Չեմ կարծում, որ Հակարիի կամրջից ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրային փաստաբանի բողոքարկումն արդյունավետ կլինի։ Այդ բողոքարկումը ձևական պաշտպանության շրջանակներում է։ Այսօր կայացած մամուլի ասուլի ժամանակ նման տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։
Բանախոսի համոզմամբ՝ Ադրբեջանն այսկերպ փորձում է իմիտացիա ստեղծել, որ այնտեղ գոյություն ունեն ներպետական պաշտպանության միջոցներ, և այդ մեխանիզմներն արդյունավետ են։
«Չեմ կարծում, որ բողոքարկման իրական նպատակը դատական սխալների բացառումն է»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։
Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից առևանգված մյուս քաղաքացիական անձին՝ Ռաշիդ Բեգլարյանին, իրավապաշտպանը նկատեց՝ այս պահին Բաքվում պահվող որևէ հայ չի կարող զերծ մնալ ապօրինի դատական գործընթացներից։
«Եթե Ադրբեջանը շինծու դատական գործերով այդ մարդկանց Բաքվում պահելու իրավական հիմքեր չստեղծի, ապա մեծանում են պատերազմական հանցագործությունների առնչությամբ մեղադրանքները։ Դրա համար այս դատական գործընթացների և այդ մարդկանց Բաքվում պահելու միտումի միջև ուղիղ կապ գոյություն ունի։ Իրական պատճառը ՀՀ իշխանությունների վրա ազդեցություն գործելն է։
Ռաշիդ Բեգլարյանի գործում շատ ակնառու հանգամանք կա, որը ցույց է տալիս մեղադրանքների շինծու լինելը։ Ի սկզբանե՝ Ադրբեջանը հայտարարեց, որ վերջինս մեղադրվում է սահմանն ապօրինի հատելու մեջ, այսինքն՝ նրան ձերբակալելու պահին ձեռքի տակ չի գտնվել որևէ փաստական տվյալ, որով Բեգլարյանը կփնտրվեր Խոջալուում «ցեղասպանություն» իրականացնելու համար։
Եթե նա իրական առնչություն ունենար, ապա ենթադրվում է, որ Ադրբեջանն արդեն կունենար հետաքննված գործ, միջազգային հետախուզում և ձերբակալման պահին մեղադրանք կներկայացներ ոչ թե սահմանն ապօրինի հատելու, այլ «ցեղասպանության» մասնակցելու համար։
Այն հանգամանքը, որ դա հետագայում է բացահայտվել, վկայում է, որ նրանք ուսումնասիրել են Ռաշիդ Բեգլարյանի պրոֆիլը և տարիքային, բնակության և այլ գործոնների ուժով նրան համարել են հարմար թեկնածու «ցեղասպանության» վարկածը հիմնավորելու համար՝ նույն հիմունքներով, ինչ տեղի ունեցավ Վագիֆ Խաչատրյանի հետ»,- նշեց Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության»՝ մտացածին լինելու վերաբերյալ առկա է ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումը։
Միջազգային իրավունքի մասնագետը շեշտեց՝ ՀՀ ջանքերն անբավարար
են եղել քաղաքական անհրաժեշտ ճնշում գործադրելու նպատակով, որին ի պատասխան՝ Ադրբեջանը կհամապատասխանեցներ իր վարքը միջազգային ստանդարտներին։
«Հայաստանը չի կարողացել արդյունավետորեն աշխատել այն երկրների հետ, որոնք կարող էին ներգործել Ադրբեջանի վրա։ Միջազգային հանրությունը կոչեր հնչեցնում է, սակայն մեծամասամբ խրախուսում է երկկողմանի ճանապարհով խնդիրների լուծումը, մինչդեռ պետք է սպառնար Ադրբեջանին, որ պատժամիջոցներ կկիրառի պաշտոնյաների և պետության նկատմամբ, կսահմանափակի աառևտրային և ռազմական համագործակցությունը, քանի դեռ Ադրբեջանը չի լուծել հայերի հանդեպ մարդասիրական խնդիրները։
Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանար միջազգայնորեն ձևակերպել այս պահանջը, մինչդեռ ՀՀ իշխանությունները բազմիցս լեգիտիմացրել են Ադրբեջանի հետ իրենց երկխոսությունը։ Այդ պայմաններում միջազգային հանրության մոտ ձևավորվում է սպասում, որ մարդասիրական խնդիրները լուծում կստանան բանակցությունների ճանապարհով, ուստի պետք չէ կողմերից որևէ մեկի վրա ներազդել պատժամիջոցների ճանապարհով»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։
Միջազգային իրավունքի մասնագետն իր խոսքում անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ չի բացառվում՝ ինչ-որ պահի որոշ ադրբեջանցիներ ցանկություն ունենան գալու և բնակություն հաստատելու Հայաստանում։
«Սա արդեն ՀՀ քաղաքականության մաս է, որտեղ ժողովրդագրական փոփոխությունները և ռիսկերը մեր պետականության վրա պետք է պատշաճ գնահատվեն, մի բան, որ կարծում եմ՝ չի արվել։ Երբ խոսքը գնում է ՀՀ սուվերենության ներքո ադրբեջանցիների անվտանգ գոյության մասին, կարծում եմ այստեղ ՀՀ իշխանություններն ազնիվ են։
Սա բերելու է ժողովրդագրական պատկերի փոփոխության, և թվային հավասարակշռությունը չապահովելու պայմաններում մենք կարող ենք մեր հայրենիքում փոքրամասնություն դառնալ։ Այլ խնդիր ևս. եթե ադրբեջանցիներն օգտվեն համահավասար իրավունքներից, ապա ազդեցություն են գործելու նաև քաղաքական դաշտում, ինչպես օրինակ՝ եվրոպաբնակ թուրքերը։
Բայց այստեղ այլ հարց է առաջ գալիս. ադրբեջանցիների գոյությունն ու անվտանգությունը մեր տարածքում ապահովելուց առաջ արդյոք պետք է քննարկման առարկա չդառնա նաև հայերի անվտանգությունն Ադրբեջանում, այն էլ այն հողերում, որոնք համարվում են պատմական հայրենիք»,- ասաց բանախոսը։
Վերջում Սիրանուշ Սահակյանը նշեց, որ իր տեղեկություններով՝ Բաքվում պահվող որոշ գործիչների գործերում միջազգային փաստաբաններ են ներգրավվելու։ Այլ մանրամասներ նա չհայտնեց։