Մոխրագույն ագռավ, կաչաղակ, գայլ եւ շնագայլ. այս կենդանատեսակները կարելի է որսալ անսահմանափակ քանակով: Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառել է 2023-24 թվականների որսի կենդանիների ցանկի թույլատրելի չափաքանակի ու ժամկետի նախագիծը:
Լոր, նապաստակ, փորսուղ, վայրի խոզ, աղվես ու մի քանի այլ կենդանիների էլ կարելի է որսալ հստակ քանակով ու կոնկրետ ժամանակահատվածում: Վերջին 2-3 տարում որսատեսակը ոչ թե սահմանափակվել, այլ ընդլայնվել է՝ ցանկում նոր կաթնասուններ են ավելացել: Մինչդեռ որսաքանակի կրճատումը որսորդների սրտով չէ:
«Ազգ»-ի հետ զրույցում որսորդ Էդուարդ Սարիբեկյանն ասում է՝ նախկինում յուրաքանչյուր որսօրում որսորդը Հայաստանի որսահանդակներում կարող էր որսալ տասը լոր: «Հիմա՝ վերջին երկու տարիներին, ոչ որսօրերի փոխարեն՝ տարեկան չափաքաանակ է տրվել, ենթադրենք՝ տարեկան տասը հատ լոր որսալու իրավունք»,- նշում է նա:
Թեեւ որսաքանակը կրճատվել է, սեզոնային լիցենզիայի արժեքը չի պակասել: Որսի սիրահարներն ասում են՝՝ որսորդությունը գնալով թանկ հաճույք է դառնում:
«Ստացվում է՝ որսորդը բազմակի անգամշատ գումար է ծախսում իր «ստատուսը» պահելու համար, այսինքն՝ ունենալ զենք, ձեռք բերել լիցենզիա, օգտվել այլ ծառայություններից: Իմ հաշվարկներով՝ մեկ լորը որսորդի վրա 3000-4000 դրամ է արժենում: Ու եթե սրան հավելեմ, որ 5 տարին մեկ անգամ զենքի թույլտվության ու լիցենզիայի հարցեր են առաջ գալիս, տեսնում ենք՝ սա չտեսնված թիվ է ու չտեսնված պրեսինգ որսորդական համայնքի վրա»,- մանրամասնում է մեր զրուցակիցը
Կառավարության կողմից հաստատվելիք որսի նախագծով՝ որսի թույլատրվում է գնալ հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ եւ կիրակի. նաեւ՝ տոների եւ հիշատակի օրերին: Նշենք նաեւ, որ շրջանառված փաստաթղթով՝ վայրի խոզի որսը թույլատրվում է միայն Լոռու, Տավուշի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ