Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

30-ից ավելի երկրներ պահանջում են դադարեցնել իսրայելապաղեստինյան պատերազմը

Ավելի քան 3 տասնյակ երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ հավաքվել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում՝ քննարկելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմին վերջ տալու ուղիները՝ Մերձավոր Արևելքի հակամարտության հնարավոր սրման մտավախությունների ֆոնին:

 Al Jazeera-ն հաղորդում է, որ այսօր Կահիրեում ընթացող խաղաղության համաժողովին մասնակցում են այնպիսի երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպիսիք են Հորդանանը, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Քաթարը և Հարավային Աֆրիկան,  ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրամիության պաշտոնյաները:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին իր ելույթում կոչ է արել առաջնորդներին ընդհանուր հայտարարի գալ  Գազայի հատվածում հումանիտար աղետին վերջ տալու և Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղությունը վերականգնելու  շուրջ:

Հորդանանի թագավոր Աբդալլահն ընդգծել է. «Գազայում շարունակվող ռմբակոծությունը դաժան է և անարդար: Սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։ Սա ռազմական հանցագործություն է։ Քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները և ամբողջ բնակչությանը սննդից, ջրից, էլեկտրաէներգիայից և առաջին անհրաժեշտության պարագաներից դիտավորյալ զրկելը կդատապարտվեր, եթե դա տեղի ունենար այլ երկրներում: Ոճրագործները պատասխանատվության կենթարկվեին, սակայն Գազայի դեպքում դա այդպես չէ»

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը գագաթնաժողովի իր ելույթում պահանջել է բացել հումանիտար միջանցքները։

Քանի որ իսրայելցի պաշտոնյաները ներկա չեն գագաթնաժողովին, ուստի որևէ արդյունք սպասել հնարավոր չէ։