչապետն իր հինգ, թե ութ ժամանանոց ասուլիսում պատմական անընդունելի անդրադարձներ է անում, ի վերջո հանգում նրան, որ Արցախի հարցը փակված է (Սամվել Բաբայանը, հակառակը, Արցախի հարցը փակված չի համարում), Հայաստանն էլ խաչմերուկային ուղիներով կտրտելու օբյեկտ: Թե, բա՝ ռուսներին զենքի տված փողի հետ ստանալու տարբերակներից մեկն էլ Հայաստանի ռուսական պարտքը մեր վճարածի չափով նվազեցնելն է: Այ քեզ բան, այդ ի՞նչ պարտք է, ո՞վ է վերցրել, որ մեկն էլ միանձնյա որոշի դրա նվազեցնելու ձեւը, նոր «գույք պարտքի դիմա՞ց» է:
Մեր գերիները, այդ թվում՝ Արցախի նախկին բարձրաստիճանները, շարունակում են մնալ Բաքվում, ու մեր իշխանությունն ուսերն անելանելի թափ է տալիս այս հարցում: Շատերի համար անհասկանալի է՝ Ռուսաստանը հեռանո՞ւմ է տարածաշրջանից, թե ոչ, Հայաստանը դեպի ո՞ւր է ձգտում՝ հաշվի առնելով ԵՄ երկրների, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի հետ տարբեր համագործակցության նոր ձեւաչափերը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի հետ նաեւ ռազմական: Պեսկովը ճի՞շտ է ասում, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, թե՞ շոյելով՝ դեղում է մեզ: Բայց եւ՝ ՌԴ արտգործնախարարը ԵԱՀԿ նախարարական համաժողովում հաջողացնում է ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպել՝ ո՞ւր պիտի փախչեք մեզանից համատեքստով: Օդում արեւմտյան հույսեր են՝ Արեւմուտքն ի՞նչ կարող է տալ մեզ, ասենք, դիտորդական առաքելության թիվն ավելացնելուց, տարբեր ականջահաճո թեմաներով օդ կրակելուց բացի, թե բա՝ արցախցի փախստականները պիտի վերադառնան իրենց տներըը, Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել ինքն իրեն. առարկայական ինչ-որ բան կա՞, կամ Արեւմուտքի շահը, ռուսական շահի նման, ե՞րբ է թույլ տալիս հայկական շահի դոմինանտություն:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ