30 տարի տգետի, ապիկարի եւ եսապաշտի անեծքի տակ ենք
Արցախյան ազատագրական պայքարի առաջին իսկ օրվանիցՍիլվա Խաչատրյանը,բարձրախոսը ձեռքին` Ստեփանակերտի գլխավոր հրապարակում էր: Պայքարի ակնունքներում է կանգնած եւ կտոր առ կտոր կարող է իրար կողքի դնել ու ամբողջացնել հակամարտության ամբողջ ընթացքը: Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արցախի պետական համալսարանի «Բանասիրական» ֆակուլտետի «Գրականություն եւ լրագրություն» ամբիոնի դասախոսը սեպտեմբերի 19-ին լսարան մտնել էր պատրաստվում, երբ լսեց բոթաբեր շչակի ձայնը:
– Պատերազմը մեզ համար կենցաղ ու կենսակերպ էր դարձել, եւ շչակի ու պայթյունների ձայները զարմանալի կամ անակնկալ չէին: Րոպեներ, եւ համալսարանի ամբողջ անձնակազմը ռմբապաստարանում էր,- «Ազգ»-ի հետ զրույցում ասում է Սիլվա Խաչատրյանը,- Նախավարժանքներ անում էինք եւ գիտեինք՝ պատերազմի ժամանակ ինչ պետք է անել: Ժամանակակից պատերազմը գերժամանակակից տեխնիկայով ու տեխնոլոգիայով է ընթանում, այս մեկն էլ բացառություն չէր: Սպանդ էր, եւ ոչ թե մեզ, այլ դիրքերի զինվորների համար էինք անհանգստանում, քանի որ հիմնական թիրախը դիրքերն էին: Ավելի քան 24 ժամ անդադար կրակել ու հրթիռակոծել են, բոլորս հրթռիռակոծության տակ ենք հասել մեր շնքերի նկուղներ:
– Արցախյան հակամարտության ամբողջ պատմության ընթացքում հիշո՞ւմ եք նման բան, որ 24 ժամ անդադար կրակեն:
– Այո, իրականում 44-օրյա պատերազմն ավելի դաժան էր, ավելի ահավոր: Անմիջապես Ստեփանակերտն էր հրթիռակոծվում՝ գիշեր-ցերեկ: Գլուխներս չէինք կարողանում հանել ռմբապաստարանից: Աշնանային հրաշք արեւ էր, պայծառ՝ աշխարհ, բայց մի րոպեով անգամ չէինք կարողանում մեր տուն բարձրանալ: Տպավորություն էր, թե քաղաքն ամբողջությամբ գետնին են հավասարեցնում:
– Արցախյան ազատագրական շարժմանը մասնակցել եք սկզբնավորման օրվանից սկսած: Շարժման 30-ամյակի առթիվ պարգեւատրվել եք «Մխիթար գոշ» մեդալով: Հիմա ի՞նչ զգացողություն ունեք:
– Արցախյան ազատամարտն, այո, մեր պատմական մե՜ծ հաղթանակն է եղել՝ հաղթած Հայաստան եւ Արցախ: Բայց ապիկար, ընչաքաղց եւ ագահ ղեկավարների պատճառով փոշիացվել է այդ հաղթանակը: Անեծք է առաջնորդի տգիտությունը, ագահությունն ու եսապաշտությունը: 30 տարի մենք այդ անեծքի տակ ենք եղել: Եթե ունենայինք Լեոնիդ Ազգալդյանի, Մոնթե Մելքոնյանի պես նվիրյալներ՝ քաղաքական ու ռազմական առումով, այսօր հաղթած Արցախ եւ հզոր Հայաստան կունենայինք: Այսօրվա վիճակը չէր լինի: Այս խայտառակ պարտությունը մեկ օրվա, մեկ տարվա պարտություն չէ. պարտվել ենք 30 տարի: 1994-ի հաղթանակից հետո ի՞նչ արեցին. դափնիներ բաժանեցին, գեներալի կոչումներ տվեցին նաեւ անարժան մարդկանց: Եվ այդ դափնեկիր, բայց անարժան գեներալները չարիք դարձան հասարակության համար: Մեր պատմական Դիզակը, որ հետագայում Հադրութ անվանվեց, 5 գեներալ ունի, որտե՞ղ են հիմա նրանք, ինչո՞ւ տվեցին Դիզակը:
Ես գիտեմ պահեստազորի շարքային մի սպայի՝ Արթուր Խաչատրյան անուն-ազգանունով, որ իր սեփական նախաձեռնությամբ եւ միջոցներով 2020-ին սկսեց ամրաշինական աշխատանքներ իրականացնել Մարտունու շրջանի համար ռազմական, մարտավարական կարեւոր նշանակություն ունեցող կարեւոր բարձունքում: Աշխատանքները չավարտած՝ սկսվեց 2020-ի պատերազմը, բայց այդ դիրքում, որտեղ ներառված էր տանկային մի աբողջ բրիգադ, 44 օր ոչ մի զոհ եւ անգամ վիրավոր չեղավ: Այն անառիկ մնաց անգամ այս 24-ժամյա պատերազմի ժամանակ: Եթե յուրաքանչյուր գեներալ, որ 30 տարի անձնական միջոցները եռապատկելու մասին էր մտածել ու մինչեւ այսօր մե՜ծ խնայողություններ ունի, իր հայրենական շրջանում ամրաշինական նման աշխատանք իրականանցեր, գեթ մեկ դիրք կառուցեր, մենք այսքան զոհեր չէինք ունենա, կհաղթեինք, ու մեր երկիրը կդառնար ավելին, քան Իսրայելն է: Այդ հնարավորությունը չօգտագործեցինք՝ մսխելով մեր հաղթանակը:
Եթե ուզում ես պարտության մատնել մի երկիր, այլսաերիր նրա հասարակությանը: Մեր հասարակությունը շատ էր այլասերվեր: Ունեցել ենք ընտրակեղծիքներով ընտրված անարժան առաջնորդներ, որոնց սխալ ղեկավարման հետեւանքով՝ այսօր Արցախի 120 հազար մարդ կորցրել է տունուտեղ: Ցավով եմ մեջբերում Նժդեհի խոսքերը, որ «իրարարկերությամբ զբաղվելով՝ մեր ժողովուրդը պատրաստի որս է գիշատիչ հարեւանի համար»: Մերոնք ավելի շատ իրարակերությամբ էին զբաղվում, իմուքո էին անում:
Իրավաբանական կրթությամբ անձնավորությունը գյուղնախարար էր նշանակվում, վիճակագրությունից գիտական ճանապարահ չանցած անձը հայտնվում էր համալսարանի ռեկտորի պաշտոնում, եւ այսպես շարունակ: Կադրային սխալ քաղաքականություն էր վարվում, անարժաններն էին առաջին պլան մղվում եւ Արցախում օրեցօր ավելանում էր քնծնանի, շողոքորթության, երեսպաշտության պահանջարկը:
Պետք է նշեմ նաեւ, որ Արցախում մինչեւ վերջին պահը քաղաքացիական հասարակություն չէր ձեւավորվել, կաշառվող ընտրազանգված էր: Հիմա էլ այստեղ՝ Երեւանում, տեսարաններով հանդես գալու փոխարեն՝ ղեկավարներից ժամանակին եւ Արցախում պետք է պահանջներ ներկայացնեին: Այդժամ գուցե ասօրվա այս վիճակը չէր լինի:
-2020-ի պատերազմից հետո իշխանափոխության պահանջ չձեւավորվեց Արցախում: Արցախցիները ոչ միայն հանդուրժեցին պարտված նախագահի պաշտոնավարման հանգամանքը, այլեւ մաս կազմեցին նրա՝ պաշտոններ բաժանելու շքերթին:
– Այո, իրավացի եք: Ես հիմա կոնկրետ օրինակով ասեմ, թե 2020-ից հետո ինչպե՞ս էր մսխվում պետական բյուջեն: Երբ սկսվեց այս վերջին՝ սեպտեմերտասնիննյան պատերազմը, մեր շենքը նորից ռմբապաստարան չուներ: Ապաստարանը որպես ավտոկայանատեղի էր ծառայում, ժողովուրդը պատսպարվում էր մեքենաների արանքում: Ավելորդ է խոսել պետքարանի եւ առաջին անհրաժեշտության իրերի, էլ չասած՝ դեղորայքի մասին: Բայց 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ահռելի գումարներ էին դուրս գրվել՝ հենց ապաստարանները կարգի բերելու, համապատասխան հարմարավետություն ստեղծելու համար: Եվ, փաստորեն, որեւէ բան չէր արվել: Ահա սա՛ է մեր ղեկավարների իրական դեմքը:
– 1988-ին սկիզբ առած շարժման ակնունքներում եք կանգնած, հիմա խնդրում եմ ասել՝ եթե այն ժամանակ կարողացանք հաղթել, ինչո՞ւ հիմա չհաջողեցինք:
– «Տվեք ինձ ներցեղային բարոյականով առաջնորդվող մի սերունդ, եւ նա կապահովի մեր ազգի, ցեղի տեղն աշխարհում». ասել է Նժդեհը: Մեր հաղթանակի գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ մարդիկ առաջնորդվում էին ներցեղային բարոյականով՝ բոլորս մեկի, մեկս՝ բոլորի համար սկզբունքով: Սնվում էինք ընդհանուր կաթսայից: Վերածննդի հրապարակում հարսիա էինք եփում, ու դա բոլորի համար էր: Ժողովուրդը տուն չէր գնում ցույցերից եւ պահանջում էին «Վերամիավորում Մայր Հայաստանի» հետ: Դա Արցախի աստեղային ժամն էր, դա մեր հաղթանակի սկիզբն էր, որում մեծ էր ամբողջ սփյուռքահայության եւ Մայր Հայաստանի դերը:
– Բայց այսօր, փաստացի, բռնի կերպով կտրվել եք ձեր բնօրրանից:
– Ծնունդով Մարտունու շրջանի Ճարտար գյուղից եմ, բայց մի առանձին, աննկարագրելի սիրով եմ սիրում Հայաստանը: Արցախը, այո, պատմական Հայաստանի՝ Մեծ Հայքի 10-րդ նահանգն է: Ասյտեղ՝ Երեւանում, ինձ միշտ տանն եմ զգացել: Երբ թեկնածուականի համար Ստեփանակերտից գալիս էի Երեւան՝ «միմումները» հանձնելու, զգում էի՝ այստեղ ապրած մեկ օրն Արցախում մեկ տարի կերակրում էր: Այսինքն՝ Արցախում ապրում էի Երեւանով: Ծննդավայր եմ կորցրել, բայց մենք հայրենիք ունենք: Ինչ վերաբերում է բնօրրանից կտրվելուն… Այդ ամենը մղձավանջի է նման, եւ երբ մտածում եմ՝ վերապրել այն ամենն, ինչով անցել ենք, պարզապես ցնորվում եմ: Ստեփանակերտից Երեւան 6 ժամվա ճանապարհն անցել ենք 48 ժամում: 15-20 րոպե մեքնաները շարժվում էին, 2.5 ժամ՝ կանգնում:
Գաղթի ճանապարհին Շուշիի շրջանի գյուղերի մոտ մեքենաների շարասյունը 2 ժամ կանգնեց: Ու քանի որ երկար ճանապարհ էր, իսկ ուտելիքի պաշարները սպառվել էին, տղաները բարձրացան գյուղեր՝ տեսնելու, թե գյուղացիներից ի՞նչ կարող են վերցնել, բերել: Բայց բոթ բերեցին. ամեն ինչով՝ անասուններով, թռչուններով, բերքուբարիքով լի գյուղը դատարկ էր՝ անտեր-անտիրական: Գյուղացները, փաստորեն, վաղուց էին լքել տները: Ինքս էլ տեսա. բերքով ծանրաբեռ ծառեր, մոլորված, այսուայն կողմ վազող կովեր…Ծառերից խնձոր էի հավաքում ու դառնացած մտածում՝ ինչո՞ւ պետք է մեր աշխատող, ստեղծող ժողովուրդը դարերով բարիք արարի, իսկ անբան քոչվորը հափշտակի ու վայելի:
– Գաղթի ճանապարհին ի՞նչ պատկերներ տեսաք:
– Տապավորութուն էր, որ այն 20 րոպեն, երբ ընթանում էին մեքնենաները, թուրքը մեզ հետեւից ուղեկցում էր ու սպառնում: Մեքենաներն ասես իրար վրայից թռչում էին: Անհարմար էլ է ասել, բայց դեպքեր եղան, երբ բնական պետքերը հոգալիս՝ մարդիկ գլորվեցին զառիվերներից: Սոված մարդիկ, հղի կանայք, ծծկեր երեխաներ. սա 1915-ի գաղթից տարբերվում էր նրանով միայն, որ ոչ թե ոտքով, այլ մեքենաներով էր գաղթը:
Անհավատալի եւ ասես չար «հրաշքով» Արցախը դատարկվեց իր բնիկ, հազարամյա բնակիչներից: Թե ո՞ւմ կամքով, թե ինչպե՞ս…Վերջին օրերին մեր շենքում մնացած հատուկենտ ընտանիքներից մեկն էինք մենք. բոլորն աճապարում էին ժամ առաջ քաղաքից դուրս գալ: Ստեփանակերտում գաղթի սարսափելի տեսարաններ էին: Վերածննդի հրապարակում մարդիկ, մի ամբողջ կյանք ստեղծած երջանկությունը, ինչքը մի պայուսակում տեղավորած, սպասում էին՝ երբ են Երեւանից ժամանող ավտոբոսներն իրենց էլ Հայաստան տեղափոխելու:
– Բայց հիշողություներ ու իրեր կան, որ որեւէ կերպ չես կարող տեղափովորել թեկուզ ամենամեծ պայուսակի մեջ:
– Իհարկե, 1500 կտոր գրականությամբ գրադարանս ինչպե՞ս տեղափոխեի: Հազիվ կարողացա մեր մեծերի կողմից ընծայագրված գրքերն ու նամակները վերցնել:
– Գիտեմ, որ Շիրազի հետ եք, օրինակ, նամակագրություն մեջ եղել եւ այդ նամակները նույնպես վերցրել եք ձեզ հետ: Տեղյակ եմ նաեւ, որ արդեն ուսանող տարիներիներին հանդիպել ու շփվել եք նրա հետ:
– Շիրազի հետ նամակագրությունը սկսել եմ 10-րդ դասարանում: Գրում էր, որ ամոթ է՝ «Արցախս, դրախտավայրս չեմ տեսել»: Երբ արդեն Մարտունու շրջանային թերթում էի աշխատում, Շիրազին Արցախում հյուրընկալելու խնդրանքով քանիցս դիմել են տարբեր ատյանների: Բայց խորհրդային բարքերն ու չինովնիկները վախենում էին սեփական աթոռից, պաշտոնից: Ասում էին՝ եթե Շիրազն Արցախ գա, հայրենասիրական ալիք կբարձրանա, եւ մեզ աշխատանքից կազատեն: Իսկ երբ արդեն ուսանող տարիներին էինք հանդիպում Շիրազի հետ, մեզ պատգամում էր, որ գանք, Երեւանում ուսանենք, բայց անպայման վերադառնանաք Արցախ՝ պատմական մեր հայրենիքը թուրքին չթողնելու համար: Այդ պատգամով էլ ապրում էինք, բայց…
Մեր մեծերից հանդիպել եմ նաեւ Սիլվա Կապուտիկյանի հետ: Արցախյան շարժման ժամանակ Արցախի ամեն մի շրջան պաշտպանական ու փրկության կոմիտե ուներ, եւ երբ Հայաստանի մեր եղբայրներին՝ մտավորականներին որեւէ բան փոխանցելու կարիք կար՝ մեր՝ Մարտունու կոմիտեն ինձ էր Երեւան գործողում: Անմիջապես բանաստեղծուհու բնակարան էի գալիս, որ այդ օրերին իրական շտաբի էր վերածվել:
– Վստահ եմ՝ հիշողություններ կան, որ հանգիստ չեն տալիս:
– Իհարկե, բաց աչքերով ամեն գիշեր Գանձասար եմ գնում, հետո՝ Ամարաս, որտեղ մեր դպրատունն էր հիմնվել 5-րդ դարում: Իմ ծննդավայր եմ գնում՝ Ճարտար, որը քաղաք էր, 4 դպրոց եւ Օպերայի մակետով մշակույթի պալատ ուներ: Գնում եմ եղբայրական գերեզմանոց, իմ հարազատների շիրիմներին… Եվ այդպես աբողջ գիշեր բաց աչքերով թափառում եմ: Բայց, գիտեք՝ հավատում եմ, որ այս ամենն այսպես չի մնա, եւ ինչպիսի մղձավանջային մղումով մեր ժողովուրդն աճապարեց Երեւան, նույն կերպ էլ, այս անգամ արդեն խանդավառ, վերադառնալու է Մեծ Հայքի 10-րդ նահանգ՝ Արցախ:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ