Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ստեփանակերտի թատրոնը լուծարվո՞ւմ է. հորդորել են պատրաստել վերջնահաշվարկների վերաբերյալ փաստաթղթերը

Մեզ ինչպես ասել են, այդպես էլ մենք ենք մարդկանց հայտնել, սակայն լուծարման կոնկրետ փաստաթղթեր դեռ որևէ մեկը չի տեսել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ են Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնը և Արցախի մի շարք ՊՈԱԿ-ներ լուծարվել հոկտեմբերի 1-ի ամսաթվով՝ Արցախի Հանրապետության պաշտոնական լուծարումից ուղիղ երկու ամիս շուտ։

«Մեզ այդ հարցով որևէ հստակ բան չեն ասել։ Ուղղակի ԱՀ կառավարությունից որոշ ժամանակ առաջ ասել են, որ պատրաստենք սեպտեմբեր ամսվա աշխատավարձը և վերջնահաշվարկները, վե՛րջ։ Ուրիշ ոչինչ չի ասվել։

Մեր հաշվապահական վարչությունը պատրաստում է սեպտեմբեր ամսվա աշխատավարձերի, վերջնահաշվարկների վճարման և արձակման նպաստների տրամադրման վերաբերյալ փաստաթղթերը։ Կրկնում եմ, առայժմ միայն փաստաթղթային աշխատանքներ են կատարվում, որևէ այլ բան չկա»,- նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նա միաժամանակ հավելեց, որ այս պահի դրությամբ Ստեփանակերտի թատրոնի կամ ՊՈԱԿ-ների աշխատակիցների հաշվարկված աշխատավարձերը չեն վճարվել։

«Մենք էլ չենք վճարվել, ոչ ոք չի վճարվել»,- ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը՝ միաժամանակ դժվարանալով հստակ թիվ նշել, թե մշակութային հիմնարկների լուծարման արդյունքում քանի մարդ է գործազուրկ դառնալու։

Ավելի վաղ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը կարծիք էր հայտնել՝ պետք է անել հնարավորը, որպեսզի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնը շարունակի ապրել: 

Նա նշել էր՝ թատրոնի անունը չպետք է ջնջվի, այդ բրենդը պետք է մնա, և թատրոնը պետք է կարողանա Հայաստանում գործունեություն ծավալել: 

Հիշեցնենք, որ Հակոբ Ղազանչյանն արդեն հանդիպել է Ստեփանակերտի թատրոնի տնօրեն  Արմեն Հարությունյանի հետ և առաջարկել միության դահլիճը տրամադրել թատրոնին  թե՛ փորձեր անելու, թե՛ ներկայացումներ խաղալու համար: Մեծ դահլիճներ պահանջող ներկայացումների համար նախատեսվում է բանակցել մեծ թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ։