Սահմանադրագետի խոսքով` համաշխարհային պրակտիկայում բացառիկ դեպք է, երբ ունենալով տվյալ երկրի քաղաքացիություն` քաղաքացին այդ երկրում հայտնվում է փախստականի կարգավիճակում։
Հայաստանի Հանրապետությունը, տեղահանված արցախցիներին փախստականի կարգավիճակ տալով, հեշտացնում է նրանց` ՀՀ տարածքը լքելու գործընթացը, պետք է այդ կարգավիճակն արցախցիների շնորհվի այն պարագայում, որ նրանք չհրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է սահմանադրագետ Վարդան Այվազյանը։
«Փախստականները բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում բավականին արտոնություններից են օգտվում, և նման որոշումը կարող է նպաստել, որ տեղի ունենա ՀՀ եկած արցախցիների զանգվածային արտահոսք, որը ՀՀ–ի համար ցանկալի չէ»,– ասաց նա։
Սահմանադրագետի դիտարկմամբ` արցախցիներին փախստականի կարգավիճակ տալու միակ առավելությունն այն է, որ հետագայում իրավական հարթությունում նրանք կկարողանան պահանջել իրենց կորցրած գույքի, սեփականության փոխհատուցում կամ հնարավորություն կունենան վերադառնալու և տնօրինելու իրենց գույքը։
Նա հավելեց, որ արցախցիների կարգավիճակի հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակում, ոչ թե ներպետական։ Եվ փախստականի կարգավիճակը պետք է շնորհվի այն պարագայում, որ նրանք չհրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից։
«Նման հարցում պետք է մեր կառավարությունը փորձի համագործակցել ՄԱԿ–ի հետ, քանի որ փախստականի կարգավիճակ ոչ միայն շնորհում է պետության լիազոր մարմինը, այլ նաև ՄԱԿ–ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը։
Այս առումով սա համաշխարհային պրակտիկայում աննախադեպ երևույթ է, երբ քո կամքից անկախ, ունենալով տվյալ երկրի քաղաքացիություն, դու այդ երկրում հայտնվում ես փախստականի կարգավիճակում»,–ասաց Այվազյանը։
ՀՀ անձնագիր և քաղաքացիություն ունենալով, ըստ սահմանադրագետի, արցախցիները առաջին հերթին զգալի ներդրում կարող են ունենալ զինված ուժերում և համալրել ԶՈւ շարքերը։
«Իրավական առումով ՀՀ քաղաքացու անձնագիրը չի կարող դիտարկվել որպես ճամփորդական փաստաթուղթ, ինչպես արցախցիների անձնագրի դեպքում է ներկայացվում։
Մենք ունենք ՀՀ քաղաքացիության մասին օրենք, և եթե ՀՀ քաղաքացու անձնագիր ստանում ես, դու օգտվում ես քաղաքացիների համար սահմանված բոլոր իրավունքներից և կիսում ես պարտականությունները։ Օրինակ` նրանք իրավունք են ստանում մասնակցելու համապետական ընտրություններին։
Արցախցիներն իրենց քաղաքացու անձնագրով, եթե մշտական գրանցում ստանան, ապա մեր ընտրազանգվածը զգալիորեն կմեծանա»,–ասաց Այվազյանը։
Նա ընդգծեց` ՀՀ–ում պետք է այնպիսի մթնոլորտ ձևավորվի, որ արցախցիները հասկանան` Հայաստանում մնալն ամենաճիշտ լուծումն է պետության անվտանգության առումով ։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ին որոշեց փախստականի կարգավիճակ տալ Արցախից բռնի տեղահանվածներին։