Հեղինակի ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածը տպագրվել է «Նյու Յորք Թայմսի» սեպտեմբերի 2-ի համարում
Ուկրաինայում շարունակվող պատերազմը իր ռուսական տանջանքի կենտրոններով եւ քաղաքացիների կոտորածներով, ինքնին բավական սարսափելի է, բայց մեկ այլ երկիր, օգտվելով պետությունների մտացրվածությունից, մարդկության դեմ ուղղված իր անձնական ոճիրն է իրականացնում:
Ծանոթացեք Ադրբեջանի հետ: Հավանաբար չեք լսել Լեռնային Ղարաբաղ անվամբ հայկական անկլավի դեմ ուղղված Ադրբեջանի վայրագությունների մասին, բայց դրանք արժանի են մանրազնին քննարկման: Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որի հետ տարիներ առաջ ծանոթացել եմ, երբ պահանջում էր պատասխանատվության ենթարկել մեղավորներին Սուդանի Դարֆուր շրջանում կատարված ցեղասպանության համար, այժմ նույն բնութագրմամբ է ներկայացնում այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում: «Շարունակական ցեղասպանություն է իրականացվում Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայերի դեմ», գրել էր նա իր զեկուցման մեջ:
Մենք հակված ենք մտածելու, որ ցեղասպանությունը մի որոշակի էթնիկական խմբավորման ոչնչացումն է: Մինչդեռ 1948-ի «Ցեղասպանության կոնվենցիայի» իրավական սահմանումը ավելի լայն է եւ չի սահմանափակվում սոսկ զանվածային սպանություն իրականացնելու պահանջով, եթե կան որոշակի «գործողություններով պայմանավորված իրավիճակ, որը միտված է ոչնչացնելու» էթնիկական, ռասսայական կամ կրոնական մի որոշակի խմբի անդամներին: Ըստ Մորենո Էկամպոյի, դա էլ հենց այն է, ինչ կատարում է Ադրբեջանը՝ շրջափակելով Լեռնային Ղարաբաղը, որպեսզի մարդիկ այնտեղ մահանան, կամ այնտեղից հեռանան՝ տարրալուծելով մի ամբողջ հինավուրց համայնք:
«Սովի մատնելը ցեղասպանական անտեսանելի զենք է: Առանց անմիջական գործուն փոփոխության, հայերի այդ խմբաքանակը մի քանի շաբաթվա ընթացքում բնաջնջվելու է», գրել էր Օկամպոն: Իսկ ինձ ասաց, որ «չափազանց կարեւոր է այդ գործողությունները ցեղասպանություն որակելը»: Ես կավելացնեի, որ վճռական նշանակություն ունի նաեւ այն, որ Մ. Նահանգները եւ մյուս գերտերությունները, ներառյալ Բրիտանիան, որ ցարդ շատ պասիվ է եղել, ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա:
Ցեղասպանություն հասկացությունը առաջացավ հայերի դեմ 1915-16 թվերին Օսմանյան կայսրության գործադրած զանգվածային սպանությունների հետեւանքում, իսկ հայերին այսօր սովամահության եթնարկելը նշանակում է, որ պատմությունը ամբողջությամբ կրկնվելու վտանգի առաջ է կանգնած:
«Ցեղասպանության զգոնություն» (GW) կազմակերպությունը «Ցեղասպանության արտակարգ վիճակ» է հայտարարել, «Ցեղասպանության կանխարգելման Լեմկին ինստիտուտը» (LIGP) «Ցեղասպանության աչալուրջ տագնապի ազդանշան է հնչեցրել, իսկ «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան» (IAGS) զգուշացրել է «Ցեղասպանության վտանգի առկայության մասին» եւ կոչ է արել՝ Ադրբեջանին մեղավոր ճանաչել մարդկության դեմ գործած հանցագործությունների համար:
Ներկա ճգնաժամը սկիզբ առավ անցյալ տարվա վերջին, երբ ադրբեջանցիները ագրելափակեցին Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը, որը միակ ճանապարհն է սնունդ եւ դեղորայք հասցնելու այդ տարածքի բնակչությանը: Արդարադատության միջազգային դատարանը կոչ արեց վերացնել արգելափակումը, իսկ Ադրբեջանի կառավարությունը դրան հակառակ` ճանապարհին պահակակետ տեղադրեց եւ արգելեց անգամ ԿԽՄԿ-ի հումանիտար օգնության մեքենաների անցումը այդտեղից:
«Հացի հերթ կանգնած մարդիկ ուշագնաց են լինում», հայտնում է BBC-ին, մեջբերելով ղարաբաղցի մի լրագրողի խոսքերը: Հաղորդագրությունը նաեւ հավելում է, որ շահ չհետապնդող «Halo Trust» կազմակերպությունը, որ ականազերծման աշխատանքներ է իրականացնում տարածքում, ստիպված է եղել դադարեցնել գործողությունները, «որովհետեւ աշխատակազմի անդամները հյուծված են եւ չեն կարող աշխատել ամբողջ գիշերը հացի հերթ կանգնելուց եւ դատարկաձեռն տուն վերադառնալուց հետո»:
«Լեռնային Ղարաբաղի իշխանությունների տվյալներով` մահվան դեպքերի մեկ երրորդը թերսնուցման հետեւանք է», հայտարարել է BBC-ն: Ես հնարավորություն չունեմ ճշտելու այս տվյալը, բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ իրավիճակը չափազանց ծանր է եւ օրեցօր ավելի է վատթարանում:
Խոստովանեմ, վախենում եմ, որ Արեւմուտքն էլ է հոգնել եւ ներքին գործերով է զբաղված: Ուկրաինայից բացի, Արեւմուտքը միեւնույն ձեւով է արձագանքել եւ քիչ ուշարություն է դարձրել գլոբալ մյուս ճգնաժամերին, սկսած Եթովպիայի զարհուրելի գազանություններից եւ վերջացրած Սուդանի ռազմամոլ իշխանությունների կողմից քաղաքացիների սպանությունները: Դժբախտաբար, բռնակալ ղեկավարների համար, կարծես, ճիշտ ժամանակն է իրականացնելու ռազմական հանցագործություններ:
Բռնատիրական Ադրբեջանի ժողովուրդը հիմնականում մահմեդական է եւ թյուրքերենի մի տարբերակով է հաղորդակցվում, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը քրիստոնյա է եւ հայերեն է խոսում: Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Լեռնային Ղարաբաղը ձգտեց անկախություն ձեռք բերել: Տեղի ունեցավ պատերազմ, որն ավարտվեց նրանով, որ անկլավը գործում էր ինքնավար կարգավիճակով, բայց հարեւան Հայաստանի հետ սերտորեն կապված: 2020-ին Ադրբեջանը կարճաժամկետ մի նոր պատերազմ սանձազերծելով գրավեց անկլավի մեծ մասը եւ այժմ փորձում է տիրանալ նաեւ մնացյալ մասին, դուրս քշելով, իմ համոզմամբ, էթնիկ հայ բնակչության մեծամասնությանը:
Աշխարհը, ներառյալ Հայաստանի վարչապետը, Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս: Ադրեջանը իրավունք է վերապահում իրեն Լեռնային Ղարաբաղը քաղաքականապես եւ տնտեսապես «ինտեգրելու» մայր պետությանը:
Սակայն այն, ինչ տեղի է ունենում, բոլորովին էլ «ինտեգրում» չէ, այլ սովամահության իրականացում: Միակ կետը, որի շուրջ երկու հակառակորդ պետությունները (Մ. Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը) համակարծիք են, այն է, որ Ադրբեջանը պարտավոր է վերաբացել Լաչինի միջանցքը եւ վերջ դնել տառապանքին:
Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի աշխատակից Բենյամին Պողոսյանը տագնապալից աղետին վերջ դնելու փոխզիջումային մի տարբերակ է առաջարկում, նշելով, որ Ադրբեջանը կարող է վերացնել Լաչինի արգելափակումը, իսկ Լեռնային Ղարաբաղը կարող է բացել մեկ կամ ավելի ճանապարհներ դեպի Ադրբեջան, ինչը իր կարծիքով Ադրբեջանի սրտովը կլինի:
Արգելափակումը դատապարտող հայտարարության մեջ Մ. Նահանգները հուշում կատարեց այս մասին: Նման փոխզիջումային տարբերակին մաս են կազմելու նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերին ազատություն պարգեւելու Ադրբեջանի երաշխիքները:
Սա, մեր կարծիքով, բավարար լուծում չէ անշուշտ, քանի որ մարդկանց սովի մատնելու համար Ադրբեջանին վարձահատույց լինելու միտում կա կարծես դրանում, բացի այդ, ոչ ոք չի կարող վստահել Ադրբեջանի տված խոստումներին կամ երաշխավորություններին: Բայց դիվանագետների տխուր աշխատանքը սխալ, թերի, կամ ատելի համաձայնություններ հորինելն է, որոնք ավելի լավ են թվում, քան որեւէ ուրիշ այլընտրանքային ուղիների որոնումը: Տվյալ պարագայում անկատար նման գործարքը նախընտրելի է զանգվածային սովամահությունից եւ մի անգամ եւս հայերի էթնիկական զտումներից:
ՆԻԿՈԼԱՍ ՔՐԻՍՏՈՖ
Անգլ. բնագրից թարգմ.՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)