Azg.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
-Պարո՛ն Նահապետյան, որքա՞ն համակարգված եք գնահատում տեղահանված արցախցիներին Հայաստանում ընդունելու և նրանց՝ այստեղ տեղավորելու գործընթացը։
-Պետական կառույց կա՞, որ համակարգում է այդ աշխատանքները։ Ես նման բան չեմ լսել։ Տեղահանված մարդկանց ընդունման-տեղավորման աշխատանքները պետք է պետական մակարդակով արվեն, պետք է ներգրավված լինեն համապատասխան բոլոր ինստիտուտները՝ սկսած տեղական ինքնակառավարման մարմիններից։ Առաջին հերթին պետք է համակարգված գործի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարությունը։
Արցախից տեղահանված մարդիկ պետք է կոնկրետ իմանան՝ կոնկրետ այսինչ հեռախոսհամարով զանգահարում են՝ այսինչ խնդրի համար, մեկ այլ հեռախոսահմարով՝ այլ խնդրի։ Այնինչ բոլորս էլ տեսնում ենք, որ աշխատանքերում առավելապես կամավորներն են ներգրավված, և սա ցույց է տալիս պետության բացակայությունը։ Պետությունը պետական ինստիտուտների լինելիությունն է։
Հիմա, եթե պետական ինստիտուտներն աշխատանք չեն անում, այլ անում են կամավորները, նշանակում է, որ պետություն մեծ հաշվով չկա կամ պետությունը որոշում չի կայացրել պետական մակարդակով այդ մարդկանց համապատասխան օժանդակություն ցուցաբերել։
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ իրադարձություններն այսքան արագ զարգացան, ինչպե՞ս եք այդ համատեքստում գնահատում ռուս խաղաղապահների կեցվածքը։
-Այս պատերազմը ցանկացած ժամանակ կարող էր սկսվել։ Այդ մասին բազմիցս բարձրաձայնել և հիմնավորել ենք։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մարտավարությունը հետևյալն էր. շուրջ 3 տարի օղակն առավելագույն չափով սեղմել, որպեսզի արցախահայերը կամ դուրս գան կամ ինտեգրվեն Ադրբեջանին։ Երեք տարի Ադրբեջանը ռազմական գործողություններ չարեց՝ չհաշված առանձին սադրանքները։
Հիմա, ինչո՞ւ իրավիճակը կտրուկ փոխվեց. որովհետև մի երկու շաբաթ առաջ ադրբեջանական շրջափակումը ճեղքվեց՝ Ակնայից և Բերձորից հումանիտար բեռներ մտան Արցախ։ Սա արդեն ազդակ էր Ալիևին, որ երեք տարվա քաղաքականությունը ձախողվել է։ Սա առաջին ազդակն էր։
Եղավ նաև երկրորդ ազդակը. անցած տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը գրավոր և բանավոր խոստումներ է տվել։ Հիմա, եթե Փաշինյանը չի լինում, այդ բոլոր խոստումները այլևս կարող են կյանքի չկոչվել՝ առավել ևս, որ դրանք բանավոր են։
Անցած կիրակի Երևանում ավագանու ընտրություններ տեղի ունեցան, որոնք ցույց տվեցին, որ Երևանում ապրող ՀՀ բնակչության կեսի շրջանում Փաշինյանը զրո աջակցություն ունի։ Ադրբեջանում հաշվեցին, որ եթե վաղը-մյուս օրը Հայաստանում ընդդղիմադիր ուժերի կոնսենսուս լինի՝ իշխանությունից Փաշինյանին հեռացնելու համար, ապա դա կարող է շատ արագ լինել։
Երկուշաբթի ընտրությունների արդյունքները հայտարարվեցին, երեքշաբթի Արցախում գործողություն սկսվեց։
Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, ապա շատերն ասում են, որ վերջիններս իրենց գործառույթները չեն իրականացրել։ Իսկ նման գնահատականներ հնչեցնողները գիտե՞ն, թե օրինակ՝ ինչ գործառույթներ ունեն ռուս խաղաղապահները և 40 հենակետերում, որտեղ նրանք եղել են, ինչ են արել։
Նման գնահատական տալուց առաջ առնվազն պետք է իրազեկ լինես՝ յուրաքանչյուր հենակետի խնդիրը կատարվե՞լ է, թե ոչ։ Բայց որ ադրբեջանցիները կորուստներ են ունեցել նաև այն ուղղություններով, որտեղ ռուս խաղաղպահներ և զինտեխնիկա է եղել, փաստ է։ Սրա մասին չի խոսվում, և ճիշտ է, որ չի խոսվում, որովհետև դա նրանց գործառույթների մեջ չէր մտնում։
-Պարո՛ն Նահապետյան, հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանում կենտրոնացած արցախահայության ցասումը կարող է ռեալ վտանգ սպառնալ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։
-Ահա, թե աշխատանքները պետական մակարդակով չեն արվում, որովհետև եթե արվեին, դա կարող էր որոշակի դետոնատորի դեր խաղալ։ Բայց իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի կենտրոնացված տեղերում չլինեն։
Մեծ հաշվով, տեղահանված արցախցիները մեծ կորուստներ են կրել, զոհեր ունեն, հարազատներին են թողել, ամեն ինչ թողել են, և ես չեմ կարծում, որ այս պահին նրանց մոտ կարող է քաղաքական բողոք հասունանալ, որ պահանջեն Փաշինյանի հրաժարականը։
Երբ ուսումնասիրում ես այնտեղից եկած մարդկանց հոգեվիճակը, տեսնում ես, որ այն լրիվ այլ հարթության վրա է։
-Անդրադառնանաք երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած հուժկու պայթյունին. Դիտավորությո՞ւն, թե անփութության հետևանք։
-Երբ մարդկանց բենզին են բաժանել, մարդկային գործոնով պայմանավորված բռնկում է եղել։ Այսինքն՝ դիվերսիա չի եղել, անփութություն է եղել։ Իմ տվյալներով՝ բենզինի ցիստեռնների շրջակայքում կրակ է հայտնվել։ Բայց նաև պայթյունը տեղի է ունեցել մի զորմասի կողքին, որտեղ զորամասի և բանակի վառելիքի պահեստներ են եղել՝ անձեռնմխելի պաշար։ Պայթյունից մեծ բռնկում է եղել։