ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
Անցած շաբաթ Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում տեղի ունեցավ «Գյուլիստանի խաղաղության պայմանագիրը. պատմություն եւ արդիականություն» խորագրով գիտապրակտիկ կոնֆերանսը, որի կազմակերպիչներն էին ԱՊՀ երկրների ինստիտուտը եւ Ռուսաստանի հայերի միությունը: Կոնֆերանսի նպատակն էր ընդգծել այդ իրադարձության պատմական նշանակությունը Հարավային Կովկասի ժողովուրդների եւ Ռուսաստանի հետ նրանց հարաբերությունների համար: Կոնֆերանսի կազմակերպիչ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, հայկական քաղաքական եւ հասարակական շրջանակներում հայտնի, Պետական դումայի նախկին պատգամավոր Կոնստանտին Զատուլինն ընդգծեց, որ կոնֆերանսի խնդիրներից մեկն էլ Գյուլիստանի պայմանագրի արդիականության եւ այժմեականության հետազոտությունն է Կովկասյան տարածաշրջանի համար, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման տեսանկյունից:
Կոնֆերանսին մասնակցում էին մոսկովյան հայտնի պատմաբաններ, քաղաքագետներ, դիվանագետներ, հյուրեր հյուսիսկովկասյան հանրապետություններից, ինչպես նաեւ ինը մարդուց բաղկացած հայաստանյան եւ երեք մարդուց բաղկացած արցախյան ներկայացուցչական պատվիրակությունները: Ամբողջ օրը տեւած կոնֆերանսում հնարավորություն տրվեց լսելու Գյուլիստանի պայմանագրի պատմական եւ քաղաքական ասպեկտներին, հայ-ռուսական հարաբերությունների պատմությանն ու ժամանակակից խնդիրներին, ինչպես նաեւ Ռուսաստանի կովկասյան քաղաքականության ընթացիկ հարցերին վերաբերող զեկուցումներ: Կոնֆերանսին հրավիրված չէին Ադրբեջանի ներկայացուցիչները, սակայն միանգամից երեք ադրբեջանական լրատվամիջոցներ հավատարմագրվել էին նախապես եւ ներկա գտնվեցին մինչեւ նրա աշխատանքի ավարտը: Ներկաները ափսոսանք հայտնեցին նաեւ, որ կոնֆերանսին չեն մասնակցում Վրաստանի պատվիրակները, այնինչ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեծապես հետաքրքրում է թե ռուս, թե հայ քաղաքագետներին: Ստորեւ փորձենք ի մի բերել տարբեր ելույթների հանրագումարըՙ նկատի ունենալով, որ մոսկովյան կոնֆերանսը այն սահմանափակ թվով հարթակներից մեկը եղավ, որտեղ փորձ արվեց արդիական հնչողություն հաղորդելու 200 տարի առաջ հայ, ադրբեջանցի եւ ռուս ժողովուրդների կյանքում կարեւոր դեր խաղացած իրադարձությանը:
Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերի անանց խորհուրդը
Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներն ու տպագիր հրատարակությունները ինչ ասես, որ չեն մոգոնել Արեւելյան Հայաստանում եւ Արցախում հայերի եկվոր ու վերաբնակեցված լինելու մասին: Ուրանալով այն ակնհայտ ճշմարտությունը, որ Հարավային Կովկասի ազգաբնակչության հավասարակշությունները խախտվել են 17-րդ դարի սկզբում շահ Աբբաս Առաջինի, 18-րդ դարի առաջին կեսին Նադիր շահի եւ 18-րդ դարի վերջում Աղա Մահմեդ խանի արշավանքների եւ դրա հետեւանքով հայերի զանգվածային տեղահանությունների եւ բռնի արտագաղթի հետեւանքով, հենվելով լոկ 19-րդ դարի առաջին կեսի փաստաթղթային տեղեկությունների վրաՙ պնդում են, թե հայերը Արեւելյան Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հայտնվել են ռուսական քաղաքականության շնորհիվ: Այս կեղծիքը դարձել է զենքՙ հիմնավորելու համար, որ Արեւելյան Հայաստան հասկացությունն ընդհանրապես վաղուց կորցրած է եղել իր պատմաքաղաքական բովանդակությունը, որովհետեւ մահմեդական տարրը կազմել է բնակչության մեծամասնությունը: Պատմական փաստաթղթերը աներկբա վկայում են, որ ռուսական քաղաքականության համար քրիստոնյա տարրի առկայությունը նոր գրաված տարածքներում իսկապես եղել է շատ կարեւոր, եւ այդ նպատակով ռուս վերաբնակներ Հարավային Կովկաս իսկապես բերվել են: Հայերը մյուս հին քրիստոնյաների հետ միասին կազմել են ռուսներից հետո իրենց կարեւորությամբ բնակչության երկրորդ խումբը, որի վերաբնակեցման քաղաքական որոշումը կենսագործել է, մասնավորապես Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Գրիբոյեդովը: Շատ կարեւոր է հասկանալ, որ Ռուսաստանյան կայսրությանն անցած վայրերում թե Պարսկաստանից, թե Օսմանյան կայսրությունից վերաբնակեցված մոտ 160 հազար հայերը հաստատվել են այն բնակավայրերում, որտեղ դրանից 200 տարի առաջ ապրել են հայեր, որոնք, ինչպես արդեն ասացինք, տեղահանվել եւ բռնագաղթվել են: Օբյեկտիվորեն պատմական այս ճշմարտությունը գալիս է եւս մեկ անգամ վկայելու, որ Արեւելյան Հայաստանի վերակենդանացումը եւ հայության զարգացումը հնարավոր է եղել միայն Գյուլիստանի (1813թ.) եւ Թուրքմենչայի (1828թ.) պայմանագրերի շնորհիվ: Հենց դրա համար է հայկական պատմական մտածողության մեջ արմատավորված այն ճշմարտությունը, որ արեւելահայության հարությունը հնարավոր եղավ միայն ռուսական քաղաքականության շնորհիվ: Այստեղ վերանում ենք նույնքան ճշմարիտ, բայց երկրորդական նկատվող այն իրողություններից, որ ցանկացած գաղութի բնակչության մեջ միշտ կլինեն ընդվզումներ եւ դժգոհություններ անարդար կառավարումից, օտար ազդեցությունից եւ զարգացումը սահմանափակող կապանքներից: Այս խոսակցությունները բոլոր ժամանակներում, բոլոր գաղութներում եղել են եւ լինելու են, եւ նրանց ճշմարտացիության հանգամանքը մշտապես հետազոտության առարկա է լինելու: Բայց այն հանգամանքը, որ 18-րդ դարի սկզբից սկսած, Իսրայել Օրու, Լազարյան գերդաստանի ներկայացուցիչների, Հայոց Աղվանքի կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյանի, ընտրված, բայց չօծված կաթողիկոս Հովսեփ Արղությանի եւ հատկապես Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի ու նրանց գաղափարակիցների ջանքերով Ռուսաստանյան կայսրության հետաքրքրությունը ուղղվել է դեպի Հարավային Կովկաս եւ Հայաստան, վճռական դեր է կատարել հայ ժողովրդի դեմոգրաֆիական զարգացման եւ տնտեսական ռեսուրսների բազմապատկման համար: Այդ նշանակությունն այնքան մեծ եւ անվիճելի է հայ իրականության մեջ, որ նույնիսկ ռուսական կայսերապաշտության եւ խորհրդային կոմունիզմի ամենախիստ քննադատները ստիպված են ընդունել, որ Ռուսաստանյան կայսրության եւ Խորհրդային Միության կազմում հայությունը ոտքի կանգնեց, ուղղեց իր մեջքը եւ ձեւավորվեց իբրեւ պետականություն կերտող ազգ:
Կարծում եմ, որ հենց սա էր ադրբեջանցիների քար լռության եւ այդ թեմայով չարախոսությունների միակ պատճառը, որովհետեւ ադրբեջանցիները շատ լավ հասկանում են, որ Գյուլիստանի պայմանագրի պատմական նշանակության մասին խոսելիս հայերը ներկայանում են իբրեւ ռուսների բնական եւ հավատարիմ դաշնակից, մի ժողովուրդ, որն իր վերածնության հանգամանքով արդյունք է Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերի: Միայն ափսոսալ կարելի է, որ եթե ընդամենը 44 տարի առաջ Թուրքմենչայի պայմանագրի 150-ամյակի առիթով նախկին Խորհրդային Հայաստանի գիտնականները տասնյակ, եթե ոչ հարյուրավոր գրքեր ու հոդվածներ են հրատարակել, ապա այսօր մեր հասարակությունը քննարկում էր լոկ մեկ շատ հետաքրքրական եւ մեծ վիճաբանությունների առարկա դարձած աշխատությունՙ Զորի Բալայանի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս վերլուծականում ես կուզենայի ոչ թե քննարկել իմ ավագ գրչակից ընկերոջ նամակի բովանդակությունն ու քաղաքական նշանակությունը, այլ ցավով արձանագրել, որ մեր պատմաբանների ձայնը Գյուլիստանի պայմանագրի տարեդարձի առիթով համարյա չլսվեց: Գուցե պատճառներից մեկն այն է, որ խորհրդային ժամանակների նշանավոր պատմաբանների հետնորդները մեր ժամանակներում այլ թեմաներով եւ այլ խնդիրներով են զբաղված եւ համարում են, թե ուսումնասիրելու առանձնապես բան չի մնացել: Կամ գուցե այլեւս պետություն ունեցող հայ ազգի շատ մտավորականների դուր չի գալիս հիշել այն ժամանակները, երբ ֆիզիկական ոչնչացումից մազապուրծ արեւելահայությունը, քաղաքական գործոն նկատվելով ռուսական իշխանությունների կողմից, հարություն առնելու եւ ամրանալու բացառիկ հնարավորություն ստացավ: Սակայն մոսկովյան այդ կոնֆերանսում ելույթ ունեցած ճանաչված ռուս ռազմական եւ քաղաքական պատմության մասնագետների ելույթները ցույց են տալիս, որ Ռուսաստանում 200-ամյա պայմանագրի խաղացած հետեւանքները ոչ միայն շատ լավ են հիշում ու հասկանում, այլեւ հորդորում են իրենց իշխանություններին հավատարիմ մնալ հայ-ռուսական դաշինքի եւ Հարավային Կովկասում (ըստ ռուսներիՙ Անդրկովկասում) ռուսական ներկայության ձեւավորված ավանդույթներին:
Ձեւավորված ավանդույթների արդիական հնչողությունը
Կոնֆերանսին ներկա ռուս ճանաչված դիվանագետներից մեկը հարցնում էրՙ ընդունելի՞ է արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ընդգրկված կողմերի համար ռուսական ազդցությունը եւ բացառիկ դերակատարությունըՙ նկատի ունենալով, որ պատմական հանգամանքների բերումով Ռուսաստանը որոշակիորեն առաքելություն եւ պատասխանատվություն ունի, որի վկայություններից մեկը Գյուլիստանի պայմանագիրն է: Եվ իսկապես, անզեն աչքով էլ տեսանելի է, որ համեմատած Մինսկի խմբի մյուս համանախագահների հետՙ Ռուսաստանի ազդեցությունը եւ որոշակիորեն պատասխանատվությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի նկատմամբ շատ ավելի մեծ են: Իրականում 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքը ոչ միայն Կովկասով հետաքրքրված մեծ պետություն է, այլեւ ուղղակիորեն տարածաշրջանի բաղկացուցիչ մասն էՙ առանց որի տարածաշրջանում քաղաքական եւ տնտեսական լուրջ փոփոխություններ ուղղակի հնարավոր չեն: Բայց արդի ճշմարտություններից մեկն էլ այն է, որ այն ազդեցությունը, որը Ռուսաստանն ունի Հայաստանի վրա, չունի ոչ Ադրբեջանի, ոչ էլ Վրաստանի դեպքում: Թեկուզ այն հանգամանքը, որ, ի տարբերություն Հայաստանի, ոչ Ադրբեջանը եւ ոչ էլ Վրաստանը չեն ցանկանում անդամակցել Մաքսային միությանն ու ընդգրկվել Եվրասիական ինտեգրացիայի գործընթացներում, խոսում է այն մասին, որ Հարավային Կովկասում ամբողջությամբ վերցրած, մոտակա ժամանակներում միայն ռուսական ներգործությամբ եւ ազդեցությամբ որոշումներ չեն ընդունվելու: Թե ԱՄՆ-ը, թե Եվրոպական միությունը դիտարկելու են Մաքսային միության տարածումը Հարավային Կովկասում որպես Ռուսաստանի ծավալման փորձ եւ ձգտելու են հավասարակշռել այդ ծավալումը իրենց ներկայության մեծացմամբ: Այս մրցության մեջ քաղաքական նախապատվությունները, ֆինանսա-տնտեսական հարցերը, մշակութային ազդեցությունները եւ բազմաթիվ այլ խնդիրներ դառնալու են սրված քաղաքական զգացողությունների պատճառ:
Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակը Դաղստանում ներկայացվեց իբրեւ Ռուսաստանին միանալու հոբելյան: Ադրբեջանում հայտարարում են, որ իրենց քաղաքական անկախությունը կենսագործելու են չմիավորման շարժման մեջ գտնվելով եւ հավասարահեռ քաղաքականակություն են վարելու Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ: Իրականում Ադրբեջանի նավթային եւ գազային ռեսուրսները հնարավորություն են տալիս նրան որպես ցանկալի առեւտրատնտեսական գործընկեր ներկայանալու ցանկացած խոշոր ուժային կենտրոնի եւ մասնավորապես նաեւ Ռուսաստանի համար: Հայաստանի պարագայում Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության, ռազմաքաղաքական դաշինքի եւ դրանից բխող փոխհարաբերությունների հիմքում ընկած է մեր պատմության անվիճելի դասերի իմացությունը, որը մեզ տանում է դեպի հոգեւոր, աշխարհայացքային, արժեհամակարգային կատեգորիաների դաշտ: Չեմ կարող չհիշել վերջերս հրապարակած մեր սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները, ըստ որի հարցվածների 77%-ը Ադրբեջանը համարում է թշնամի, իսկ 74%-ը թշնամի է համարում Թուրքիան: Հարցվածների 82%-ը Ռուսաստանը համարում է թիվ մեկ բարեկամ եւ բնական դաշնակից Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի կարգավորման հարցում: Սա է այն ավանդական պատկերացումների ամբողջականությունը, որը վերջին մեկ դարի ընթացքում առանձնապես չի փոխվել: Ահա թե ինչու մենք կարող ենք համոզված ասել, որ իր կողմորոշումների եւ նախապատվությունների հարցում մեր ժողովուրդը ավանդապահ է եւ պահպանողական, եւ եթե ոչ ստացված կամ յուրացված գիտելիքների, այլ ավանդական պատկերացումների բերումով այսօր էլ, Գյուլիստանի պայմանագրից 200 տարի հետո, մնում է Ռուսաստանի բնական դաշնակիցը Հարավային Կովկասում: Այս իրողությանը տարբեր պատճառներով կարող են չհամաձայնել բազմաթիվ քաղաքական գործիչներ, սակայն մեզ շրջապատող աշխարհը մեզանից ոչ ավելի վատ, գուցե եւ շատ ավելի լավ գիտե այս ճշմարտությունը:
Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակին նվիրված ոչ մեծաթիվ, բայց նշանակալի իրադարձությունները գալիս են վկայելու, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի, իսկ աշխարհաքաղաքական ծրագրերը եւ մրցակցությունը ձեւավորվում ու հղկվում են տասնամյակների, երբեմն դարերի ընթացքում: Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմաքաղաքական դաշինքը վերջին երկու հարյուր տարիների ընթացքում մեկ սրված, մեկ թուլացած, բայց երբեք չմոռացված պատմական ու քաղաքական իրողությունների արդյունք է: