«Երբ Ռուսաստանը դադարեց աջակցել, Փաշինյանը երես թեքեց նրանից. դա հանգեցրեց ԱՄՆ-ի հետ իրականացվող զորավարժության բնույթի փոփոխությանը», գրում է թուրքական «Միլլիյեթը», անդրադառնալով Փաշինյանի հարցազրույցի ֆոնին Երեւան-Մոսկվա լարվածությանը
Վերջին օրերին աննախադեպ սրվել է Երեւան-Մոսկվա լարվածությունը: Պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնիշխան պետության ղեկավարին վայել քաղաքական քայլերն են, պայմանավորված Հայաստանին եւ հայ ժողովրդին նսեմացնելու շատ հավերժ դաշնակից Ռուսաատանի հարատեւ չարանենգությամբ: Ինչպես երեւում է ՀՀ վարչապետի հայտարարություններն անակնկալի են բերել Կրեմլի իմաստուն ղեկավարներին, որոնք վերջապես գիտակցել են, որ Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաաստանի միակ հենարանն է: Այս իսկ պատճառով նրանք հոխորտալիս, չեն մոռանում նաեւ մեղա գալ, նույնիսկ Հայաստանի շահերը պաշտպանելու մասին են խոսում: Բայց գնացքը տեղից արդեն շարժվել է:
Դա զգում են նաեւ միջազգային լրատվամիջոցները, որ վերջին օրերին հաճախ են արծարծում Երեւան-Մոսկվա լարվածության հարցը: Ինչ վերաբերում է թուրքական մամուլին, ապա «Միլլիյեթը», որքան էլ թուրքական մյուս թերթերի համեմատ զուսպ լինի, ի վերջո արտահայտում է թուրքական պետության տեսակետը: Սակայն խնդիրը այդ տեսակետի մեկնաբանությունը չէ, այլ դա «Միլլիյեթի» միջոցով հայ ընթերցողին նույնությամբ, թարգմանաբար ներկայացնելը: Ահա թե ինչ է գրել թուրքական թերթը.
«Ամերիկյան «Politico» հանդեսին տված հակիրճ հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի (որի հետ լարված հարաբերությունների մեջ է) եւ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ կարեւոր հայտարարություններ արեց: Նա այդ հարցազրույցը տվել էր սեպտեմբերի 3-ին, որտեղ խոստովանեց, որ 44-օրյա պատերազմում վստահելով Ռուսաստանին, ռազմավարական սխալ են գործել: Նրա կարծիքով «ներկա պահին Ուկրաինայում զենքի եւ զինամթերքի խիստ կարիքն ունեցող Ռուսաստանը ի վիճակի չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը:
Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի անկախությունը
Փաշինյանն այս հայտարարությունից հետո հայտնեց, որ ԱՄՆ-Հայաստան համատեղ զորավարժություն է կազմակերպելու: Խնդրո առարկա զորավարժությունն արդեն սկսել է, կտեւի 9 օր:
Այս հանգամանքն աննախադեպ սրեց Մոսկվա-Երեւան լարվածությունը: Ահա թե ինչու ռուս առաջնորդ Պուտինը երեկ, կարծես պատասխանելով Հայաստանի վարչապետին, ասաց. «Փաշինյանը ինձ ծավալուն մի նամակ է ուղարկել: Իր հետ շփվում եմ: Հայաստանի կամ Փաշինյանի հետ որեւէ խնդիր չունենք: Չեմ կարծում, որ «ուղեծրի որեւէ փոփոխություն» (Հայաստան-ԱՄՆ մերձեցման պես) լինի: Ամեն ինչ տեսնում եւ հասկանում ենք: Խնդիրն այն է, որ Հայաստանը Պրահայում ստորագրված փաստաթղթով, իրականում ճանաչել է Ադրբեջանի գերիշխանությունը Ղարաբաղի վրա»:
Փոխվել են Ռուսաստանի առաջնահերթությունները
Փաշինյանն իր հերթին օրվա մեջ ամերիկյան Politico հանդեսի հարցերին պատասխանելիս հիշեցրեց, որ Ադրբեջանի հետ բախումների հավանականության ներկա փուլում չի կարող Ռուսաստանին կրկին վստահել: Ապա նա ավելացրեց. «Ռուսաստանն ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայի վրա, իսկ դա հանգեցրեց Ռուսաստանի առաջնահերթությունների փոփոխությանը: Հետեւաբար մենք պետք է որդեգրենք այլ երկրներից մեր կախվածությունը նվազագույնի իջեցնելու ռազմավարություն»:
Կարգավորելու ենք հարաբերությունները մեր հարեւանների հետ
Հարցազրույցի վերջում Փաշինյանն ասաց, որ տասնամյակներ տեւող բախումներից հետո խաղաղությություն հաստատելու համար ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջնորդությամբ շարունակում ենք բանակցությունները Ադրբեջանի հետ եւ հավելեց. «Եթե ստեղծելու ենք մնայուն, հավերժական պետություն, ապա պետք է հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման լուրջ քայլեր կատարենք: Թեեւ մեր գործընկերները՝ Եվրոպական միությունն ու ԱՄՆ-ը ժողովրդավարական բարեփոխումների հարցում աջակցում են մեզ, սակայն այդ աջակցությունը դեռեւս անբավարար է»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ