Որոշ վկայությունների համաձայն, 1922 թ. սեպտեմբերին, Զմյուռնիայի կոտորածի ժամանակ, «Տոկեի Մարու» անվամբ ճապոնական մի նավ հերոսաբար փրկել է հարյուրավոր հույների եւ հայերի: Այս դեպքը հաճախ նկարագրվում է որպես հայ եւ ճապոնացի, ինչպես նաեւ հույն եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ, եւ չնայած արխիվային փաստաթղթերի սակավությանը, հանդիսանում է գիտական մեծ հետաքրքրության առարկա: Ճապոնացի պատմաբան, հունագետ Նանակո Մուրատան, հույն պատմաբան Ստավրոս Թերի Ստավրիդիսը, հայ տնտեսագետ Աննա Վարդանյանը եւ այլք ուսումնասիրել են այս թեման՝ որպես հիմք վերցնելով մամուլի հրապարակումները եւ ականատեսների վկայությունները:
Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել Ճապոնիայի Տոյո համալսարանի պրոֆեսոր, շուրջ երկու տասնամյակ սույն թեման ուսումնասիրող Նանակո Մուրատայի հետազոտությունների արդյունքները՝ նավի պատկանելիության, նավապետի անձի, ազգության եւ այլ մանրամասների մասին: Պետք է նշել, որ Աննա Վարդանյանը, Թեհմինե Մարտոյանի հետ համահեղինակած «Ճապոնական նավի հետագծով. Զմյուռնիայի հայերի եւ հույների փրկուղին» (Ցեղասպանագիտական հանդես 8 (2), 2020, 76-95) վերնագրով հոդվածում, ինչպես նաեւ «Տոկեի Մարու. Ճապոնական նավի հետագծով» վերնագրով տեղեկատվական բուկլետում (Երեւան, «Վի-Էնն», 2022) փորձել է պատասխանել այս հարցերից մի քանիսին՝ մասնավորապես պնդելով, որ «բացահայտել է» նավապետի անունը: Սակայն Մուրատայի հետազոտությունները ժխտում են Վարդանյանի թեզը, ինչի համար էլ հարկ ենք համարում հայերեն ներկայացնել ճապոնացի հետազոտողի ուսումնասիրության արդյունքները:
Ի՞նչ գիտենք մենք վերոհիշյալ նավի մասին: Ինչպես նշվում է մինչ այս լույս տեսած ուսումնասիրություններում, հունական մամուլում փրկարարական աշխատանքներ իրականացրած նավը հիշատակվում է որպես «Տոկեի Մարու», սակայն չի հստակեցվում, թե որտեղի՛ նավ էր այն եւ ո՛ր ընկերության կողմից էր շահագործվում: Ըստ Մուրատայի, 1920-ականների ճապոնալեզու մի քանի գրանցամատյաններում կարելի է հանդիպել «Տոկեի Մարու» անվանը: Մեզ հետաքրքրող նավը պատկանել է եւ շահագործվել է ներկայիս Չինաստանի Դալյան (ճապոներեն՝ Դայրեն) քաղաքում գործող «Դայրեն Տովա կիսեն կաբուշիկի կայշյա» ընկերության կողմից, որը հանդիսացել է Ճապոնիայի Կոբե քաղաքում գտնվող «Տովա կիսեն կաբուշիկի կայշյա» ծովագնացության կազմակերպության մասնաճյուղերից մեկը: «Տոկեի Մարուն» որպես նավ գրանցված է եղել Դալյանում: Նույն քաղաքում հրատարակվող «Կայյու» ճապոնալեզու հանդեսի 1922 թ. սեպտեմբերի համարում նշված է, որ «Տոկեի Մարուն» նավարկել է Աթենքի եւ Զմյուռնիայի միջեւ եւ օգոստոսի 18-ին ժամանել է Զմյուռնիա (Nanako Murata, Reconsidering Narratives and Facts of the Rescue Activities by a Japanese Ship in Smyrna in 1922 , Bulletin of Toyo University 76, 5): Նշեմ, որ Ռուս-ճապոնական պատերազմից հետո Դալյան քաղաքը եւ Լյաոդունի թերակղզու որոշ այլ հատվածներ գտնվում էին ճապոնական Կվանտունյան բանակի վերահսկողության տակ, եւ զարմանալի չէ, որ այդ քաղաքում ճապոնական նավեր կային գրանցված:
Մուրատան նաեւ նշում է, որ մի շարք հունական պարբերականներ նշել են նաեւ անուններ՝ մասնավորապես, որ նավը պատկանել է «Լու եղբայրներ» ընկերությանը կամ որ նավապետի անունը եղել է Լու (Murata 2022, 6; Նանակո Մուրատա, Կիոկու տո րեկիշի. 1922 նեն նո Գիրիշյա-կեյ սեյկյոտո նանմին նո Սումիրունա դաշշյուցու տո նիհոնսեն օ մեգուտտե, «Տոյո դայգակու բունգակուբու կիյո» 45, 2020, 162-165): Աննա Վարդանյանը վերոհիշյալ աշխատանքներում նույնպես նշում է Լու անունը, ներկայացնելով այն որպես սեփական բացահայտում եւ (անհիմն կերպով) ենթադրելով, որ Լուն Րյու անվան աղավաղված տարբերակն է: Նա մասնավորապես նշում է, որ «փաստենք, որ գտել եւ մեծ դժվարությամբ վերարտադրել ենք այդ օրերի հունական մամուլի վերարտադրությունները ճապոնական նավի, քաջ նավապետ Լուի (Րյու) (ճապոներեն՝ 龍կամ竜) ……մասին » (Վարդանյան, Մարտոյան 2020, 88; Վարդանյան 2022, 108): Սակայն այստեղ կան անճշտություններ: Նախ, ըստ Մուրատայի, «Լու» վարկածը հայտնի էր տարիներ շարունակ: Մուրատան այդ վարկածի մասին նշում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի համար կարդացած ելույթում, որի տեսագրությունն, ի դեպ, Վարդանյանը մեջբերել է (2020, 87), ինչպես նաեւ 2020 թ.՝ Վարդանյանի հոդվածից ավելի քան վեց ամիս առաջ տպագրված հոդվածում, ինչից կարող ենք եզրակացնել, որ Վարդանյանի՝ նավապետի անվան «բացահայտման» մասին պնդումը լիովին անհիմն է: Երկրորդ, Վարդանյանը գրում է, որ իր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Նանակո Մուրատայի նախկինում առաջ քաշած թեզը, թե նավապետը գուցեեւ ճապոնացի չի եղել, մերժվում է», սակայն պետք է նշել, որ Մուրատան երբեւէ այդպիսի թեզ առաջ չի քաշել: Ընդհակառակը, ներկայացնելով նավապետի՝ չինացի լինելու մասին թեզերը, նա ապացուցել է, որ 20-րդ դարի առաջին կեսին ոչ մի ճապոնական նավ ոչ ճապոնացի նավապետ չի ունեցել (Մուրատա 2020): Հատկանշական է, որ Մուրատան այդ մասին ընդգծում է նաեւ Վարդանյանի մեջբերած տեսանյութում:
Այժմ անդրադառնանք մյուս խնդրին: Արդյո՞ք նավապետի անունը Լու է եղել, ինչպես նշված է ժամանակի հունական մամուլում: Նանակո Մուրատան, ուսումնասիրելով Ճապոնիայի ծովագնացության արխիվները, «Կայշյո Ցուհո» պարբերականում գտել է տեղեկություն այն մասին, որ 1922 թվականին «Տոկեի Մարուի» նավապետի անունը եղել է Սաձո Հիբի: «Յոմիուրի» օրաթերթի միջոցով ընթերցողներին խնդրելով տեղեկություն տրամադրել սույն անձի մասին՝ Մուրատան պարզել է հետեւյալը: Սաձոն մահացել է 1960 թվականին, 76 տարեկան հասակում: Նրա կնոջ՝ Չիյոյի օրագրի համաձայն, Սաձոն նավագնացության ոլորտում սկսել է աշխատել 18 տարեկան հասակից, այնուհետեւ տեղափոխվել է Չինաստան՝ դառնալով նավապետ: Չիյոն ոչինչ չի հիշատակում 1922 թ. դեպքերի մասին, սակայն նշում է, որ Սաձոյի մայրը ուղղափառ քրիստոնյա է եղել: Մուրատան ենթադրում է, որ Սաձոն, լինելով բուդդիստ, այնուամենայնիվ խղճահարություն է զգացել մոր կրոնակից հայերի եւ հույների նկատմամբ եւ առանց վարանելու փրկել նրանց (Murata 2022, 7-8):
Հոդվածի վերջում ուզում եմ անդրադառնալ Մուրատայի մտորումներին առ այն, թե ինչու ճապոնական պաշտոնական փաստաթղթերում որեւէ հիշատակում չկա Զմյուռնիայի փրկարարական գործողության մասին: Ինչպես նշում է Մուրատան, ճապոնական մամուլը պարբերաբար լուսաբանել է ինչպես Հույն-թուրքական պատերազմը (1919-1922), այնպես էլ 1922 թ. սեպտեմբերի Զմյուռնիայի կոտորածն ու հրդեհը: Սակայն, անհասկանալի կերպով այն որեւէ կերպ չի հիշատակել ճապոնական նավապետի բարի արարքի մասին: Հիշատակումները բացակայում են նաեւ Ճապոնիայի զանազան արխիվներում: Փորձելով հասկանալ այս հանելուկը՝ Մուրատան հետեւյալ ենթադրություններն է անում: Առաջինը, թեեւ Ճապոնիան Հույն-թուրքական պատերազմում չեզոք դիրքորոշում էր արտահայտել, բայց ճապոնական կառավարությունը հայտնի էր քեմալական ուժերի հանդեպ ունեցած համակրանքով եւ նույնիսկ կասկածվում էր նրանց գաղտնի աջակցելու մեջ: Ըստ Մուրատայի, հնարավոր է, որ Ճապոնիայի իշխանությունները քողարկել են դեպքը՝ Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու կամ նույնիսկ զենքերի գաղտնի տեղափոխումը կոծկելու համար: Երկրորդ. հնարավոր է, որ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում արխիվային փաստաթղթերն այրվել են, սակայն այս տարբերակը չի բացատրում մամուլում հոդվածների բացակայության փաստը (Murata 2022, 8):
Այսպիսով, «Տոկեի Մարուի» հետ կապված անորոշ թվացող հարցերի պատասխանները ճապոնացի ուսումնասիրողները տվել են, ուստիեւ, կարծում ենք, որ որեւէ թեմայով նոր խոսք ասելու (առավել եւս՝ այն գիտական հանդեսում ու առանձին գրքերով ներկայացնելու) հավակնություն ունենալուց առաջ հարկ է խորությամբ եւ բազմակողմանիորեն ուսումնասիրել այն եւ հենվել տվյալ թեմայի համար առաջնային լեզուներով ստեղծված նյութի հիման վրա…
ԱՍՏՂԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ճապոնագետ
Լուսանկարում` «Տոկեի Մարուի» ենթադրյալ լուսանկարը