ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Կյանքից հեռացավ Հայաստանի գրողների միության նախագահ, անվանի մտավորական եւ հասարակական գործիչ, հրապարակախոս, թարգմանիչ, բանաստեղծ Լեւոն Զաքարի Անանյանը:
Լեւոն Անանյանը ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 13-ին, Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում: Բարձրագույն կրթություն ստացել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971 թվականին` «Մանկավարժ» թերթից:
Լեւոն Անանյանի անունը սերտորեն կապվում է լայն համարում ունեցող «Գարուն» ամսագրի հետ, որտեղ նա աշխատանքի է անցել 1975 թվականին, իսկ 1990 թվականից` գլխավորել այդ հանդեսը: «Գարունի» էջերում նա հանդես է եկել բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներով, ակնարկներով, էսսեներով, որոնք գրավել են հասարակական լայն ուշադրություն: Որպես հրապարակախոս նա արժանացել է «Ոսկե գրիչ» մրցանակի (1983 թ.):
Իր խմբագրման տարիների «Գարունը», չնայած դժվարին ժամանակներին, շարունակեց մնալ գրական կյանքի բաբախուն զարկերակ եւ նոր սերնդի դարբնոց: Լեւոն Անանյանի նախաձեռնությամբ 1992 թվականին հիմնադրվեց այդ ամսագրին կից «Ապոլոն» հրատարակչությունը, որը բնագրից կատարված թարգմանություններով մեր ընթերցողին ներկայացրեց համաշխարհային գրականության բարձրակարգ նմուշներ:
2001 թվականից Լեւոն Անանյանը ղեկավարում էր Հայաստանի գրողների միությունը: Նրա բեղմնավոր գործունեության արդյունքում հայաստանյան գրական կյանքը նոր վերելք ապրեց: Հայրենիք-Սփյուռք գրական առնչությունների ընդլայնմանն ու խորացմանը նպատակամղված հետեւողական քաղաքականությունը, ժամանակակից հայ գրականությունը միջազգային ասպարեզ հանելուն եւ մեր երկիրն այլ ժողովուրդների գրականության հանդիպատեղի դարձնելուն միտված ջանքերը տվեցին շոշափելի պտուղներ: Նրա ղեկավարության օրոք Հայաստանի գրողների միությունը հատկապես մեծ դեր խաղաց երիտասարդ գրողների կայացման գործում: Աշխուժացավ հրատարակչական գործունեությունը` ՀԳՄ հրատարակչություն եւ տպարան հիմնելու շնորհիվ: Իր անդուլ եռանդով ծառայելով գրական ընտանիքի հոգսերին ու խնդիրներին` Լեւոն Անանյանը զգալիորեն նպաստեց մեր ընդհանուր մշակութային կյանքի աշխուժացմանը:
Կազմակերպչական եւ հասարակական բազմածավալ աշխատանքներին զուգահեռ` նա շարունակում էր ստեղծագործող մարդու իր գործունեությունը, տպագրելով հոդվածներ, կազմելով «Գարուն» ամսագրի մատենագիտությունը, խմբագրելով գրքեր, հրատարակելով «Արմատ եւ սաղարթ», «Տագնապներ», «Դիմակայություն», «Ժամանակ եւ ոգի» էսսեների եւ հոդվածների ժողովածուները, «Հուշանվեր» եւ «Հավերժ պահմտոցի» բանաստեղծական հատորյակները: Նրա գրչին է պատկանում նաեւ «Թատրոնը բեմում եւ էկրանին» աշխատությունը:
Լեւոն Անանյանի գործունեությունը գնահատվել է պետականորեն. նրան շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում, արժանացել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի:
Հայրենասեր մտավորականի, գրական անխոնջ մշակի, Հայաստանում, Արցախում եւ արտերկրում լայն ճանաչում ձեռք բերած գործչի` Լեւոն Անանյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր գրական-մշակութային հանրության եւ ընթերցողների սրտերում:
***
Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:
Լեւոն Անանյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ինՙ ժամը 18.00-իցՙ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունըՙ սեպտեմբերի 5-ինՙ ժամը 14.00-ինՙ Հայաստանի գրողների միության շենքից:
***
Լեւոն Անանյանի մահվան կապակցությամբ «Ազգի» խմբագրությունը խորազգաց ցավակցություններ է հայտնում որդունՙ Արամ Անանյանին, մյուս հարազատներին, Գրողների միությանը եւ բոլոր ընկերներին:
Ցավակցություն
Խոր վշտով տեղեկացանք Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի մահվան մասին: Լեւոն Անանյանն իր ուրույն ներդրումն է ունեցել Հայաստանի գրական կյանքի եւ հայ-լեհական գրական կապերի ամրապնդման գործում: Մեր ցավակցություններն ենք ուղղում պարոն Անանյանի ընտանիքի անդամներին, ընկերներին, ինչպես նաեւ Հայաստանի ողջ գրական-մշակութային հանրությանը:
Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկի