Ավելի քան 20 հազար անձ չգիտի՝ ե՞րբ թոշակ կամ նպաստ կստանա

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար քաղաքացիներից մի քանի հազարը, ըստ ոչ պաշտոնական տվյալների, լքել են Հայաստանը. հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է: Վայ-հարեւանի «խաղաղարար» քաղաքականության հետեւանքով էթնիկ զտման ենթարկված ու պատմական բնօրրանից կտրված մեր հայրենակիցները Հայաստանում են անորոշ ապագայով: Պետության տված աջակցությունից, իհարկե, շնորհակալ են.այն միջին հաշվարկով յուրաքանչյուր անձի համար կազմում է 100 հազար դրամ: Գումարը սակայն ոչ բոլորը կստանան. դրանից զրկված են Հայաստանում անշարժ գույք ունեցողները եւ այն անձինք, որ իրենց բանկային կամ քարտային հաշվին «որոշակի չափով» գումար ունեն:
Մինչեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապում է գլուխ գովել ու բարձրագոչել, թե «արցախցի մեր քույրերին ու եղբայրներին» օգնություն է տալիս, կենսաթոշակառուներն ու նպաստառուներն են ահազանգում՝ փող չեն ստանում: «Ազգ»-ի տեղեկություններով՝ այս պահին Հայաստանում 63 եւ ավելի տարիքի բռնի տեղահանված ու Հայաստանում հաշվառված մոտ 20 հազար արցախցի կա: Թվերն, ի դեպ, նորից մեր ունեցած տեղեկություններով, փոխվում են ժամառժամ: Եթե թոշակառուների թվին հավելենք նաեւ նպաստառուներինը, ապա այն, հաստա՛տ, կգերազանցի 20 հազարը (գուցե, նույնիսկ, 25 հազարի հասնի): Ստացվում է՝ ավելի քան 20 հազար անձ մինչեւ այս պահը չի ստացել իրեն հասանելիք թոշակը կամ նպաստը:
Ինչպե՞ս է կարգավորվելու այս խնդիրը: Հարցին օրերս էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էր անդրադարձել՝ ասելով.«Կարգավիճակի վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո, բռնի տեղահանված բոլոր արցախցիները իրավունք կունենան դիմել և քաղաքացիություն ստանալ: Դրա արդյունքում նրանք կստանան կենսաթոշակների և օրենքով սահմանված բոլոր նպաստների շահառու լինելու իրավունք»:
«Իսկ ե՞րբ արցախցիները ՀՀ քաղաքացիներ կհամարվեն»,- «Ազգ»-ը հարցրեց կառավարության աղբյուրին: Պատասխանը, մեղմ ասած, սփոփիչ չէր. «Մինչեւ քաղաքացիություն ստանալը պետք է հասկանալ՝ այդ մարդիկ ի՞նչ կարգավիճակ ունեն՝ տեղահանված, բռնի տեղահանված, փախստական կամ այլ բան: Իսկ դա, իրականում, այդքան էլ հեշտ կամ մեր պատկերացրած «շփ-թփ» գործընթացը չէ: Մասնագիտական խումբ պետք է ձեւավորվի, հանձնաժողով ստեղծվի եւ այլն, եւ այլն: Կարճ ասած՝ որեւէ մեկը հստակ կամ անգամ մոտավոր ժամկետներ ասել չի կարող»:
Հ.Գ. Իհարկե, որեւէ գործընթաց էլ արագ-արագ, ոտքի վրա չպետք է անել, բայց եթե իշխանությունը կամք ունենա հարցին հապշտապ լուծում տալու, թե՛ կարգավիճակի, թե՛ քաղաքացիության հարցերը հնարավոր է մի քանի շաբաթում անգամ տեղը գցել:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
