Azg.am-ի զրուցակիցն է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
-Տիկի՛ն Հայրապետյան, Բաքվի զինվորական դատարանը նախօրեին 15 տարվա ազատազրկման դատապարտեց այս տարվա հուլիսին Հակարիի կամրջից առևանգված Վագիֆ Խաչատրյանին։ Խնդրում եմ գնահատել ադրբեջանական կողմի այս քայլը։
-Այս շինծու դատական գործընթացը Ադրբեջանի հայատյաց ու ագրեսիվ քաղաքականության դրսևորման հերթական օրինակն է։ Ադրբեջանը նպատակ է դրել այս գործընթացներով խեղաթյուրել Արցախի պայքարի ամբողջ գաղափարական հիմքը։ Նրանք նպատակ են դրել հայերին պատկերել որպես «ահաբեկիչ» և «ցեղասպան»։
-Կարելի՞ է ասել, որ Վագիֆ Խաչատրյանի դեպքում 15 տարվա ազատազրկումը հավասարազոր է ցմահ դատապարտման, քանի որ սրտի խնդրով 68-ամյա անձը դժվար թե կարողանա 15 տարի բանտում անցկացնել և ողջ-առողջ այնտեղից դուրս գալ։
-Ես ուզում եմ հիշեցնել, որ Վագիֆ Խաչատրյանին առևանգել են Կարմիր Խաչի ձեռքից, երբ նրան փորձում էին օգնել տեղափոխվել Երևան՝ բուժման նպատակով։ Նա ունի առողջական լուրջ խնդիրներ։ Ավելին, նա չի ընդունել իրեն առաջադրվող մեղադրանքը։ Ամբողջ դատական գործընթացը շինծու է, բեմականացված։ Ակնհայտ է, որ 15 տարվա ազատազրկումը հավասարազոր է ցման ազատազրկման։ Եթե միջազգային պատշաճ ճնշում չլինի, ապա հնարավոր չի լինի Վագիֆ Խաչատրյանի ազատ արձակումը։
-Տիկի՛ն Հայրապետյան, պաշտոնական Երևանն այս ապօրինի վճռի առնչությամբ լռություն է պահպանում, ինչպես որ լռություն է պահպանում Բաքվի բանտերում առ այսօր պահվող հայ գերիների թեմայով։ Ո՞րն է նման կեցվածքի պատճառը։
-ԱԳՆ-ն ու ՄԻՊ-ը արձագանքել են Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը, բայց բնական է՝ դա բավարար չէ։
ՀՀ իշխանությունը վաղուց է հրաժարվել պաշտպանել ՀՀ քաղաքացիներին, ՀՀ տարածքային ամբողջականությունը, հրաժարվել է ինքնիշխանությունը պաշտպանելու իր գործառույթից։ Նրանք ադրբեջանական պահանջների բավարարող են դարձել, քանի որ որոշել են հանձնվել, այլ ոչ թե դիմադրել. այլ բան ակնկալել պետք չի նրանցից։
-Ի՞նչը կարող է ստիպել Ադրբեջանին ազատ արձակելու Վագիֆ Խաչատրյանին, արցախցի բարձրաստիճան պաշտոնյաներին և հայ մյուս գերիներին։
-Միջազգային ճնշումը կարևոր գործիքակազմ է այդ ճանապարհին։ ՀՀ-ն հայցեր է ներկայացրել ՄԻԵԴ, դա կարևոր գործընթաց է։ Բայց այն ամենը, ինչ ձեռք է բերվում միջազգային իրավական հարթակներում, չի դառնում գործիք քաղաքականություն իրականացնողների մոտ։ Այսինքն՝ ՀՀ-ն կարող է ՄԱԿ-ի արդարադատության դատարանում հայց ներկայացնել՝ մեղադրելով Ադրբեջանին ռասիստական պետություն լինելու մեջ, իսկ դատական գործընթացի ժամանակ ՀՀ ղեկավարությունն Արցախը կարող է ճանաչել Ադրբեջանի մաս։ Սրանք տրամաբանորեն հակասող բաներ են։
Հենց այս անկազմակերպ քաղաքականությունն էլ դառնում է գործիք Ադրբեջանի ձեռքին մեր դեմ գործողությունների գնալու ճանապարհին։
–Տիկի՛ն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում միջազգային իրավապաշտպան կառույցների կեցվածքը Բաքվի ապօրինի քայլերն անարձագանք թողնելու համատեքստում։
-Կա միջազգային իրավական գործընթաց, կա աշխատանք այդ հարցում, բայց քանի որ դա քաղաքականության մաս չէ, չկան պետության կողմից հանձնարարականներ՝ ուղղված դեսպաններին, ներկայացուցչություններին՝ միջազգային իրավական հարթակում եղած ձեռքբերումները դարձնելու քաղաքական գործիքակազմ, դրա համար էլ մենք չենք ունենում բավարար արձագանք։ Եթե Հայաստանի Հանրապետությունն է հրաժարվել իր քաղաքացիներին տեր կանգնելու ֆունկցիայից, ինչու՞ պետք է միջազգայինները դա անեն, նրանք որևէ ազդակ չեն ստանում Հայաստանից։