Լաչինի միջանցքը բացել-չբացելը քաղաքական գործարք է՝ պայմանավորված հատկապես Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններով։ Անգամ արդեն ՌԴ նախագահն է բացահայտ հայտարարում, որ եթե Հայաստանն Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել, այլևս ի՞նչի մասին է խոսքը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի ԿԳՄՍՆ կրոնի և փոքրամասնությունների բաժնի վարիչ, արցախյան շարժման ակտիվիստ Աշոտ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն այլևս հույսը կտրել է Հայաստանից՝ հենվելով միայն Արցախի վրա։
«Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով ռուսական հումանիտար բեռի տեղափոխումն ավելի շատ ադրբեջանական իշխանությունների հետ պայմանավորվածության արդյունք է։ Բայց Ադրբեջանն, ինչպես միշտ, իր չարագործությունն անում է. Կարմիր մահիկի մեկ մեքենա կրկին եկել-կանգնել է՝ ամեն ինչ անելու, որպեսզի մուտք գործի Արցախ։ Սակայն ճանապարհը փակ է»,- ասաց մեր զրուցակիցը։
Արմեն Սարգսյանը համոզմունք հայտնեց՝ չարժե հույս դնել ադրբեջանական կողմի վրա, որ Բերձորի միջանցքը բացվելու է, որովհետև անգամ ժամանակավորապես բացվելու դեպքում ադրբեջանցիները կրկին հարմար առիթ են գտնելու՝ ցանկացած պահի վերստին փակելու այն։
«Ինչպե՞ս կարելի է հավատալ ռուսներին և ադրբեջանցիներին, որովհետև եթե ռուսներն ի սրտե ցանկանան բացել Բերձորի միջանցքը, դա ընդամենը րոպեների հարց կլինի։ Միջանցքը փակել-բացելը համատեղ է արվում, դա մեկ կողմի խնդիր չէ։ Ինչպե՞ս է հնարավոր, որ ռուսները կտրականապես դեմ լինեն միջանցքը փակելուն, և ադրբեջանցիները կարողանան փակել»,- հարց հնչեցրեց Արմեն Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով ռուսական հումանիտար բեռի տեղափոխմանը, մեր զրուցակիցը դա թատերականացված գործողություն որակեց, որովհետև ռուսական կողմը շատ հանգիստ կարող էր նույն բեռը Լաչինի միջանցքով մտցնել Արցախ։
«Ֆրանսիան, Լյուքսեմբուրգն ասացին, որ օգնություն են բերելու, բայց ոչ մեկն էլ իր խոստումը մինչև վերջ չի կատարում։ Ինչ վերաբերում է ռուսներին, ապա եթե նրանք իսկապես ցանկանան բերել, թող բերեն Լաչինի ճանապարհով, ինչո՞ւ են բերում Ակնայով։ Կարծես մարդկանց դժբախտության վրա խաղան»,- ասաց Աշոտ Սարգսյանը։
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև ՀՀ իշխանությունների և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի նորընտիր նախագահին չշնորհավորելու դրվագին։
«Ինչու Փաշինյանը չի շնորհավորում մեր նոր նախագահին։ Տեսա՞ք, թե այդ թեմայով նա ինչ հիմարություն ասաց։ Պատկերացնո՞ւմ եք՝ մեկը կորցնի հարազատին, հարցնեն՝ ինչո՞ւ մյուս հարազատը չի ցավակցում, այդ մարդն էլ պատասխանի՝ դե մարդը հարազատ է կորցրել, մի հատ էլ ե՞ս նորից գնամ, ցավակցեմ։ Այո՛, պետք է գնաս և ցավակցես։
Հիմա քո համար ուրախություն չէ՞, պարո՛ն Փաշինյան։ Վերջիվերջո նախագահ է ընտրվել։ Չէ, ինչպե՞ս կարելի է. իր սիրելիին կարգալույծ են արել»,- ասաց Սարգսյանը։









