Կառլեն Ժիրայրի Միրզախանյան
Երեկ նշվեց Կառլեն Ժիրայրի Միրզախանյանի 90-ամյակը, ցավոքՙ առանց իր կենդանի ներկայության:
Սակայն ինչպես ընդունված է ասել, մարդն ապրում է այնքան, որքան նրան հիշում են: Իսկ Կառլեն Միրզախանյանին մինչ օրս հիշում են ե՛ւ իր կոլեգաները, ե՛ւ ուսանողները, ինչի ապացույցը երեկ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցած հուշ-ցերեկույթն էր:
Հատկանշական է, որ նա ծնվել է նշանավոր մտավորականներ Ժիրայր եւ Եվգենյա Միրզախանյանների ընտանիքում:
Ավարտելով Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ ասպիրանտուրան, հաջողությամբ պաշտպանել է գիտական թեզը` պատմագիտության բնագավառում:
50-ական թվականներին Կառլեն Միրզախանյանը Համամիութենական իրավաբանական ինստիտուտի հայկական մասնաճյուղի ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտորն էր: Նրա կյանքի լուսավոր ու հիշարժան դրվագներից է կուլտուրայի ֆակուլտետի հիմնումը` 1970 թվականին եւ մինչեւ 1990 թվականը ֆակուլտետի դեկան լինելը:
Աշխատելով հայ արվեստի նշանավոր ներկայացուցիչների հետ, Կառլեն Միրզախանյանի կազմակերպչական ջանքերի շնորհիվ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը դարձավ երկրի մշակութային ասպարեզի բարձրորակ մասնագետների պատրաստման կարեւոր դարբնոց: Հանրապետության մշակութային հիմնարկների աշխատակիցների զգալի մասը այդ կրթօջախի շրջանավարտներ են, նրանց թվում են անվանի գործիչներ, նշանավոր արվեստագետներ:
Մեծ է գիտնական, պատմաբան Կառլեն Միրզախանյանի ավանդը նաեւ պատմագիտության զարգացման գործում: Նա չորս գրքերի եւ հարյուրից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, առաջիններից էր լուսաբանել Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին շրջանը խորհրդահայ պատմագիտության մեջ: Եղել է նաեւ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ:
Իր ուսանողների, գործընկերների հավաստմամբ մեծագույն մանկավարժ էր եւ մեծ սեր էր տածում ուսանողության նկատմամբ, հոգատար էր յուրաքանչյուրի հանդեպ: Բարի, անմիջական, հումորի բնատուր օժտվածությամբ:
Կառլեն Միրզախանյանն արժանացել է բազմաթիվ պետական պարգեւների, նրան շնորհվել է հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: Պրոֆեսոր Միրզախանյանը երկրի կրթական համակարգի նշանավոր ներկայացուցիչներից էր:
Երեկ տեղի ունեցած միջոցառման ընթացքում ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը հիշեց հետաքրքրական պահեր Կ. Միրզախանյանի կյանքից: «Ես Միրզախանյանների գերդաստանին շատ լավ եմ ճանաչում, իսկ Կառլեն Միրզախանյանին ճանաչում էի դեռ ուսանողական տարիներից, նա ինձնից մի քանի կուրս բարձր էր: Ինձ զարմացրել է մի բանՙ ինչպես պատմաբանը հասկացավ, որ Մանկավարժականում անհրաժեշտ է մշակութային ֆակուլտետ»: Իր ելույթում ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը առաջարկեց կուլտուրայի ֆակուլտետի առջեւ կանգնեցնել ֆակուլտետի հիմնադրի` Կառլեն Միրզախանյանի կիսանդրին:
Կուլտուրայի ֆակուլտետի թանգարանային գործի եւ հուշարձանների պահպանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանն իր հերթին հիշեց իր եւ Կ. Միրզախանյանի համագործակցության տարիները. «Կառլեն Միրզախանյանը հետաքրքրական մարդ էր, ոչ միայն «մշակույթի ասպետ»: Ես աշխատում էի մշակույթի նախարարությունում եւ մեզ համար խիստ անհրաժեշտ էր մասնագետներ պատրաստել` մշակութային կենտրոնների ղեկավարներ, ժողգործիքների անսամբլների, ինչպես նաեւ պարային համույթների ղեկավարներ: Եվ ահա մեր առաջին իսկ հանդիպումանը ինձ ասացՙ ինչ որ քո մտքով անցնում է` ասա, եւ թե ինչպես ես դա կյանքի կկոչեմ, իմ գործն է: Եվ արդյուքնում մեր ծրագիրը ի կատար ածվեց: Մտնելով ֆակուլտետ մեզ են նայում երկու տասնյակից ավելի մշակութային գործիչների լուսանկարներ, որոնց բոլորին Կառլեն Միրզախանյանն է հրավիրել աշխատանքի: Կ. Միրզախանյանը հայ մշակույթի զարգացման մի նոր փուլ սկսեց»: «Սկսվեց մրցակցություն: Մենք ունեինք կինոռեժիսորներ, երաժիշտներ, մեծանուն մարդիկ, որոնք մյուս համալսարաններում չէին դասավանդում: Այստեղ սկսվեց մի բեղմնավոր շրջան, եւ այժմ տեսնում ենք, թե կուլտուրայի ֆակուլտետը ինչ մակարդակի է հասել եւ դարձել է մշակութային հզոր օջախ»: Լավրենտի Բարսեղյանն առաջարկեց Կառլեն Միրզախանյանի անվանական կրթաթոշակ սահմանել Մանկավարժականի ուսանողների համար:
Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանն էլ հիշեց իր ուսանողական տարիները, երբ Կառլեն Միրզախանյանն իրեն դասավանդում էր. «Ուսանելու տարիներին Կ. Միրզախանյանը մեզ տարավ Սեւանի հանգստայան տներից մեկը, որտեղ ոչ մի ժամանցի ձեւերից չէր թողնում օգտվել` առավոտյան փորձ, հետո սնվել, նորից փորձ եւ այդպես շարունակ: Այդ հնարամտության շնորհիվ էր, որ մեր նվագախումբը մեկնելով փառատոնիՙ արժանացավ գրան պրիի: Ի դեպ, Կ. Միրզախանյանը շատ ուշադիր էր մեր նկատմամբ եւ հենց այդ փառատոնին միայն նա էր, որ նախօրոք մտածել էր հնարավոր է անձրեւ գա ու իր երաժիշտներին հագցրել էր անձրեւանոցներ, ու այդ անձրեւը եկավ…»: Հիշելով հետաքրքրական դեպքեր, Ա. Գեւորգյանն ասաց. «Ընկ. Միրզախանյանը մտնում է լսարաններից մեկը եւ նկատում, որ աղջիկները պատուհանից դուրս են ցատկում` դասից փախչում են: Մենք այդ ամենից անտեղյակՙ մյուս օրը գնում ենք դասի ու նա մտնելով լսարան` պարայինների ավագին ասում է` «Լեւոն, կանգնիր եւ հաշվիր, բոլոր աղջիկները տեղո՞ւմ են»: Լեւոնը հաշվեց-հաշվեց, ու հաստատեց բոլորի ներկայությունը: Կ. Միրզախանյանը ասաց. «Հարցնում եմ, որովհետեւ տեսա, թե ինչպես էին «թռնում», ասում եմՙ հնարավոր է մեկի պարաշուտը չի բացվել»: Ահա այսպիսի ներողամիտ եւ հումորով մարդ էր ընկեր Միրզախանյանը»:
Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանն էլ «Ազգի» հետ զրույցում հիշելով Կ. Միրզախանյանին ասաց. «Նա շատ դեմոկրատ էր վերաբերվում ուսանողներին, մասնավորապես նրանց, որոնք աշխատում էին: Ես դեռեւս դպրոցից աշխատում էի հեռուստատեսությունում եւ երկրորդ կուրսից դասերի շատ քիչ էի հաճախում: Այդ տարիներին վարում էի «Կինոնկար երեխաներին» հաղորդումը եւ յուրաքանչյուր կիրակի ցուցադրում էինք մանկական ֆիլմ, հետո երեխաների ուղարկած նկարներն էինք ցուցադրում ֆիլմի թեմաներով: Եվ հիշում եմ, որ ամեն կիրակի Կառլեն Միրզախանյանը բերում էր իր թոռան նկարները, որպեսզի ես ցուցադրեի հեռուստատեսությամբ: Հպարտորեն կարող եմ ասել. մնացյալ բուհերի հետ համամետած, մանկավարժականում կար իրական ստեղծագործական մթնոլորտ, իսկ մյուս բուհերում` խանդ մեր ֆակուլտետի նկատմամբ»:
Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը հիշեց. «Երբ մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակումից հետո առաջին օրը գնացի աշխատավայր, դեռեւս իմ համարն էլ չգիտեի, երբ զանգ ստացա Կ. Միրզախանյանից. «Բարեւ Ձեզ, ներեցեք, Ժիրայր Տավստանոգովին կարելի՞ է (Գեորգի Տավստանոգով անվանի ռուս բեմադրիչ է), զանգահարել եմ` շնորհավորեմ»: Կառլեն Միրզախանյանն ուներ բացառիկ հումոր եւ շատ ուշադիր էր իր ուսանողների նկատմամբ»:
Կառլեն Միրզախանյանն այնպիսի խոր հիմքերի վրա է ստեղծել եւ կառուցել կուլտուրայի ֆակուլտետը, որ հիմա, նույնիսկ առանց իր կառավարման, այդ ֆակուլտետն ավարտած մասնագետները գերիշխողներն ու ամենամրցունակներն են մշակույթի իրենց բնագավառում: