Սոս Սարգսյան…
Վերջին գույժը լսելուց հետո, հավանաբար, յուրքանչյուր հայի մոտ մեծ վարպետի անունը տալուց շնչառության նույն դադարն է լինում:
Սոս Սարգսյանի առողջական խնդիրները դեռեւս անցյալ տարվանից ընկճել էին վարպետին: Մեկ տարի առաջ, «Հացի խնդիր» ներկայացման պրեմիերայի ժամանակ հանդիպեցի իրեն ու զրուցեցինք իր վերջին գրքի` «Ոտնամանների» մասին: Գրքում վարպետը ներկայացրել էր իր դաժան մանկության հիշողությունները Հայրենական մեծ պատերազմի դաժան տարիների, եւ լավ ոտնամաններ ունենալու եւ ոտքերը չսառչելու երազանքի մասին:
Ցավոք, առողջական խնդիրների պատճառով գրքի շնորհանդեսն այդպես էլ տեղի չունեցավ, չնայած Սոս Սարգսյանը կես-կատակ, կես-լուրջ ասում էր. «Ոտնամանները» լուրջ գործ չեմ համարում, բայց մարդիկ հավանում են, ես էլ ուրախանում եմ եւ գրքի վերջում գրել եմ, որ ոչ մի բան էլ չեմ ցանկանում ասել իմ ընթերցողին: Ինձ տանջող բաներ էին, գուցե էս գրվածքով ազատվեմ դրանցից: Դուռս խուփ անելու ժամանակն է…»:
– «Բարի պապիկը» (Սոս Սարգսյանին երիտասարդները «պապիկով» էին դիմում) հանդիպման ժամանակ խորհուրդ տվեց. «Գիտես, մեկ-մեկ լաց լինելը, մանավանդ երբ վկա չկա, քաղցր բան է, փորձիր… Հավեսի համար»:
Սոս Սարգսյանը չէր համակերպվում, որ իր ընկերներն այլեւս չկան ու ասում էր. «Արդեն համը հանում եմ, էսքան ապրելն ում է պետք: Ոչ Խորիկը կա, ոչ Ֆրունզը, ոչ մեկը չկա. ձեն ձենի տված` գնացին: Մեկ-մեկ նրանց ձայներն ականջովս են ընկնում, ուրախացած վեր եմ թռչում, բայց լռություն է տիրում: Սոսկալի բան է, երբ միտքդ ու սիրտդ ուրիշ տեղ են, դու` ուրիշ»:
Տարիներ շարունակ նա եղել է Ազգային ակադեմիական թատրոնի եւ կինոյի առաջատար դերասան: 1997-2006 թթ.` Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, 1991 թ. հիմնել է Համազգային պետական թատրոնը, արժանացել` ՀՀ Ժողովրդական արտիստի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումներին, պարգեւատրվել է Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշանով, պետական մրցանակի եռակի դափնեկիր է:
Համազգային թատրոնում մեր լեգենդը բեմադրել է «Սանիտայի թաղապետը», «Լիր արքա», «Մի գավաթ բարություն», «Ծննդյան տոները Դոն Կուպիելլոյի տանը», «Խեղճ Պետրոս», «Չեխովյան կատակներ» եւ այլն: Իսկ այն դերերը, որոնք խաղացել է, նույնիսկ հաշվել հնարավոր չէ:
Վարպետը միշտ առանձնանում էր իր մարդկային տեսակով, նա ոչ միայն դերասան էր, այլ ազգի մասին մտածող, տառապող ՄԱՐԴ, եւ միշտ այնպիսի դիպուկ ձեւակերպումեր էր անում, որ… «Մեղքը սրա-նրա վրա բարդելով ջվալը չի կարվում: Ազգովին կդառնանք մեղադրող, պահանջող, վատաբանող, ճառ ասող… Ճառ ասող… Մեր զանգն ով է կախելու… Մեր խոսքը մտածմունքից ծնենք, մեր կողմնորոշումը տանջահար մեր պետությունից: Խելոք մի մարդ ասել է քաղաքականությունը հնարավորության արվեստ է: Թեթեւամտորեն չկապկենք սրան-նրան, ուրիշ է մեր ճակատագիրը, այլ են մեր լուծելիք խնդիրները, ծանր է մեր խաչը…Հեշտ ենք կորցնում, դժվար ենք ետ բերում տանուլ տվածը… Կողքից նայողը կասի հայերը արդեն քանի դար պատրանքներով են ապրում: Պատճառն այն է, որ հաճախ ենք ուրիշի ձեռքին խաղալիք եղել: Մի հինավուրց ժողովուրդ, փորձված, ծեծված մի ժողովուրդ ժամանակն է, որ իր եղած բարեմասնություններին գումարի իմաստություն: Մեր վիճակը դեռ չի հասել գիտակցության մեր խորքերը: … Մեր ապագան բզկտված, չարչրկված այս փոքրիկ հողակտորն է, մեր միակ հույսն է, խնայենք: Խնայենք ինքներս մեզ, խնայենք մերկացած ջղերով այս ժողովրդին… Մտավորականի համար չի կարող լինել «վերեւի-ներքեւի» կողմ: Հայրենիքն ամբողջական հասկացողություն է: Իրարհասկացողության ճամփան բռնենք…»:
Կցանկանայինք առանձնացնել նաեւ վարպետի խոսքերից մեկը, որը իր գրքերից մեկում է գրել. « Տեր Աստված, հոգիս չառած` խելքս չառնես»:
Փառք Աստծո, որ վարպետն ապրեց մինչեւ վերջ առողջ բանականությամբ, խելքով, իմաստությամբ:
Տարիներ շարունակ վարպետի երազանքն էր, որ իր թատրոնը տանիք ունենա, սակայն ցավոք այդպես էլ չտեսավ իր երազած թատրոնի շենքը: Տեսնես այն ճարտարապետները, որոնք դեմ էին խոսում շենքի կառուցմանը, հիմա ի՞նչ են զգում…
Համազգային պետական թատրոնի տնօրենն «Ազգի» հետ զրույցում անդրադառնալով թատրոնի նոր շենքի կառուցմանը, որը Սոս Սարգսյանի երազանքն էր, ասաց. «Դրա մասին կարելի է գիրք գրել, քանի որ մենք միասին էինք աշխատում այդ հարցի շուրջ: Մահվան օրը, երբ ինձ կանչեց, իր վերջին գործնական հարցը շենքին էր վերաբերում: Դա իր նպատակն էր եւ է ու կարծում եմ, եթե իրագործվի, ապա Սոս Սարգսյանի դիմանկարը կամբողջականանա: Չեմ էլ ցանկանում կասկածի տակ առնել, հավատում եմ իրագործվելուն: Դրանով Սոս Սարգսյանն առավել հանգիստ կլինի: Վարպետի ցանկությունը շենքի հետ կապված այն էր, որ Երեւանում կառուցենք զուտ թատերական, թատրոնի համար նախատեսված շենք: Միշտ ցավով նշում էր, որ այսօր բոլոր թատրոնների շենքերը հարմարեցված, դարձված են թատրոնի համար, ոչ թե նպատակային են կառուցված: Վարպետը երազում էր դասական ոճով թատրոն ունենալ, իհարկե, ժամանակակից հարմարություններով ու միշտ ասում էր. «Համազգայինը վաստակել է ունենալ իր տանիքը, դա իմ հարցը չէ, ես իմ կյանքն ապրել եմ, դա թատրոնի հարցն է»: Վարդան Մկրտչյանը երեկ խոսելով Սոս Սարգսյանի մասինՙ չէր կարողանում անցյալ ժամանակով արտահայտվել. «Սոս Սարգսյանն ինքն իրենով լուսավոր մարդ է, իր տեսակով` պայծառ, մտածող: Երբ այդ անունը տալիս ես, մի տեսակ վեհություն, հպարտություն, ուրախություն է գալիս մեջդ: Հուշերը շատ շատ են եւ չեմ ցանկանում, որ դրանք հուշ դառնան, մենք պատրաստ չենք դրան, որ դա այլեւս հուշ է: Այժմ գիտակցությամբ հասկանում ենք, սակայն` էներգիայով դեռ չենք ցանկանում ընդունել, փոխանցել գալիքին: Այսօր պետք է միայն ափսոսալ, քանի որ վերջին մոհիկանն է գնում, մեր ժամանակների ամենամեծ հեղինակությունը: Թե հետո ի՞նչ կլինի, ով կգա այդ մակարդակի, դա հարց է: Երբ տան մեջ կա մեծը, նույնիսկ եթե այդքան էլ ակտիվ չէ, բայց կա, միշտ կարեւոր ու դժվար պահերին, անելանելի դրությունների մեջ ապավինում ես նրան, դա է ամենակարեւորը:
Մեծը, հենքը, ապավենը այլեւս չկա… »:
Վարպետի խաղընկերներից դերասան, Կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հակոբյանը հիշեց Սոս Սարգսյանի հետ իր շփման երջանիկ տարիները. «Սոս Սարգսյանի հետ աշխատել եմ 1992-ից: Նա մեր բոլորի կյանքում էր միշտ, տեղյակ էր բոլորիս ցավերին ու դարդերին, նա գիտեր` այսօր դու հաց կերել ես, թե` ոչ, երեխադ ինչպես է, սովորում է, թե` ոչ: Ինքը շատ հողեղեն էր ու շատ բարձր. քիչ է հաջողվում, որ հարազատ հողին այդքան կպած լինես եւ այդքան մոտ լինես երկնքին»: Հետո ավելացրեց. «Նա հազվագյուտ երեւույթ էր, ինքն արդեն մարդ չէր, որին ասեին` այսինչյան այսինչ, նա Սոսն էր, մեր Սոսը: Գնաց աստղաբույլի մեջ իր տեղը գրավեց` Փափազի, Հրաչի, Ավետի, Խորիկի, Մհերի հետ»: Վերջում Դավիթ Հակոբյանը մաղթեց, որ մեր ժողովրդի արգանդն այնքան լեցուն լինի, որ մեծ անունների պակաս չունենանք:
Դ. Հակոբյանը Ս. Սարգսյանի հետ բեմում շատ է խաղացել. «Հզոր խաղընկեր էր, խաղընկեր չէր, որը քեզ խեղճացնում է, այլ` ֆուտբոլի լեզվով ասած` «պաս տվող»: Գիտեր ո՛ր պահին քեզ «պաս տա» եւ հետ ստանա»:
Միասին անցկացրած բեմական գործունեությունից Դ. Հակոբյանը հիշեց հետաքրքրական դրվագ. «Լիր արքա» ենք խաղացել միասին. ռիտուալ էինք սարքել` ես ծաղրածուն էի, ինքը` Լիր արքան: Սոսը ձեռքը դնում էր դաստակիս եւ ասում` գնանք բեմ: Ու այդպես միասին բեմ էինք բարձրանում: Ու քանի որ մեծ էր արդեն, մթության մեջ դժվար էր կողմնորոշվում, ես իրեն ուղեկցում եւ տանում էի այնտեղ, որտեղ պետք է պառկեր: Մի օր հանկարծ ինչ-որ բան ընկավ կոշիկիս շղթային, ասացի` սպասեք, սպասեք, բայց չլսեց, գնաց: Մինչեւ շղթան պոկեցի, հասա բեմ, արքա Լիրը գոռում է. «Դավո՜, Դավո՜, Դավո՜»: Կուլիսում բոլորը ծիծաղում էին: Եկա, ասացի` այստեղ եմ, սուս, արդեն այստեղ եմ: Հիմա ես իրեն պետք է պառկեցնեի եւ հենց լույսերը վառվեինՙ ասաց. «Դատելու եմ աղջիկներիս, դատելու եմ»: Չհասցրի նրան պառկեցնել եւ մի ոտքը ծուռ, նստարանին հենված, անհարմար դիրքով Յուրան լույսերը միացրեց, Սոսը մնացել էր նստած: Ու հենց լույսը վառվեց, մի քիչ տագնապի մեջ, աչքերը չռված, շունչը տեղը բերեց ու ասաց` «Դատելո՜ւ եմ, դատելու աղջիկներիս»: Ոչ ոք ոչինչ չզգաց… Հաջորդ օրը… Հաջորդ օրն ամեն ինչ նորմալ ընթացավ, ես իրեն տարա բեմ եւ պառկեցրի, սակայն, երբ լույսերը վառվեցին, նա կրկին կիսանստած էր, անցյալ օրվա դիրքով: Փաստորեն, նրան դուր էր եկել երեկվա էդ վիճակը եւ որոշել էր փոխել տեսարանը» (Դավիթ Հակոբյանի կենդանի մեկնաբանությամբ, իհարկե, այս ամենն ավելի զվարճալի էր):
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն էլ «Ազգի» հետ զրուցում հիշեց Սոս Սարգսյանից իրեն թողված պատգամը. «Երբ ինձ հրավիրեց Թատերական ինստիտուտ դասավանդելու` 15-16 տարի առաջ, ժողովրդականի կոչում ունեցող շատ-շատերը նրան խորհուրդ էին տալիս ինձ չընդունել, քանի որ ասում էին, թե ես խուլիգան եմ, խայտառակ, անգրագետ, ապաշնորհ, ալկոհոլասեր (միայն հոմոսեքսուալիստ չկարողացան ինձ անվանել): Վարպետը անտեսելով այդ ամենը, ասաց. «Այ տղա, էդ ինչի քեզ էդքան չեն սիրում, արի հլը», եւ ընդունեց աշխատանքի: Նա ուզում էր այս քանդված ինստիտուտը հետ բերել եւ սարքել Հայ ազգային արվեստի համալսարան: Կարծես թե ճակատագրի բերումով դա էլ ինձ մնաց պատգամ` շարունակել իր սկսած գործը, քանի որ իր ժամանակվանից այս բուհը կյանքի նշույլներ արձակեց: Այդ պատգամը պիտի փորձեմ կատարել, որ կատարվի Սոս Սարգսյանի երազանքը`Հայաստանն ունենա ազգային արվեստների համալսարան»:
Ա. Մազմանյանը ցավով նշեց, որ չկա մեկը, որը կփոխարինի Վարպետին իր արժեքով, տեսակով, քաղաքացիական կեցվածքով, շնորհով ու իր թողած հետքով:
Թատերականի ռեկտորն ուրախությամբ նշեց, որ Սոս Սարգսյանը կյանքի վերջին տարիներին բավականին հետաքրքրական գրքեր հրատարակեց, որոնք կարծես խորհուրդներ էին եկող սերնդին` դաժանության, չորության, ցինիզմի փոխարեն վարպետն առաջարկում էր պարզագույն դեղատոմս` մարդկայնություն: Նա մինչեւ իր վերջին օրը մնաց այդպիսին. «Ինձ համար անձամբ նաեւ կորուստ էր, քանի որ վարպետը մեր կառավարման խորհրդի նախագահն էր: Եթե նա ոչինչ չաներ էլ, շաբաթը մեկ գալիս էր, հինգ րոպե աշխարհի լավ ու վատից զրուցում էինք, ու դա շատ բան էր տալիս ինձ: Կորուստները միանգամից չեն գնահատվում. ինչ-որ ժամանակ կանցնի եւ նոր միայն մենք կզգանք նրա բացակայության իմաստն ու նրա նմանների կարիքը մեր կյանքում: Հաստատապես մահացավ 20-րդ դարի մեծագույն արտիստներից մեկը, որով կարող էր պարծենալ ամեն ազգ: Երկակի է ողբերգությունը. բացի մարդկային կորստից, նա իրենով փակեց մի ահռելի մեծ էջ, որի լուսանցքում մեծացել եմ նաեւ ես»:
Մազմանյանը բարկացած ընդգծեց, որ վարպետից հետո եկող իր գործընկերներն ընդամենը զբաղված են գզվռտվելով, աթոռ, մեդալ, պաշտոն իրարից խլելով: Իսկ Սոս Սարգսյանը դրա համար չի կռվել, նա դրա պատճառով չէր, որ չէր քնում գիշերը, այլ` քանի որ ասելու, զգալու, ապրելու բան ուներ:
«Ազգի» հետ վերջին հանդիպմանը վարպետը երիտասարդներիս խորհուրդ տվեց. «Այն կյանքը, որ մենք ենք տեսել, մոտավորապես հարյուր անգամ ավելի ծանր էր, դաժան, քան` այսօրվանը: Չեմ կարծում, որ այսօր առանց ոտնաման մարդ լինի: Մենք` հին սերունդը, հաղթահարել է ե՛ւ սով, ե՛ւ մերկություն` առանց վերարկու եւ գլխարկ: Այսօրվա կյանքը չի կարելի նույնիսկ համեմատել այդ տարիների հետ: Այդ հոգսերը չունենալով հիմիկվա սերունդը պետք է զբաղվի պետականաշինությամբ, հասարակության կազմավորմամբ»:
Հենց այս պատգամը, խորհուրդը պետք է յուրաքանչյուրիս ուղեկցի ու դառնա կյանքի նպատակ:
Հեռացավ մեզնից մեր Արտաշեսը, Մանասը, Մկրտիչը, Զամբախովը, Հայրապետը, Բեն Ալեքսանդրը, Նահապետը… Մտավորական, ազգի ու պետության մասին մտածող իսկական մտավորական եւ արտիստ: