Վ. Ա.
Ոչ հեռու անցյալում Ադրբեջանի բարեկամի համբավ վաստակած` ռուսաստանյան հայտնի լրագրող, երբեմն նաեւ «եվրասիականության գաղափարի» շրջանակներում քաղաքագիտական վերլուծություններ ու քաղաքական բնութագրումներ անող Մաքսիմ Շեւչենկոն Ռուսաստանի քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների խորհրդում «անսպասելի» հարց է ուղղել ՌԴ նախագահ Պուտինին` կապված վերջինիս այցի նախօրյակին Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցի «լեզգի անջատողականների» ճակատագրի հետ:
Ինչպես ավելի վաղ «լրագրողական հետաքննությամբ պարզել էր» լրագրող Ֆաթուլլաեւը, Պուտինի Բաքու այցելությունից օրեր առաջ «Ադրբեջանի մայրաքաղաքում հայտնվել էին ՌԴ ազգությամբ լեզգի մի շարք քաղաքացիներ, որոնք հայտնի են անջատողական ձգտումներով»: Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից, սակայն, նրանք ձերբակալվել են «թմրանյութ պահելու» կասկածանքով:
Ֆաթուլլաեւի «լրագրողական հետաքննությամբ» ակնարկ էր արվել, որ Ալիեւ-Պուտին տետ-ա-տետ հանդիպմանը քննարկվել է նաեւ այդ խնդիրը եւ «նախագահ Ալիեւին հաջողվել է հիմնավորել ձեռնարկված միջոցառումները»: Կարելի էր տպավորություն ստանալ, թե Պուտինը «սրտանց ողջունել էր» ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից իր երկրի քաղաքացիներին «թմրանյութ պահելու» կասկածանքով ձերբակալելու իրողությունը:
Քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների խորհրդում Մաքսիմ Շեւչենկոյի բարձրացրած հարցը, մինչդեռ, հակառակն է վկայում: Մանավանդ, ինչպես վստահելի աղբյուրներն են նշում, Ռուսաստանի նախագահը «հանձնարարել է պարզել Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման հետ կապված հանգամանքները»:
Պուտինի արձագանքն ազդակ է ծառայել, որ խնդրով մտահոգություն հայտնեն նաեւ ռուսաստանցի օրենսդիրները: Մասնավորապես, Պետական դումայի պատգամավոր Մաքսիմ Ռոխմիստրովը, մեկնաբանելով իրավիճակը, նշել է, որ «Պետդուման միշտ սուր է արձագանքում այն փաստերին, երբ արտերկրում Ռուսաստանի քաղաքացիներին այս կամ այն պատճառով ձերբակալում են` չներկայացնելով բավարար հիմնավորումներ»: Ռոխմիստրովը նաեւ ավելացրել է, որ «կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ գործողությունները, որպեսզի մեր քաղաքացիներին այցելեն հյուպատոսական աշխատակիցներ, բժիշկներ եւ փաստաբաններ»:
Ինչպես տեսնում ենք, ռուսաստանյան կողմը ոչ միայն «ըմբռնումով չի մոտեցել» Ադրբեջանում իր քաղաքացիների ձերբակալությանը, այլեւ, փաստորեն, համարում է, որ դրա համար «բավարար հիմքեր չեն ներկայացվել» եւ պատրստվում է «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները», որպեսզի իրավական պաշտպանության տակ առնի նրանց:
Խնդիր է դրված, կարծես, հասնելու այդ անձանց հարցը տեղափոխել միջպետական հետագա հարաբերությունների հարթություն: Ադրբեջանական կողմն, ըստ էության, Ռուսաստանին անուղղակի մեղադրում է «անջատողական ձգտումներին սատարելու» մեջ: Այսինքն, ձերբակալված ռուսաստանցիները դիտվում են իբրեւ «գործակալներ, որոնք Ադրբեջանի լեզգիաբնակ շրջաններում անջատողականություն քարոզելու կամ հրահրելու նպատակ ունեն»:
Սա բավական լուրջ մեղադրանք է, որին Ռուսաստանը պարտավոր է լրջորեն հակազդել եւ հակառակն ապացուցել: Նախկինում այս բնույթի հարցերը, սակայն, քննարկվում էին ավելի ցածր մակարդակներում: Ներկայումս Ռուսաստանի նախագահը հարցը վերցրել է անձնական հսկողության տակ: Իսկ դա վկայում է, որ Ալիեւ-Պուտին հանդիպումը բոլորովին էլ չի ցրել անվստահության մթնոլորտը: Ըստ երեւույթին, Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում «մեղրամիսն» ավարտվում է: Գալիս է բարդությունների եւ լարվածությունների ժամանակը: