ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ճիշտ 115 տարի առաջ, 1898-ին Մոսկվայում երկրորդ հրատարակությամբ լույս տեսավ «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուն, որը ժամանակակիցները բնութագրեցին որպես «Գիրք-սիմֆոնիա», «Գիրք-հանրագիտարան», «Մատյան արյան եւ արցունքի»: Ժողովածուի ստեղծման բուն շարժառիթը 19-րդ դարավերջին Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածներն էին, որոնց հետեւանքով հազարավոր հայ երեխաներ, կանայք եւ ծերեր հայտնվել էին սովի եւ մահվան ճիրաններում: Անհրաժեշտ էր անհապաղ օգնության ձեռք մեկնել այդ անօգնական եւ անօթեւան էակներին: Հայերի համատարած եւ ծրագրային կոտորածները ուղեկցվում էին Եվրոպայում, Ռուսաստանում եւ հատկապես բուն Օսմանյան կայսրությունում մոլեգնող հայատյացությամբ, որի քարոզիչներն ու տարածողները թուրքամետ ծախու գրչակներն ու գործիչներն էին. դրանք ֆրանսիացի լոտիներն ու ռուս վելիչկոներն էին, ովքեր իրենց երկրների անտեղյակ հասարակությանը ներկայացնում էին խեղաթյուրված փաստեր եւ իրողություններ:
Անհրաժեշտ էր ոչ միայն հակահարված տալ այդ վայ գրիչներին, այլեւ Ռուսաստանի լայն հասարակությանը եւ կառավարական շրջաններին ընթացիկ իրադարձությունների մասին ներկայացնել ամբողջ ճշմարտությունը, ինչպես նաեւ գիտնական այրերի գրչով լուսաբանել հայ ժողովրդի անցած դարավոր ուղին, վեր հանել նրա ստեղծած մշակութային անկրկնելի արժեքները, հայորդիների ծառայությունները համաշխարհային քաղաքակրթությանը, քրիստոնեական բարձր մարդասիրական արժեքներին:
Այդ առաքելությունը վիճակված էր «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուին: Բազմածրագիր, բազմանպատակ կոթողային ժողովածուի նախաձեռնողը, կազմողը, խմբագիրը, առաջաբանի եւ մի շարք հոդվածների, այդ թվում նաեւ բանաստեղծությունների հեղինակը (Ա. Վետով, Գ. Միրով ծածկանուններով) եւ գրքի ամբողջ տպաքանակի իրացնողը ժամանակի հանրահայտ ռուսագիր հրապարակախոս, գրող, իրավագետ, «Ռուսսկիե վեդեմոստի» թերթի հրատարակիչ-խմբագիր Գրիգոր Ավետիքի Ջանշյանն (Ջանշիեւ) էր:
Նա ծնվել է Թիֆլիսում 1851 թվականին: Հայրըՙ Ավետիք Ջանշյանը, զբաղվել է առեւտրով, մայրըՙ Կեկելան, սերել է Թիֆլիսի հայկական մի հին տոհմից եւ եղել չափազանց բարի, կենսուրախ, մարդամոտ անձնավորություն: Գ. Ջանշյանը իր ազգանվան ծագումը կապում է Հնդկաստանի Ջանշի բնակավայրի հետ:
Գ. Ջանշյանը մինչեւ 13 տարեկանը ապրել է Թիֆլիսում, սովորել է տեղի բողոքական, ապա ծխական դպրոցներում, 1861-ին ընդունվել է Թիֆլիսի նահանգական գիմնազիայի նախապատրաստական դասարանը: 1864-ին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, որը արծաթե մեդալով ավարտել է 1870-ին: Նրա անունը ոսկե հուշատախտակին փակցված է եղել ճեմարանի պատին: Դպրոցական եւ ճեմարանական տարիներին, իր իսկ խոստովանությամբ, անբարենպաստ պայմանների հետեւանքով ծանր հիվանդացել եւ ստացել է ողնաշարի կորացում:
Լազարյան ճեմարանը ավարտելուց հետո նա կարճ ժամանակ սովորել է բժշկություն, ապա հիասթափվելով այդ մասնագիտությունիցՙ ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, թեեւ Լազարյան ճեմարանի տեսուչ, հայազգի պատմաբան Գ. Կանանովը (Գեւորգ Քանանյան), հաշվի առնելով պատանի Գրիգորի նախասիրությունները, խորհուրդ է տվել նրան ուսումը շարունակել պատմաբանասիրական ֆակուլտետում:
Ինստիտուտը ավարտում է բարձր առաջադիմությամբ. ինչպես ճեմարանում, այնպես էլ ինստիտուտում նա ավարտական քննությունների ժամանակ ստանում է ընդամենը մի «չորս» գնահատական, այն էլ ժամանակի հայտնի հայատյաց Ն. Կռիլովից. ի դեպ, հետագայում նա մոտիկից շփվելով Ջանշյանի հետ, այդ մոլի հայատյացը փոխում է իր հայացքները եւ մտերմանում իր ուսանողի, ապագա հրապարակախոսի եւ իրավագետի հետ:
Ուսանողական տարիներից նա ցուցաբերում է գրելու բացառիկ ձիրք, բայց ապագա լրագրողի եւ հրապարակախոսի գրիչը բեղուն է դառնում 1874-ին համալսարանը ավարտելուց հետո, երբ սկսում է աշխատել որպես փաստաբան: Իրավական թեմաներով նրա առաջին թղթակցությունները աչքի են ընկնում ինքնատիպությամբ եւ ունենում մեծ հաջողություն: Շնորհիվ իրավագիտական եւ փիլիսոփայական բազմակողմանի գիտելիքների, երիտասարդ հեղինակը արժանանում է համակ ուշադրության եւ դրվատանքի. ստանում է աշխատակցելու հրավերներ, թղթակցում ժամանակի աչքի ընկնող իրավագիտական պարբերականների, եւ, վերջապես, 1878-ից մշտապես աշխատակցում է «Ռուսսկիե վեդոմոստին». սկզբնական շրջանում աշխատում է թղթակից, ապա 1879-ից վարում է դատական բաժինը:
Սկսած 1880-ական թվականներից Գրիգոր Ջանշյանը հրատարակում է իրավագիտական, հրապարակախոսական, ուղեգրական բազմաթիվ գրքեր եւ ժողովածուներ, որոնց պսակը, անշուշտ, «Մեծ բարեփոխումների դարաշրջան» երկհատորյակն է (1892), որը նրա կենդանության օրոք վերահրատարակվել է յոթ անգամ եւ հեղինակին բերել մեծ ճանաչում: Այդ ուսումնասիրությունը բարձր են գնահատել ժամանակի նշանավոր իրավագետներ Ա. Ի. Ուռուսովը, Դ. Ն. Անուչինը, Վ. Մ. Սոբոլեւսկին, Ե. Ա. Ֆեյդին, Վ. Ա. Մակլակովը, Ա. Ֆ. Կոնին: Ականավոր գիտնական, հայ ժողովրդի մեծանուն զավակ, Գ. Ջանշյանի կենսագիր, Ալեքսեյ Ջիվելեգովը այդ գիրքը իրավամբ համարել է հեղինակի Ավետարանը, որը ցայսօր արժանացել է բազում հրատարակությունների:
Գ. Ա. Ջանշիեւի երկասիրությունները, հատկապես XIX դարի 60-70-ական թվականների ցարական Ռուսաստանում դատական բարեփոխումների վերաբերյալ, առ այսօր չեն կորցրել իրենց գիտական նշանակությունը: Ալեքսանդր II-ի դատական բարեփոխումները դարձել էին ժամանակի ռուս քաղաքական եւ հրապարակախոսական մտքի դրսեւորման հիմնական նյութը: Ջանշյանը դարձավ ոչ միայն իր ժամանակաշրջանի պատմաբանը, այլեւ ճորտատիրության վերացման հետ կապված իրադարձությունների ջերմեռանդ պաշտպանը, առաջամարտիկն ու գաղափարախոսը: 1861 թ. ճորտատիրության գյուղացիական ռեֆորմով 23 միլիոն ճորտերի շնորհվեց ազատություն:
Գ. Ջանշյանը տեսավ այն ահռելի վիհը, որ առաջացել էր մինչ բարեփոխումները եւ դրանից հետո ձեւավորված ռուս հասարակությունների միջեւ: Դա վեճ էր նոր եւ հին Ռուսաստանի, ստրկական եւ ազատ Ռուսաստանի միջեւ: Անհատի արժանապատվությունը անդառնալիորեն դրված էր նոր, դեմոկրատական սկզբունքների վրա: Ռուս առաջադեմ մտավորականությունը խաչակրաց արշավանք հայտարարեց նորից անցյալին վերադառնալու գաղափարների դեմ եւ պաշտպան կանգնեց ռուսական իրավական պետության ձեւավորման ընթացքում ձեռք բերված նոր նվաճումներին, միջազգային մոտեցումներին ինտեգրվելու ռուս մտավորականության փայլուն ձեռքբերումներին: Երկատված ռուսական հասարակության վիհը կամրջող ազնիվ պայքարում ամենատաղանդավորը դարձավ մեր հայրենակից Գրիգոր Ջանշյանը: Նա խորապես հավատում էր ցարական Ռուսաստանի բարեփոխումներին, մարդասիրության եւ արդարության գաղափարներին եւ իր հիմնական աշխատություններում («Ս. Ի. Զարուդնին եւ դատական բարեփոխումները», «Դատական բարեփոխման պատմության մի էջ», «Ոչ իրավական գործընթաց» եւ վերջապես դարակազմիկ նշանակություն ունեցող «Մեծ բարեփոխումների ժամանակաշրջանից») իրավական եւ քաղաքական տեսանկյունից պարզաբանում է դրանց էությունը, նպաստում բարեփոխումների թիրախների բացահայտմանը եւ վերջիններիս տեսլականի ձեւավորմանը: Բավական է ասել, որ 16 տարիների ընթացքում «Մեծ բարեփոխումների ժամանակաշրջանից» մենագրությունը հրատարակվեց տասը անգամ, որը խոսում է նրա կարեւորության եւ ժողովրդականության մասին: Այդ գիրքը շատ հանրաճանաչ էր ոչ միայն ժամանակի նշանավոր իրավաբանների եւ ռուս հայտնի պետական ու քաղաքական գործիչների շրջանակներում, այլեւ օտարերկրյա հասարակությունների եւ լայն զանգվածների համար:
Գրքի մասին ռուս հանրահայտ իրավագետ Ա. Օ. Կոննին գրում է. «Դժվար է մեր օրենսդրության պատմության մեջ նշել ավելի կենդանի, մատչելի շարադրանք, քան այս գիրքը: Եվ ինչպիսի աշխարհայացքի տեր էլ լինի ապագայի ռուս պատմաբանը, ինչ ծավալի խնդիրներ հետապնդի, նա չի կարող հաշվի չառնել այս հրաշալի գրքում զետեղված տեղեկատվությունըՙ 60-ականների վերջի եւ 70-ական թվականների սկզբի վերաբերյալ»: Վերոնշյալ աշխատություններով Գրիգոր Ջանշյանը ոչ միայն փառք բերեց իրեն, իրեն ծնած ժողովրդին, այլեւ ռուս հրապարակախոսական մտքինՙ դառնալով իր ժամանակաշրջանի «նկարիչն ու բանաստեղծը»: Նա իր ժամանակակիցներից առանձնանում էր համոզմունքներով, բնավորության յուրահատկություններով եւ գործունեության բնութագրով: Նրա գրիչը միշտ օժտված է եղել բանաստեղծական շնչով, ավյունով, զգացմունքայնությամբ, քանի որ խոսքը վերաբերում էր մարդու, քաղաքացու նոր ձեւավորվող արժեքային համակարգին, որի կայացմանը եւ ձեւավորմանը նվիրաբերեց իր ամբողջ գիտակցական կյանքը: Ժամանակակիցները հիացմունքով են հիշում բյուրեղյա հոգու տեր, ազնվագույն, «իր պետության եւ իր ցեղի բոցաշունչ մարտիկ» Գրիգոր Ջանշյանին:
Գրիգոր Ջանշյանը իր մահկանացուն կնքել է 1900-ին, 49 տարեկան հասակում, թաղվել է Մոսկվայի հայկական գերեզմանոցում:
Հայկական հարցի երդվյալ պաշտպան, հայ մշակույթի վաստակաշատ քարոզիչ Արշակ Չոպանյանը նրա մահվան առթիվ «Անահիտ» հանդեսում գրել է. «Շատ հավանական է, որ Ջանշյան ինկավ իր ճիգին մեծությանը տակը ջախջախված»:
Մահից մի տարի առաջ հայ եւ ռուս հասարակությունը լայնորեն նշել է Գրիգոր Ջանշյանի գրական-հասարակական գործունեության 25-ամյակը. հրապարակախոսական, իրավագիտական ակնառու վաստակի հետ միաժամանակ մեծապես գնահատել նրա հայանպաստ գործունեությունը, որի համար այդ հիվանդ հայորդին չի խնայել ուժ ու եռանդ: Գրիգոր Ջանշյանի մասին չափազանց հուզիչ եւ տպավորիչ հուշեր է գրել ռուս նշանավոր բանաստեղծ Անդրեյ Բելին:
Ուշագրավ է, որ «Մեծ բարեփոխումների դարաշրջան» գրքից ստացած հասույթը հեղինակը բաժանել է ռուս աղքատներին եւ կարիքավորներին: Բարեգործությունը, առհասարակ կարեկցանքը հասարակության «խորթ» զավակներիՙ որբերի եւ ունեզուրկների հանդեպ եղել է Գրիգոր Ջանշյանի արյան մեջ: Այդ մասին են վկայում Գրիգոր Ջանշյանի թաղման արարողության ժամանակ հնչած խոսքերը եւ կենսագիրների վկայությունները: Պատահական չէ, որ այսպես կոչված իր հայկական Ավետարանիՙ «Եղբայրական օգնություն հայերին» գրքի ողջ հասույթըՙ 60.000 ռուբլի, նա Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան միջոցով տրամադրել է Կ. Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանին որբանոցներ բացելու համար:
«Եղբայրական օգնություն հայերին» գիրքը մինչեւ օրս անգերազանցելի է իր մտահղացմամբ, բազմակողմանի-հանրագիտարանային բովանդակությամբ, օտարերկրացիներիՙ հայկական կոտորածներին վերաբերող անկողմնակալ գնահատականի մատուցմամբ եւ վերջապեսՙ գեղարվեստական ձեւավորմամբ, հրատարակչական-տպագրական, կազմարարական բարձր որակով: Գրքի նախագիծը մշակելիս կազմողը որոշել է առաջին հերթին հեղինակային կազմի մեջ ներգրավել ժամանակի ռուս մեծ գրողների (Լ. Տոլստոյ, Ա. Չեխով եւ ուրիշներ), գիտնականների, արվեստագետների, իրավագետների, կովկասագետների, հայագետների. նրանց մասնակցությունը եւ խոսքը համոզչություն ու գիտականություն են հաղորդում հայանպաստ ծրագրի իրագործմանը: Ժողովածուն ռուս ընթերցողին հաղորդակից է դարձրել հայ ժողովրդի դարավոր պատմությանը, լեզվին, ինքնատիպ մշակույթին, արվեստին, ճարտարապետությանը, նիստուկացին: Գ. Ջանշյանի բուն նպատակն էր կոտրել հայության մասին ստեղծված այն կարծրատիպերը, որոնք լայնորեն տարածել եւ տարածում էին հայատյաց գրչակները:
Հային եւ հայկականին վերաբերող ամբողջ նյութը ուղեկցվում է բծախնդրորեն ընտրած պատկերներով եւ լուսանկարներով, որոնք վերաբերում են Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստաններին, հայկական գաղթավայրերին: Ժողովածուին մեծ շուք է հաղորդում այն հանգամանքը, որ նրա ստեղծմանը մասնակցել են ժամանակի մեծահամբավ հայ նկարիչները. Հովհ. Այվազովսկին գրքում զետեղելու համար Նիցցայից հրատարակչին ուղարկել է չորս բնագիր նկար («Նավը ծովում», «Թուրքական նավերը Մարմարա ծով են թափում հայերին», «Թուրքերը հայերին նստեցնում են շոգենավ», «Նոյը իջնում է Արարատից») եւ թույլ է տվել գրքի առաջաբանում զետեղել մի նկար, որը արդեն ցուցադրվել էր («Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին»): Ժողովածուին իր մասնակցությունն է բերել ծովանկարչի հետեւորդ Մանուկ Մահտեսյանը, իսկ գրքի նկարազարդման լայն աշխատանքը, որ կատարել է հայ մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցը, վեր է ամեն գնահատականից: Ձեւավորման աշխատանքներին զուգահեռ նա գրքի տարբեր բաժինների համար ստեղծել է անկրկնելի գլխազարդեր, վերջնազարդեր, լուսանցազարդեր եւ թռչնագիր տառեր: Առանց չափազանցության կարելի է ասել, որ Վարդգես Սուրենյանցի ձեւավորումները անվերապահորեն կարելի է կոչել հայ գրքի նկարազարդման աստեղային ժամ:
«Եղբայրական…»-ում զգալի տեղ է հատկացված Ռուսատանում եւ այլուր հայազգի նշանավոր մարդկանց կյանքին ու գործունեությանը. նրանցից շատերի հայկական ծագման մասին ռուս ընթերցողը անտեղյակ էր վերջիններիս ազգանունների ռուսաձեւության պատճառով: Ուշագրավ են հատկապեա Ն. Ա. Բելագոլովիի հուշերը Ռուսաստանում բարեփոխումների առաջամարտիկ Մ. Լորիս-Մելիքովի, ինչպես նաեւ գեներալ-լեյտենանտ, կովկասագետ Վ. Պոտտոյի հոդվածները գեներալներ Հովհաննես Լազարյանի եւ Բեհբութ Շելկովնիկովի մասին: Կան ակնարկներ Լազարյան եւ Դելյանով գերդաստանների մասին:
Ժողովածուի առյուծի բաժինը կազմում են հայագիտական ուսումնասիրությունները եւ հոդվածները. Լեւոն Մսերյանցը համառոտ ակնարկով ներկայացրել է Վենետիկի եւ Վիեննայի Մխիթարյանների կատարած աղբյուրագիտական, թարգմանչական, հրատարակչական վիթխարի աշխատանքը: Նրանց շնորհիվ եւ օգնությամբ Արեւմուտքի տարբեր երկրներում ծաղկում ապրեց դասական հայագիտությունը: Ուշագրավ են նաեւ Գ. Խալաթյանցի եւ Ս. Եղիազարովի ուսումնասիրությունները «Սասունցի Դավիթ» էպոսի եւ հայկական ժողովրդական ավանդապատումների մասին: Հայագիտական նյութերի մեջ առանձնանում են Մ. Նիկոլսկու «Ուրարտու (Արարատ) հնամենի երկիրը», Ռ. Շտակելբերգի «Համառոտ տեսություն հայ մատենագիրների դերի մասին Սասանյան Պարսկաստանի ուսումնասիրության վերաբերյալ», Ն. Մառի «Հին Հայաստանի Անի մայրաքաղաքը» եւ Դ. Անուչինի «Հայերը մարդաբանական եւ աշխարհագրական տեսանկյունից» եւ բազմաթիվ այլ հոդվածներ:
«Եղբայրական …»-ի ինչպես առաջին (1897), այնպես էլ երկրորդ հրատարակության նախաբանը եւ երկրորդ բաժինը, չնչին բացառություններով, նվիրված են հայկական հարցին, հայերի ծայրահեղ ծանր վիճակին Օսմանյան կայսրությունում, Սասունի եւ համիդյան կոտորածներին: Գրքի «Նախաբանում» երկու հոդվածներով հանդես է եկել նշանավոր հրապարակախոս Վ. Ա. Գոլմստրեմը: Նրա հոդվածները գրված են պրոֆեսոր, իշխան Լ. Կամարովսկուց քաղաբերված խոսքի նշանաբանով. «Թուրքիայի գոյության փաստն իսկ խայտառակություն է քրիստոնյա ժողովուրդների համար»: «Քրիստոսի լույսի ուժը» հոդվածում նա բազմաթիվ մեջբերումներ անելով Ռենդել եւ Հելեն Հարրիսների «Նամակներ Հայաստանից» գրքից, որ լույս է տեսել անգլերեն 1897-ին, հիմնավորապես ապացուցում է թուրքական գազանությունների էությունն ու գործելակերպը: Գրքում մեծ տեղ են հատկացված Ուիլյամ Գլադստոնի, Էմիլ Դիլոնի, Վիկտոր Բերարի, Յոհաննես Լեփսիուսի, Անատոլ Ֆրանսի, Հենրի եպիսկոպոս Սաթեռլենի, հայր Ֆելիքս Շարմետանիՙ կոտորածների մասին սարսափազդու տպավորություններին, ինչպես նաեւ բնորոշ հատվածների ֆրանսիական «Դեղին գրքից» եւ ականատեսների վկայություններից: Գրքում տեղ են գտել Գրիգոր Ջանշյանի եւ Ն. Մառի հիմնավոր հերքումները մամուլում հայերի մասին տպագրված զրպարտագրերի, որոնցից մեկի հեղինակն է վրաց գրող Ակակի Ծերեթելին: Ժողովածուում տեղ է գտել նաեւ հայ փախստականների երկու խմբանկար, իսկ հավելվածումՙ Մակար Եկմալյանի «Հայր մեր» աղոթքի նոտագրությունը: «Եղբայրական…»-ի նախաբանի տողատակին Գ. Ջանշյանը ներկայացրել է հայ եւ օտարազգի այն երեւելի մարդկանց անունները, ովքեր նյութապես օժանդակել են գրքի հրատարակմանը, դրանով նաեւ Թուրքիայում հայկական 12 որբանոցների բացմանը: