«Մարդիկ. որոնք կորցրել են իրենց երկիրը, բայց շարունակում են պահպանել վերադառնալու երազանքը»
Շարունակվում են Միացյալ Նահանգների եւ Կանադայի Թեքեյան Մշակութային Միության վարչության՝ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առողջական խնդիրներով երեխաներ ունեցող արցախահայ բազմանդամ ընտանիքներին անհատական օգնության ծրագրերը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք նախորդիվ, այս փուլում Միացյալ Նահանգների եւ Կանադայի Թեքեյան Մշակութային Միությունը որոշեց օգնել արցախահայ սոցիալապես անապահով եւ բուժման կարիք ունեցող երեխաների ընտանիքներին:
Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Նորան պատմեց, որ տղան՝ Էդվինը, 44-օրյա պատերազմի սկսվելու օրը 3 օրական էր: Ապաստարանում էին, եւ երեխան արկի պայթյունի ձայնից ստացել է ականջների խեցիների բորբոքում` գլխում ջուր է հավաքվում, այտուցվում է: Էդվինը 1.5 տարեկան հասակում վիրահատվել է Ստեփանակերտում, իսկ շրջափակման ամիսներին ընդհատվել է դեղերի ընդունումը: Այժմ տղան 3 տարեկան է եւ բուժումը շարունակելու է Երեւանում:
Լյուբայի ամուսինը՝ Արմոն, զոհվել է սեպտեմբերյան դեպքերի օրերին դիրքերում: Ընտանիքում մեծանում է 4 տղա՝ 7- 26 տարեկան: 7 տարեկան Արտյոմի մոտ ախտորոշվել է սարկոմա, բուժվում է Երեւանի Յոլյանի անվան արյունաբանական հիվանդանոցում: Արցախում ապրել են Մարտունու շրջանի Գիշի գյուղում: Այժմ՝ Արարատի մարզի Այնթափ գյուղում. «Արցախում թողել ենք ամն ինչ՝ հարազատների շիրիմներից մինչեւ երջանիկ անհոգ ժամանակները: Արցախում թողեցի այն, ինչը չեմ գտնի ոչ մի տեղ. հայրենիքս եմ թողել, բայց Արցախ վերադառնալու երազանքը մեր մեջ մնացել է»:
Վիկտորիան ամուսնու՝ Սեւակի հետ մինչեւ սեպտեմբերի 19-ը ապրում էր Արցախի Մարտունի քաղաքում: Նրանց ընտանիքում մեծանում էին 4 անչափահաս երեխա՝ 6-15 տարեկան: Սեպտեմբերի 19-ին Սեւակը զոհվել է քաղաքի դիրքերը պաշտպանելիս: Այժմ երեխաների հետ ապրում են Էջմիածին քաղաքում: Տղաները դժվարությամբ են հաղթահարում Արցախի տան, բակի, ընկերների կարոտը, ունեն նոր տեղանքում հարմարվելու հոգեբանական խնդիրներ.«Իրենց որբացած են զգում առանց Արցախի: Արցախն էլ որբ մնաց առանց ժողովրդի»,-նշում է Վիկտորիան:
Կարինեի 7 հոգանոց ընտանիքը, որից 5-ը անչափահաս երեխաներ են, ապրել են Ստեփանակերտում: Այժմ բնակություն են հաստատել Լոռու մարզում: «Առավոտյան անսպասելի կրակոցներ լսվեցին, մտածեցինք վարժանքներ են, հետո կրակոցների ձայնը ավելի պարզ ու մոտ էր լսվում, մարդիկ փողոցում վազվզում էին: Որոշեցինք դուրս գալ՝ թողնելով տուն, մեքենա, ամեն ինչ. միայն հասցրել ենք երեխաներին հանել»-վերապրելով տեղի ունեցածը՝ պատմում է Կարինեն: Որդին՝ 14 տարեկան Արմենը, երիկամի քաղցկեղ ունի: Բլոկադայի ժամանակ չի կարողացել անհրաժեշտ դեղորայք ընդունել, այժմ մանկական կլինիկայում հաշվառված է եւ բուժման կուրս է ընդունում:
Հարությունյան Ռուզաննայի 11 հոգանոց ընտանիքին փախչելու համար վառելիքի կարիք կար. ընդամենը 7 լիտր բենզին էր անհրաժեշտ ընտանիքը Գորիս հասցնելու համար: Ամուսինը՝ Դավիթը, հերթագրվել էր պահեստից վառելիք ստանալու համար: Պայթյունի ժամանակ Դավիթը կանգնած է եղել մոտակայքում եւ ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ: Նա մինչեւ օրս հետվիրահատական թերապիա է անցնում այրվածքաբանության հիվանդանոցում, իսկ 5 տարեկան դուստրը՝ Ադրիանան, ունի արյան խրոնիկ հիվանդություն եւ բուժում է ստանում հիվանդանոցում:
Սեւումյան Բաղդասարի եւ Իրինայի վեցհոգանոց ընտանիքում 3-16 տարեկան 4 անչափահաս երեխա կա: Նրանք անհոգ ապրել են Մարտունու շրջանի Շեխեր գյուղում: Կրտսեր տղայի՝ Բաղդասարի մոտ 3 տարեկանում հայտնաբերվել է կիստա, վիրահատվել է մեկ անգամ, սակայն բժիշկների կողմից կրկին վիրահատվելու ցուցում կա: Այժմ ապրում են Եղեգնաձորում:
Բաղդասարյան Արթուրի եւ Ժաննայի 10 հոգանոց ընտանիքը ապրել է Մարտակերտի շրջանի Ճան գյուղում՝ 16 տարեկան Մարիամի, 14 տարեկան Դավիթի, 12 տարեկան Ալեքսեյի, 10 տարեկան Ռայայի, 7 տարեկան Մարինայի, 6 տարեկան Հենրիի, 3 տարեկան Ռուդիկի եւ 2 տարեկան Մոնթեի մոտ առողջական խնդիրներ կան: Այժմ ընտանիքը ապրում է Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում. «Եթե Արցախում չենք, միեւնույն է, թե որտեղ կլինենք. Արցախը դրախտավայր էր», ասում է Արթուրը:
Արցախցի յուրաքանչյուր ընտանիք բազմանդամ է. Արցախում մշտապես խրախուսվել է շատ երեխաներ ունենալը: Դա Արցախի կառավարության կողմից հատուկ նպատակ էր՝ պահպանելու ղարաբաղի գենը, լեզուն ու բարբառը: Արցախցու համար բարբառով շփվելը եղել է, կա ու կլինի կարեւոր ու պարտադիր:
Արցախի ժողովրդի եւ հատկապես երեխաների հիշողություններում հավերժ կմնան իրենց նկատմամբ Ադրբեջանի թույլ տված վայրագությունները, որ մեկ բառով ցեղասպանություն է կոչվում:
Միավորելով ջանքերը՝ արցախահայերի օգնության ծրագրերը շարունակվում են:
Ծրագրին միանալու համար կարող եք ԱՄՆ -ում նվիրատվությունները ուղարկել հետեւյալ հասցեով. Tekeyan CulturalASssociation Artsakh Aid, 755 Mount Auburn Street, Watwrown MA 02472, https://givebutter.com/ AGuStb, իսկ Կանադայում՝ Tekeyan CulturalASssociation Artsakh Aid, 825 Manougian Str., Ville Saint-Laurent, Quebec H4N 1Z5, Canada հասցեով, https:// www.con vergepay. Com/hoted- payments/?ssl-tsn-auth-token=khtGf%2FjkTgWma7CEev3bQaaayrSp5tT#!/payment-method
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Երեւան, 21 նոյեմբերի 2023թ.