Երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Հարավային Կովկասում կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել, մինչդեռ այդ երկրի խորհրդարանի նախագահը Հայաստանին հիշեցնում է «երկաթե բռունցքի» մասին, միանշանակ կարելի է պնդել, որ սա քաղաքական խաղ է։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։
«Այստեղ, իհարկե, չի կարելի առաջնահերթությունը տալ Ալիևի հայտարարություններին, այլ պետք է ուշադրություն դարձնել առավելապես Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի խոսքերին (ավելի վաղ Սահիբա Գաֆարովան Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նախադրյալների նկարագրման համար վկայակոչել էր «երկաթե բռունցքը՝ խմբ.)։ Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց է խոսում «երկաթե բռունցից»՝ ամեն հարմար առիթով ակնարկելով դրա մասին։
Ես բնավ չեմ հավատում տարածաշրջանային խաղաղության մասին Ալիևի հայտարարություններին, որովհետև նա իր առջև նպատակ է դրել ստորագրելու այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Իսկ մենք հրաշալի գիտենք, թե այդ պայմանագրում ինչ կետեր կարող են ներառվել՝ այսպես կոչված անկալվների, «Զանգեզուրի միջանցքի» հարցերը և այլն»,- ասաց քաղաքագետը։
Արթուր Ղազարյանի խոսքով՝ մեկ այլ դեպքում էլ, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, մեծ հարց է՝ թե հատկապես քանի հազար ք/կմ տարածք նա նկատի ունի։
«Մենք էլ կարծում ենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի համար ՀՀ տարածքային ամբողջականությունը 1918 թվականի Բաթումի պայմանագրով նախաատեսված 10-12 հազար քառակուսի կիլոմետրն է։ Քանի որ մեր ձեռքի տակ չկա «խաղաղության պայմանագրի» տեքստը, չենք կարող եզրակացնել, թե ինչ է նկատի ունենում Ալիևը՝ ՀՀ տարածքային ամբողջականություն ասելով։
Ավելին, նա մանևրելու տեղ է թողնում, որ եթե հայկական կողմը չբավարարի իր պահանջները, կրկին շարունակի ուժի լեզվով խոսել։
Ալիևը փորձում է իր երկրի խորհրդարանի խոսնակի շուրթերով Հայաստանին և միջազգային հանրությանը հրամցնել սեփական նկրտումները»,- ամփոփեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Գաֆարովան ավելի վաղ հայտարարել էր՝ Հարավային Կովկասում կայունությունը սարերի հետևում չէ. «Նրանք, ովքեր թեք են նայում մեզ, հավակնություններ ունեն մեր հողերի հանդեպ, ովքեր չեն կարող մարսել մեր հաջողությունը, երբեք չպետք է մոռանան, որ կա «երկաթե բռունցք»։