Ակնհայտ է, որ չմասնակցելով Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին՝ Նիկոլ Փաշինյանը յուրօրինակ կերպով ազդարարում է այդ կառույցից Հայաստանի դուրս գալու գործընթացը։ Արցախն Ադրբեջանին հանձնլուն զուգահեռ, ինչպես սպասվում էր, ՀՀ իշխանությունները պետք է է՛լ ավելի ակտիվացնեին իրենց հակառուսական քաղաքական գիծը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Դրա վառ օրինակն է ՀԱՊԿ-ի հետ կապերի խզումը, այդ կառույցում ՀՀ մշտական ներկայացուցչին հետ կանչելը, ՀԱՊԿ-ի կողմից կազմակերպված տարաբնույթ միջոցառումներին չմասնակցելը և այլն։
Նույնն այժմ կատարվում է ԱՊՀ-ի մասով, ինչը սպասելի էր։ Եթե որևէ մեկն սպասում էր, որ Արցախը հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյնաը պետք է ինչ-որ ժամանակով դադարեցներ հակառուսական քաղաքականությունը, ապա չարաչար սխալվում էր։ Ես միշտ եմ նշել, հիմա էլ կրկնում եմ՝ կար Արցախյան հարց՝ կար ռուսական ներկայություն, չկա Արցախյան հարց՝ չկա ռուսական ներկայություն»,- ասաց քաղաքագետը։
Գագիկ Համբարյանը համոզմունք հայտնեց՝ եթե Ռուսաստանը որևէ ձևաչափով չարձագանքի ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքական գծին, ապա այդ երկիրն ստիպված կլինի շատ արագ լքել Հայաստանը։
«Պաշտոնական Մոսկվան չի էլ պատկերացնում, թե ինչերի է ընդունակ Նիկոլ Փաշինյանը՝ իրեն Հայաստանից դուրս վռնդելու համար»,- ասաց մեր զրուցակիցը։
Քաղաքագետը պատահական չհամարեց, որ Երևանի ՔՊ-ական քաղաքապետ Տիգրան Ավինյանը և նրա հավանական տեղակալ Արտակ Զեյնալյանն իրենց այսօրվա ելույթի զգալի մասը նվիրեցին հակառուսական հռետորաբանությանը։
«Հայկ Մարությանի և Անդրանիկ Թևանյանի թիմերն այս երկու անձի կողմից պիտակավորվեցին որպես հյուսիսից հովանավորվող ռուսական պրոյեկտներ։ Բայց այստեղ հարց է ծագում. իսկ իրե՞նք ում կողմից են հովանավորվում, իրե՞նք ում շահերն են առաջ տանում։
Ինչպես նշեց Զեյնալյանը, իրենք թույլ չեն տալու, որ Հայաստանը դառնա Թաթարստան։ Որքան հասկանում եմ՝ թույլ են տալու, որ դառնա քարվանսարայի սանջակ (մարզ՝ խմբ.), որովհետև պարզ է, որ իրենց հետևում Արևմուտքն է և ԱՄՆ-ը։ Նրանք երբևիցե չեն թաքցրել, որ իրենց նպատակն է Հարավային Կովկասը մաքրել Ռուսաստանից՝ տարածաշրջանը լիովին հանձնելով թուրք-ադրբեջանական տանդեմին»,- ամփոփեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու անդրանիկ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը 32 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայնով այսօր ընտրվեց Երևանի քաղաքապետ։
Նիստին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները։
Նիստը բոյկոտել էին «Մայր Հայաստանը» և «Ազգային առաջընթացը»։