Տեղեկատվական դաշտում Հայաստանի Հանարապետության դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե հանրության հետ հաղորդակցությունը պետք է առավել ակտիվ պահել։
«Երեկ իր գնահատականն այն էր, որ ԼՂ բնակչության կյանքին ուղիղ սպառնալիք այս պահին չկա, այսօր ևս այդ գնահատականն ուժի մեջ է։
Բայց էլի եմ ասում՝ պետք է արձանագրել, որ իրադրությունը կարող է ցանկացած պահի փոխվել, չնայած՝ ես այս հայտարարությունը չէի անեի, եթե դինամիկայի մեջ էլ չտեսնեի որոշակի միտումներ, որոնք նման հայտարարության հնարավորություն տալիս են, բայց իրադրությունը փոփոխական է, չեմ կարող ասել, որ կայուն է»,- ընդգծեց Փաշինյանը։
ԼՂ մեր հայրենակիցների Հայաստան տեղափոխումը կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների ԼՂ-ում մնալու անհնարինությունը, այսինքն՝ եթե այս իրավիճակը շարունակվի. արցախահայության՝ Հայաստան տեղափոխվելու մասին ասել է Փաշինյանը։
«Մենք գնահատում ենք, որ այս պահին այդ անհնարինությունը առկա է: Եթե իրավիճակը չբարելավի, այդ իրավիճակը բոլորիս օրակարգում կլինի: Բայց նաեւ ուզում եմ տեղեկացնել, որ դեռեւս սեպտեմբերի 19-ին, այսինքն գործողությունների մեկնարկի օրը, ես հանձնարարական եմ տվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որ կառավարության գործընկերների հետ քննարկի մարդկանց հնարավոր հոսքի դեպքում դեպի Հայաստան, թե ինչպես, որտեղ, ինչով ենք աջակցելու մեր հայրենակիցներին:
Ավելի քան 40 հազար տեղ պատրաստվել է, խոսքը կեցության վայրերի մասին է, ինչպես նաեւ զուգահեռ առողջապահական, սննդի առումներով: Սա համաձայնեցված դիրքորոշում է ԼՂ գործընկերների հետ: Մեր պլան Ա-ն ԼՂ-ն հայաթափելը չէ, մենք մեր գործողություններում ամեն ինչ պետք է անենք, որ մեր հայրենակիցները իրենց տներում առանց վախի, արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենան»,-ասաց նա: