Մեր արտաքին գերատեսչության ինչ-որ հայտարարության մեջ պաշտոնապես ձեւակերպվե՞լ են արդյոք այն մոտեցումները, որոնք բարձրաձայնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի միջանցքում լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում: Կամ պաշտոնական ինչ-որ հայտարարություն կա՞, որ ՀՀ-ն, ի թիվս այլ կառույցների, ԱԺ-ով նույնպես ներկայացված չէր ՀԱՊԿ գագաթնաժողովում: Թե չէ՝ ԱԺ միջանցքում լրագրողների հետ խոսքուզրույցում է դա հայտնի դառնում.«Ես իրենց տեղեկացրել եմ, որ չեմ մասնակցելու: Դեռ արձագանք չկա, համենայնդեպս: Կարծում եմ, չի էլ լինի արձագանք, որովհետև վստահ եմ, իրենց համար էլ հասկանալի է, թե չմասնակցելու պատճառները որոնք են: ՀՀ ինքնիշխան երկրի տարածք են ներխուժել 3-րդ երկրի ուժերը, և ՀԱՊԿ-ը նույնիսկ քաղաքական գնահատական չի տվել: Գնանք այդտեղ ի՞նչ անենք»: Այսինքն՝ սա անձերի՞, թե դիվանագիտական մակարդակով որոշման արդյունք է, որ բոլոր կառույցները չմասնակցեն, եւ ինչո՞ւ դա ասել լրագրողներին, ու ոչ պաշտոնական հայտարարությամբ: Նույնը վերաբերում է այն դեպքերին, երբ բարձր պաշտոնյան գնում է Հ 1-ին հյուր, ասենք՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, եւ ասում բաներ, որոնք նոր իրողություններ կամ փաստեր են պարունակում եւ դեռ ձեւակերպված չեն որպես արտաքին քաղաքականություն: Սա նորմա՞լ է, սա պետակա՞ն մոտեցում է:
Եթե ԱԳՆ-ն հայտարարություն չի արել, մեր մոտեցումը պաշտոնապես չի ձեւակերպվել՝ ի՞նչ գործ ունի ԱԺ նախագահը ԱԺ միջանցքներում Ռուսաստանի ուղղությամբ մի շարք հայտարարություններ անել, որոնք ընկալվում են որպես Հայաստանի արտաքին քաղաքականություն եւ նույն օրվա մեջ արձագանքներ ստանում ՌԴ արտաքին գերատեսչության ներկայացուցչից:
Ինչ է՝ մեր արտաքին, այդ թվում այս կամ այն երկրի դեմ կամ կողմ քաղաքականությունը ԱԺ միջանցքներո՞ւմ է կռվում (կռելը նկատի ունեմ), լրագրողների բղաված հարցերին ի պատասԽա՞ն: Աժ նախագահի պաշտոնը թիվ մեկ քաղաքական պաշտոնն է, այո, նրանից պոկված ամեն խոսք կարող է նշանակություն ունենալ երկրի համար: Հիմա ի՞նչ, ասենք թե տարբեր քաղաքական խմբեր ներկայացնող լրագրողները կարող են (եւ անգամ՝ իրավունք ունեն) սադրիչ հարցեր տալ, դա հո չի՞ նշանակում, որ ԱԺ նախագահը հասարակ մահկանացուի պես պետք է տրվի սադրանքին եւ ոչ պաշտոնապես (ԱԺ միջանցքը երբվանի՞ց է համարվում պաշտոնական հայտարարությունների վայր) ասի բաներ, որոնց Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչը պաշտոնապես պատասխանի: Տղերք, ախր շատ լուրջ պաշտոն ունեք, եւ այդ պաշտոնի մանդատը ենթադրում է ամեն խոսքի չափ ու ձեւ, այն էլ այս վտանգավոր ժամանակներում: Մինչդեռ ձեր օրակարգը, ձեր խոսույթը թելադրում են լրագրողնե՛րը: Ամենայն հարգանքով ու մտահոգությամբ:
Այո, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն իրենց վատ են պահել, դաշնակցի պես չեն պահել, բայց եկեք համաձայնենք այս դեպքում ընդդիմադիրներից Արմեն Ռուստամյանի հետ՝ չի կարելի չմտածված հայտարարություններով ոչ դաշնակցից թշնամի կերտել: Եթե բան կա ասելու, ասուլիս տվեք, հանգիստ պայմաններում պատասխանեք լրագրողների հանգիստ ձեւակերպված հարցերին, ասուլիսային սրահներից մեկում, թե չէ այդպես ոնց որ փողոցում պատահաբար հանդիպած ծանոթների հետ հընթացս լուրջ հարցերից խոսեք: Եթե անգամ միջանցքային ինտերվյուները ուրիշներից հետ չմնալու քաղաքական մրցակցություն են, միեւնույն է, Աժ նախագահն ամենից շատ հնարավորությունն ունի ուզած պահին ասուլիս նշանակելու՝ էլ տեխնիկապես հագեցած, ասուլիսի համար շատ հարմար սրահներ, էլ ոսկեզօծ դահլիճ: Մշտական օր նշանակեք քառօրյայից հետո, բոլոր լրատվամիջոցները կգան, կարգին- քաղաքակիրթ բոլոր հարցերին կպատասխանեք՝ արտաքին քաղաքականության հարցերում գոնե մտածված մնալով դիվանագիտության սահմանների մեջ, ոչ թե մի քանի հեռուստաընկերության տակից կտեղեկացնեք, թե ԱԺ նախագահը կարող է միջանցքում խոսի, դա ձեւ չի: Զախարովայից սովորելու բան կա՝ ամեն շաբաթ ժամ ու տեղ ունի բոլոր հարցերին անդրադառնալու:
Դե իսկ լրագրողներին ԱԺ միջանցքներում պահելու վատ սովորույթը հենց սկզբից դրվեց՝ նրանց արգելելով ուզած ժամին ուզած պատգամավորներին հանդիպել-զրուցելու իրավունքը: Դրա տակ ենթատեքստ կա. լրագրողները հաճախ չգիտեն էլ՝ ի՞նչ է քննարկվում դահլիճում, նրանք խռնվում են միջանցքում՝ պատգամավոր որսալու, իսկ ներսում այն արագությամբ են հարցեր քննարկվում, որ շատերը տեղյակ չեն, թե ինչ որոգայթներ ունեն հաճախ եվրոպական կառույցներից մեր ոչ եւրոպական կյանքին ու աշխատավարձերին պարտադրվող օրենսդրությունը:
Օրինակ՝ այս շաբաթ պարզվեց, որ հերթական հարվածն է լինելու բոլորիս գրպանին. եթե ձեր տունը դուք ուզում եք նվիրատվությամբ փոխանցել ձեր որեւէ ազգականին, ապա դա միայն պետք է անեք նոտարական հաստատմամբ, մի բավական կլորիկ գումար նվեր տալով նոտարին: Վերջին շրջանում բավական թվով նոր օրենքներ են այդպես ընդունվել՝ նոր հարկուտուրքերով խեղդելով ճկույթաչափ աշխատավարձ ստացողներիս, վերջինը ձկնաբույծների գործունեությունը դժվարացնող ջրային օրենսդրության նոր փոփոխությունն էր, որի դեմ բողոքի ալիք է բարձրացել: Տպավորություն է, որ բոլոր օրենքները մեծ բիզնեսի շահերի պատուհանից են ընդունվում, այլ ոչ թե բնակչության վատ ապահովված մեծամասնության: Նախ բոլորիս աշխատավարձներն ու թոշակները եվրոպական չափանիշներին համապատասխան դարձրեք, հետո ՝ օրենսդրությունը: Այնպես որ՝ տարբեր թեժ թեմաները այդպես էլ չեն թողնում նկատել հարկուտուրքերի սեղմվող օղակը սովորական մահկանացուի շուրջ: Մինչդեռ օրենքների նախագծերը ներկայացնելու արտաքին հագուստը իբր մարդուն է ուղղված:
Արտահերթ-մարտահերթ
Մի քանի նկատառում կուլիսներում պտտվող այն խոսակցության մասին, որ եկող տարի արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են լինել:
ա/ Դա կարող է պարզապես ինչ-որ քաղաքական շրջանակի արտահոսքը լինել՝ չի բացառվում՝ իշխանության, որով փորձ է արվում հասկանալ արձագանքի եւ հնարավոր արձագանքողների լրջությունը:
բ/ Տարածաջանային լարված այս իրավիճակում եւ իբր սպասվող խաղաղության պայմանագրի համատեքստում՝ սա կարող է հարցերից շեղելու տեխնոլոգիա լինել, նոր կատաստրոֆիկ իրավիճակների դեմ հանդիման: Ուղղակի այդ տեխնոլոգիան կիրառողը կա՛մ պիտի տեղեկացված լինի սպասվող կատաստրոֆաներից, կա՛մ դասական տգետ լինի՝ իրականությունից կտրված:
գ/ Ամենավերջին տեղում ենք դնում հնարավոր լուրջ մտադրության հավանականությունը, քանի որ հինգ տարվա մեջ ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ կառավարությունում առկա պատահական, օրենսդրական եւ գործադիր աշխատանքին անպատրաստ, անգամ երբեմն էպատաժային դեմքերը պարզապես հոգնեցրել են բոլորիս, ԱԺ միջանցքների լրագրողները երբեմն ավելի կշիռ ունեցող անհատներ են, քան ԱԺ նիստից դուրս եկող-հետաքրքրական հագուստներով տարբերակվող ու դեմքներից չհիշվող, իրենց աշխատասենյակները շտապող ինչ-որ աղջիկներ: Ոչինչ չարտահայտող նրանց աչքերն ասում են, որ քաղաքականության հետ նրանք ոչ մի կապ չունեն, քաղաքականությունն այլ սենյակներում, այլ մարդիկ են մշակում: Ու այս պարագայում, երբ ամեն ինչ աչքն ի տես է, միգուցե իրավիճակը վերբեռնելու խնդիր նոր արտահերթ ընտրությունները, իրոք, լուծեն՝ սրբել-տանելով եւ ներկա անդեմ իշխանական «էլիտայի» մեծ մասին եւ ներկա ընդդիմությանը: Հավանաբար վերեւներում էլ դա հասկանում են: Մի բացասական շեշտադրումով՝ Հայաստանում նոր ընդդիմություն այդպես էլ չի ձեւավորվել (մեծ հաշվով), իսկ եթե իշխանությունը որոշել է մեյդան բերելու նոր անդդեմների, այդ թվում՝ ընդդիմություն անվան տակ, այդ դեպքում ի՞նչ տարբերություն՝ հին անդեմներն են մեզ կառավարելու, թե՞ նոր անդեմները:
Թատրոնը տեղափոխվել է քաղաքապետարան
Ազգային ժողովի լեզվակռիվները դեռ կան, բայց մի տեսակ ավելի քաղաքակիրթ են դարձել, ու այս առումով ժողովրդին զբաղեցնելու տեսարանները քչություն են անում (դե ամեն ինչ թանկ է, հացը՝ նույնպես, իսկ «Հաց եւ տեսարանները», բոլոր ժամանակներում են պետք), այնպես որ թատրոնը տեղափոխվել է քաղաքապետարան, հատկապես որ քաղաքային ավագանու մեջ էքսցենտրիկ կանանց պակաս չկա: Էլ կոյուղաջրերի թագուհի, էլ իրար վրա ալա Ժիրինովսկի ջուրցանում (լավ է՝ կոյուղաջուր չէր), էլ մազքաշքշոց: Առաջիկայում սպասեք նոր կոլապսներ քաղաքային ավագանու նիստերում, շրջիկ կրկեսը կանգ է առել այստեղ: Թե ո՞ւմ է պետք մի խորհրդարանի չափ ստվար ավագանին, կամ մինի խորհրդարանը, մնում է անհասկանալի՝ էդքան բերանի մի բան պետք է հասցնել, չէ՞, հողատարածքներից, ավտոտնակներից, աճուրդներից, յուղոտ ծրագրերը նրանց ազգուտակին գցելուց: Մեր հաշվին էդքան հավայի խոսող ո՞ւմ է պետք: Առհասարակ՝ ավագանին քաղաքական մարմի նմանությամբ ձեւավորելը ամենավնասակար բանն է՝ ընդդիմությանն ու իշխանությանը միաժամանակ ենք ասում: Խորհրդարան կա, ի՞նչ կարիք կա քաղաքային հարցերը լուծելու կոչված ավագանին վերածել քաղաքական բազարի:
Վերջում՝ ամենակարեւորի մասին
ՀԱՊԿ գագաթնաժողովում ընդունված որոշումները Երեւանին կփոխանցի ինքը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ Երեւան ժամանելով: Մուհամեդը որ լեռան մոտ չի գնում, լեռն է գնում Մուհամեդի մոտ, սա ՀԱՊԿ-ի մասով, ՀԱՊԿ-ը, իմա՝ Ռուսաստանը ոչ հեռանում է տարածաշրջանից, ոչ էլ Հայաստանի օձիքն է բաց թողնում, ու մենք ավելի լրջորեն պետք է մեր քաղաքականությունը կառուցենք՝ ամենանվազ կորուստներով դուրս գալու ուզած որոշումը կայացնելիս: Երբ ասում են, թե Հայաստանը վեկտոր է փոխում (իբր, որովհետեւ մենք այդպիսի նշաններ չենք տեսնում), երբ Արեւմուտքն ավելի ակտիվ է դարձել Հայաստանին առեւերեւույթ աջակցելու խնդրում, պետք է հիշենք, որ հայ արտադրողները առավելաբար ՀԱՊԿ երկրների, եւ առաջին հերթին ռուսական շուկայի հետ են աշխատում, ավելին՝ նրանց արտադրանքը արեւմտյան չափանիշներին չի էլ համապատասխանում մեծ մասամբ, ու առաջին հերթին հայ արտադրողը դեմ կլինի կտրուկ քայլերի: Սա որպես հիշեցում՝ խնդրին զուտ անվտանգային տեսանկյունից նայողների համար, որովհետեւ թիվ մեկ անվտանգային գործոնը միշտ էլ մնում է տնտեսականը:
Իսկ այս պահին ամենակտուալ թնջուկը շարունակում է մնալ Ադրբեջանի հետ հարաբերություններում, որտեղ հարցերը դեռ հստակ պատասխաններ չունեն:Արցախի հետ կապված վերջին ադրբեջանական հայտարարությունն այն է, որ, իբր, ացախցիների ունեցվածքը կողպված եւ անձեռնմխելի է մնացել, այդ հայտարարությունը Հաագայի միջագային դատարանի որոշման արձագանքն է, որտեղ կետ կա արցախցիների վերադարձի դեպքում անվտանգությունն ապահովելու մասին: Իհարկե՝ հավատալ ադրբեջանական որեւէ բարձրաձայնման հնարավոր չէ՝ հենց այս պահին պղծվում է Շուշիի գերեզմանոցը՝ բուլդոզերը ճանապարհ կառուցելու տեղանք է բացում հատկապես հայկական գերեզմանոցը հարթելով:
Դե իսկ ցուցափեղկ-հայտարարությունների պակաս էլ չկա՝ դրանց մասին կարելի է խոսել միայն մեր հակադարձ հարցերը կցելով.
Երբ Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար այլեւս ոչ մի խոչընդոտ չկա, այդ դեպքում ինչո՞ւ է հրատապ զորահավաքի հրամանագիր ստորագրում, դա ի՞նչ է նշանակում՝ խաղաղություն, թե՞ պատերազմ:
Երբ Բաքուն Հայաստանին առաջարկում է հանդիպել սահմանին, իսկ Հայաստանն ի պատասխան սահմանազատման հանձնաժողովների հանդիպում է դեմ տալիս ՊԵՏԱԿԱՆ սահմանին (տեղի կունենա նոյեմբերի 30-ին, ադրբեջանական կողմն ընդունել է առաջարկը), հարց՝ արդյոք կողմերը նույն սահմանները նկատի ունե՞ն, եւ յուրաքանչյուրը՝ ո՞ր քարտեզով, ու եթե պետական սահման ունենք՝ էլ ի՞նչ սահամանազատում: Եւ արդյոք սա արեւմտյան եւ ռուսական հարթակներից բանակցությունները երկկողմ հարթակ տեղափոխելու երկկողմանի քա՞յլ է, թե մենք տրվում ենք արեւմտյան հարթակներից հրաժարված Ադրբեջանի քմահաճույքին: Ո՞րն է լինելու ինտրիգը՝ ընդամենը մի քանի օրից պարզ կլինի:
Երբ Հայաստանն ասում է՝ խաղաղության պայմանագրի վեցերորդ կետն է փոխանցել Ադրբեջանին, ո՞րն է դա, դրա մեջ ի՞նչն է մտնում: Հարցեր շատ կան, ու Նիկոլ Փաշինյանը բոլոր կարեւոր իրադարձություններից առաջ ինչ-որ ձեւաչափով մեծ ասուլիս որ տալիս է՝ սովորաբար ինչ-որ բացահայտումներ անում է, լավ, թե վատ՝ այլ հարց է: Այս անգամ՝ տեսահարցերով ցանցային ասուլիս է նախատեսված: Սպասենք՝ հավանաբար նաեւ նոյեմբերի 30-ին ինչ-որ կարեւոր բան կպարզվի:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ