Վերջին երեքուկես տարիների ընթացքում Հայաստանը բանակցություններ էր վարում Եվրոմիության հետՙ նախաստորագրելու Ասոցիացման համաձայնագիրը, բայց սեպտեմբերի 3-ին, նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի մոսկովյան հանդիպման ավարտին, Հայաստանի նախագահը հայտարարեց, որ իր երկիրը որոշել է միանալ Մաքսային միությանը: Հայաստանում անցկացված հարցումների արդյունքում ժողովրդի 72 տոկոսը նախընտրում է միանալ Եվրոմիությանը այն հույսով, որ ներքին բարեփոխումները երկիրն առաջ կտանեին դեպի եվրոպական մակարդակները, տնտեսական զարգացման, ժողովրդավարական գործընթացների եւ օրենքի գերակայության ոլորտներում:
Նախագահի հայտարարությունը զարմացրեց բոլորին, քանի որ խորհրդարանում քննարկումներ չէին եղել: Չէր անցկացվել նաեւ հանրաքվե: Եվրոմիության Ասոցիացման համաձայնագրի (ներառյալ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու) բանակցությունները Հայաստանի հետ ավարտվել էին հուլիսին: Իմանալով Հայաստանի շրջադարձի մասինՙ Եվրոպական հանձնաժողովը տարածեց մի հայտարարությունՙ հիշեցնելով, որ «այդ համաձայնագիրը Հայաստանին թույլ կտար ԵՄ աջակցությամբ առաջ տանել համակողմանի արդիականացման ու բարեփոխումների ծրագիրըՙ հիմնված ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցիացման եւ տնտեսական ինտեգրման վրա»: Չնայած Եվրոմիությունը շատ խիստ չի արտահայտել իր հուսախաբությունը Երեւանի որոշումից, բայց արեւմտյան մամուլը արտահայտել է. «Ուոլ սթրիթ ջոռնըլը», որ սովորաբար չի անդրադառնում Հայաստանում կատարվող իրադարձություններին, սեպտեմբերի 5-ին տպագրել էր մի հոդված. «Հայաստանը (կոկետությամբ) մերժում է Եվրոպային: Առեւտրական կապ է հաստատում Մոսկվայի հետ» խորագրով, որտեղ գրել էր, թե «եվրոպացի դիվանագետները ապշել էին, որ մինչ օրս Եվրոմիության հետ իր կապերն ամրապնդող Հայաստանը այսուհետեւ միանալու է Ռուսաստանի կողմից առաջ քաշված Մաքսային միությանը, այսպիսով Կրեմլին տալով մի հաղթաթուղթ Բրյուսելի դեմ տարածաշրջանային գերիշխանության համար մղած իր պատերազմում»:
Եվրոմիությունը սպասողական դրության մեջ էՙ ակնկալելով բացատրություններ Երեւանից: Բայց մի բան հստակ է, որ երկու համաձայնությունները համատեղելի չեն: Վարչակարգի նման դիրքորոշման որոշ կողմնակիցներ Երեւանում հայտարարեցին, որ դեպի Ռուսաստան Հայաստանի շրջադարձը չի նշանակում Եվրոմիության հետ հարաբերությունների խզում: Բայց Եվրոմիությունը նույն ձեւով չի մեկնաբանում իրադրությունը: Եվրոպացի պաշտոնյաները նշում են, որ մոսկովյան Մաքսային միության մեջ ընդգրկված երկրները չեն կարող ինտեգրվել Եվրոմիությանը:
Տնտեսական առումով Հայաստանը այնքան էլ նշանակալի կշիռ չունի երկու կողմերի համար էլ իր ընդամենը 10 միլիարդի հասնող համախառն ներքին արտադրանքի չափերով: Սակայն հարցն ավելի քաղաքական բնույթ ունի: Արեւմուտքը փորձում է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանումՙ հրապուրելով Ադրբեջանին եւ Վրաստանին, մինչդեռ Ռուսաստանը փորձում է հակակշռել իրավիճակը իր տնտեսական կապերի միջոցով: Հայաստանի շրջադարձը, այսպիսով, քաղաքական հաղթանակ կարելի է համարել նրա համար:
Ցարդ միայն Բելառուսը եւ Ղազախստանն են միացել ռուսաստանյան Մաքսային միությանը: Բելառուսը տնտեսապես կախված է Ռուսաստանից, իսկ Ղազախստանը ժողովրդագրական առումով է հակված դեպի Ռուսաստանը, քանի որ բնակչության 63 տոկոսը ղազախսներ են, 24 տոկոսըՙ ռուսներ: Մոսկվան նրանց միջոցով հեշտությամբ կարող է ազդել երկրի կողմնորոշման վրա: Ուկրաինան միացել է Մաքսային միությանը որպես դիտորդ, այն բանից հետո, երբ Պուտինը որոշ ժամանակ արգելեց ուկրաինական ապրանքների ներմուծումը Ռուսաստան:
Վրաստանը առայժմ երկիմաստ ձեւով է արձագանքում այն փաստին, որ Մոսկվան սկսեց ներմուծել վրացական գինիներ, հետագայում ավելի մեծ ակնկալիքներ փայփայելով: Վարչապետ Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը ուսումնասիրել է համաձայնագրի պայմանները, եւ եթե դրանք համապատասխանեն իր շահերին, կարող է միանալ Մաքսային միությանը: Հայտարարությունը հրապարակային կշտամբանքի էր արժանացել իր ազդեցությունը կորցրած նախագահ Սաակաշվիլու կողմից:
Այսպիսովՙ Հայաստանը հաստատապես Մոսկվայի կողմում է: Եվրոմիության պաշտոնյաները հավատացած են, որ Ռուսաստանը անդիմադրելի ճնշումներ է բանեցրել նախագահ Սարգսյանի նկատմամբ: Դա սկզբից պարզ էր, հատկապես երբ Պուտինի Բաքու այցելությունն ու ռուսական զինամթերքի վաճառքը Ադրբեջանին հաջորդեցին միմյանց: Հզորագույն երկրների հետ բարեկամությունը կարող է շահութաբեր չլինել, բայց դրա բացակայությունը վստահաբար շատ թանկ կարժենա:
Ենթադրվում է, որ Պուտինը օգտագործած լինի Հայաստանի վրա ճնշում բանեցնելու երկու ազդակՙ ղարաբաղյան հակամարտությունը եւ էներգիայի մատակարարումը: Ոչ ոք չի հավատում, որ Ռուսաստանը Հայաստանի կողքին կլինիՙ լուծելու ղարաբաղյան խնդիրը: Բայց նա կարող է այդ խնդիրը օգտագործել որպես միջոցՙ զիջումներ կորզելու (ինչպես Մաքսային միության դեպքում) համար:
Շատ քչերը գիտեն, թե ինչ է ներառում այդ համաձայնությունը, բացի, անշուշտ, նրա քաղաքական նշանակությունից: Մեկնաբաններից մեկը այդ համաձայնության մեջ մտնելը նմանեցրել է մի մարդու, որը պատուհանից դուրս է նետվում դեպի մառախուղՙ անորոշություն:
Ներկա վարչակարգն ու նրա քաղաքական կողմնակիցները պաշտպանում են նախագահի որոշումը, մինչ ուրիշներ խիստ քննադատում են: Ինքըՙ Ռուսաստանը, տնտեսական բարեփոխումների կարիքն ունենալով, ինչպե՞ս է կարողանալու օգնել իր գործընկերներին:
Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը վերջին նախագահական ընտրություններից հետո խուսափում է հանրային մեկնաբանություններից, երկիմաստ քննադատության է ենթարկել Մաքսային միությանը միանալու Ս. Սարգսյանի որոշումը, միաժամանակ զգուշացնելով, որ Հայաստանը իրավունք չունի վշտացնելու Ռուսաստանին: Մյուս կողմիցՙ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանրաքվե անցկացնելու կոչ է արել: ՀՅԴ-ն, իր հերթին, անսովոր մեղմ հայտարարությամբ հանդես գալով, նշել է, որ որոշում կայացնելու ձեւն էր սխալ, ոչ թե նախաձեռնությունը:
Հայաստանում աշխույժ քննարկումներ են տեղի ունենում: Հրատապ հարցերից մեկն այն է, թե Հայաստանը ինչպե՞ս է մտնելու Մաքսային միություն, Ղարաբաղի հե՞տ, թե՞ առանց նրա: Հարցի պատասխանից շատ բան է կախված: Ռազմական պայմանագրում հստակ չի նշված, թե Ռուսաստանը պաշտպանելո՞ւ է Հայաստանին, եթե վերջինս հարձակման ենթարկվի: Բայց հարց է նաեւ, թե արդյոք պաշտպանությունը տարածվո՞ւմ է Ղարաբաղի վրա:
Հարցադրումները շատ են, ինչպես Մաքսային միության մեջ մտնելու, այնպես էլ ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ: Միայն երբ կրքերը հանդարտվեն, Հայաստանի ժողովուրդը պարզելու էՙ կատարված շրջադարձը դեպի լա՞վն էր, թե՞ դեպի վատը:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.