ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ, Թեհրան
Վերջերս Իրանի նախագահ Հասան Ռուհանիի մասնակցությունը ՄԱԿ-ի վեհաժողովին եւ Ամերիկայում գտնվելն ու հեռախոսազրույցը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ միջազգային լուրերի առաջնահերթ խնդիրներից էին դարձել: Իրանի արտգործնախարար պրն Զարիֆը իր անձնական «թվիթեր»-ի միջոցով իրանցիներին տեղյակ էր պահում այդ ամբողջ անցուդարձի մասին: Պրն Զարիֆի այս քայլը շատ բարձր գնահատեցին Իրանի լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները:
Իրանի նախագահ Հասան Ռուհանիիՙ Թեհրան վերադառնալուց րոպեներ առաջ նրա եւ ԱՄՆ-ի նախագահ Օբամայի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց, որը տեւել է 15 րոպե: Այս երեւույթը շատերն աննախադեպ համարեցին, եւ տարբեր հակազդեցություն ունեցավ Իրանում եւ դրա սահմաններից դուրս: 1979 թվականի Իրանի հեղափոխությունից հետո սա առաջին խոսակցությունն է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաներիՙ նախագահների միջեւ:
Թեհրանի օդանավակայանում բարեփոխականների կողմնակիցները ողջունում էին ԱՄՆ-ում նախագահ Հասան Ռուհանիի քայլերը, նրանց պաստառների վրա գրված էր. «Ռուհանի, շնորհակալ ենք», «Կեցցե՛ Ռուհանին», «Քեզ այո՛, ո՛չ պատերազմին»: Սակայն մի խումբ երիտասարդներ` շուրջ 100 հոգի, «Մահ Ամերիկային» պաստառով բողոքում էին նախագահի հեռախոսազրույցի դեմ: Պրն Զարիֆը այն կարծիքը հայտնեց, որ նրանք չպետք է իրենց այդ քայլով Իրանի կատարած գեղեցիկ քայլը հարցականի տակ դնեին:
Պրն Զարիֆը տեղեկացնում էր, որ ամերիկյան կողմը մեկ շաբաթ առաջ էր հանդիպման պահանջ ներկայացրել, որը տարբեր պատճառներով հետաձգվում էր, սակայն երկու երկրների պատվիրակությունների միջեւ ոչ պաշտոնական հանդիպումներ էին տեղի ունենում: Նախագահ Ռուհանին ասում էր, որ բավարար ժամանակ չունեին երկու երկրների նախագահների հանդիպումը կազմակերպելու համար, դա մեծ նախապատրաստական աշխատանք է պահանջում:
Ըստ Իրանի արտգործնախարարիՙ երկու նախագահներն իրենց հեռախոսազրույցում անդրադարձել են «ամենակարճ ժամանակահատվածում միջուկային խնդրի լուծման հարցում երկու կողմերի քաղաքական կամքի դրսեւորմանը, եւ երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարել շուտափույթ արդյունքի հասնելու համար քայլեր ձեռնարկել»: Պրն Զարիֆը հեռախոսազրույցը գնահատեց որպես «լավ սկիզբ` շատ դժվար աշխատանքի համար, մարդիկ պետք է համբերատար լինեն ու վստահեն գործադիր մարմնին եւ խուսափեն շուտափույթ եւ խմբակցային դատողություններից»:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի առաջին պահանջը, որ անուղղակիորեն ներկայացրել է Իրանին, այն է, որ իրավունք տրվի միջազգային դիտորդներինՙ ստուգելու Ղոմ քաղաքի մոտակայքում տեղակայված միջուկային բազաները: Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին, քննադատելով օդանավակայանի դեպքերը նախագահ Ռուհանիի դիմավորման ժամանակ, շեշտել է, որ ընդդիմադիր հոսանքները «կազմակերպված են» ու ինքնուրույն չեն: Նա վստահություն է հայտնել, որ Իրանի առաջնորդը դեմ է դրանց: Եթե նման հոսանքների գործողությունները չկանխվեն, ապա կհանգեցնեն ահաբեկչությունների:
Խաթամին շեշտել է. «Այսօր մենք ուրախ ենք, որ երկրի նախագահը գնում է ՄԱԿ եւ խաղաղությունից է խոսում ոչ թե ստիպված, այլ պարծության ու բարձրության դիրքորոշումների հիման վրա: Մենք չենք ուզում աշխարհի հետ կռվել, մենք չենք ուզում աշխարհի հետ լարվածություն ունենալ, մենք ունենք իրավունքներ ու կանգնած ենք այդ իրավունքները պաշտպանելու դիրքում»: Մեր երկիրն ունի որոշակի շահեր, որոնք ոչ մի կերպ չենք զիջելու: Իրանին չի կարելի մեղադրել, որ նպատակ ունի ատոմային ռումբ ստեղծել»:
Իսրայելի վարչապետն անմիջապես հանդիպել էր ԱՄՆ-ի նախագահին: Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ հանդիպման ընթացքում շեշտել էր, որ Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման տարբերակը դեռեւս օրակարգում է: Իրանի արտգործնախարարն իր անձնական «թվիթերում» այս կապակցությամբ շեշտել է, որ Օբամային անհրաժեշտ է երկկողմանի վստահություն: Անընդմեջ պատերազմները նվազեցնում են ԱՄՆ-ի հանդեպ վստահությունը եւ այդ երկրի վարկը:
Նաթանյահուն Օբամային խնդրել է Իրանի նկատմամբ կիրառած պատժամիջոցներն ուժի մեջ պահել, նույնիսկ խստացնել դրանք: Օբաման իր հերթին շեշտել է, որ Իրանն իր անկեղծությունը փաստելու համար պետք է գործնականում իր խոստումներն ի ցույց դնի:
ԱՄՆ-ի նախագահի տեղակալ Ջո Բայդենն ավելի կոշտ դիրքորոշում է ցուցաբերում Իրանի հանդեպ: Նա ասել է. «Իրանի դեմ կիրառած պատժամիջոցները պատմության ամենահայտնի պատժամիջոցներից են եւ դրանք ավելի խստացնելը մեր այլընտրանքներից է»: Նա ավելացրել է, որ Ամերիկան չի կարող հանդուրժել միջուկային զենքով զինված Իրան: Սակայն, հակառակ Բայդենի, Եվրոմիությունը ցանկանում է, որ Իրանի միջուկային հարցի բանակցությունները հնարավորինս լավ ընթանան, եւ հույս է հայտնել, որ հոկտեմբերի 15-ին եւ 16-ին նախատեսված բանակցությունները ամենալավ մթնոլորտում տեղի կունենան: Եվրոմիության արտաքին քաղաքականության պատասխանատու եւ խոսնակ Քեթրին Էշտոնը ասել է, որ պետք է ցուցաբերել անկեղծություն, նույնն էլ պահանջել բանակցող կողմից:
Իրանի նախագահը որոշում է կայացրել քննարկել Իրանի եւ Ամերիկայի միջեւ օդային անմիջական կապի կարգավորման հարցը: Այս «օդանավային քաղաքականությունը» կարող է երաշխիք լինել Իրանի եւ Ամերիկայի միջեւ հարաբերությունների լավացման: Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո մինչ օրս ոչ մի ուղղակի թռիչք երկու երկրների միջեւ տեղի չի ունեցել:
Իրանի խորհրդարանի 230 պատգամավորներ հայտարարությամբ իրենց հավանությունն են տվել պրն Ռուհանիի մոտեցումներին, որ ցուցաբերել է ՄԱԿ-ում եւ ԱՄՆ-ի հանդեպ, միեւնույն ժամանակ խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովը հրավիրել է արտգործնախարարին` խորհրդարանում բացատրություններ տալու:
Ռուհանիի եւ Օբամայի հեռախոսազրույցը կարելի է համարել մի բանալի, որով բացվում է Իրանի միջազգային դռներից մեկը: Սակայն թե ինչ են խոսել դռների հետեւում ու ով ի՞նչ է շահել, ժամանակը ցույց կտա: Մի բան պարզ է, որ հարաբերությունների խզումից ոչ ոք չի շահելու:
ԱՄՆ-ից Ռուհանիի վերադարձից հետո կողմ եւ դեմ խմբերը դիմավորեցին նրան` արտահայտելով իրենց դիրքորոշումները, սակայն գոյություն ունի մի երրորդ կողմ եւս, որը սպասողական վիճակում է ու հետեւում է անցուդարձին` իր գնահատականը տալու համար:
Իսլամական հեղափոխության պաշտպանական «Փասդարան» կորպուսի հրամանատար պրն Ջաֆարիի կարծիքովՙ Հասան Ռուհանին չպետք է հեռախոսազրույց ունենար Օբամայի հետ, այլ պետք է սպասեր Ամերիկայի գործողություններին:
«Փասդարան» կորպուսի պաշտոնաթերթը նշում է, որ «Հասան Ռուհանին 35 տարի Ամերիկայի հետ հարաբերությունների խզումից հետո հեռախոսազրույց է ունեցել Օբամայի հետ, որը ուրախացրել է ամերիկացիներին, որոնք տարիներ շարունակ դա էին ցանկանում: Իրանի ժողովրդի իրավունքն է իմանալ, թե ամերիկացիների այս ցանկությունը բավարարելու դիմաց ինչ է ստանալու եւ մոտ ապագայում ինչ է լինելու»:
Իրանի որոշ լրատվամիջոցներ առաջ են քաշում մի շարք հարցեր. արդյոք Օբաման կհրահանգի՞ վերացնել նավթային, դեղորայքային, օդանավային եւ այլ շրջափակումները, որոնք կիրառում են Իրանի դեմ, եւ կվերանա՞ Իրանի ու Ամերիկայի միջեւ տնտեսական պայքարը: Կազատվե՞ն ամերիկյան բանկերում արգելափակված իրանական գումարները:
Հասան Ռուհանին ընդդիմադիր թեւի ցայտուն դեմքերից է «Քեյհան» օրաթերթի խմբագիր Հոսեյն Շարիաթմադարին, ով «Կանխիկ միավորներ տվեցինք ու ապառիկ խոստումներ ստացանք» վերնագրով մի հոդվածում քննադատում է Իրանի նախագահի քայլը: Նա գրում է, որ Ռուհանին չպետք է սեփական դիվանագիտական ճկունությունը ցուցաբերեր Ամերիկայի հանդեպ, նա չպետք է Հոլոքոսթը դատապարտեր: Նա երկու նախագահների հեռախոսազրույցը համարում է Ռուհանիի ճամփորդության ամենատխուր հատվածը:
Այստեղ չպետք է մոռանալ, որ Իրանի լրատվամիջոցների մեծ մասը դրական է գնահատել նախագահի մոտեցումները եւ հեռախոսազրույցը:
Իրանի միջուկային էներգիայի հարցի հետ կապված նախագահի բոլոր քայլերն ազգային ու հասարակության կարծիքը հաշվի առնելով, ինչպես նաեւ առաջնորդ իմամ Խամենեիի հովանավորությամբ են կատարվել:
Ռադիկալներն Իսրայելում եւ Ամերիկայում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հաշվարկած քայլերի հետեւանքով իրենց տեղը չեն գտնում ու ամեն կերպ փորձում են խանգարել այս բանակցային գործընթացին: Ավելին, ԱՄՆ-ի ղեկավարությանը խրախուսում են, որպեսզի ուժեղացնի շրջափակումները եւ կիրառի ռազմական հարձակումներ:
Հոկտեմբերի 15-16-ի բանակցությունները կարող են շատ հարցեր պարզել: