Հասանք. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հարձակվել են իր մասնագիտական պարտականությունները կատարող «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդի վրա. Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:
Նա նաեւ նշել է. «Ընդ որում, ըստ դիտորդի, ամենաակտիվ հարձակվողը ՔՊ-ի համակիր-ակտիվիստ թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ԺՊ-ն է։
Եթե դրան գումարենք որոշ դպրոցների անձնակազմերը ՔՊ-ի հավաքներին «կամավոր-պարտադիր» կերպով բերելը (օրինակ` թիվ 113 դպրոցը), ապա կարելի է շնորհավորել ՔՊ-ին` ուսումնական հաստատությունների ապակուսակցականացումը ՔՊ-ականացմամբ փոխարինելու գործընթացի բարեհաջող մեկնարկով։
Այս ամենի մեջ լուսավոր կետը ԿԳՄՍՆ-ն է, որ փորձում է վարչական ռեսուրսի չարաշահումից հեռու պահել դպրոցները, բայց դե քաղաքապետարանի հանրակրթության վարչության ՔՊ-ական պետը, ինչպես տեսնում ենք, ավելի ազդեցիկ է»։
Դիտորդական առաքելությունից հայտնում են, որ սեպտեմբերի 6-ին «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը հարձակման է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր, Երևանի թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից։
Հերթական շրջայցի ընթացքում դիտորդն այցելել է Կենտրոն վարչական շրջանի Ռուսթավելի 17 հասցե՝ ընտրողների ցուցակների ճշգրտության ստուգման նպատակով։ Նույն փողոցի վրա է գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը։ Դիտորդը լուսանկարել է նաև շտաբը, դրա շրջակայքում առկա քարոզչական նյութերը։ Աշխատանքի ընթացքում դիտորդին է մոտեցել թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ԺՊ Սոֆիկ Կարապետյանը, ասելով, որ դիտորդն իրավունք չունի լուսանկարել «իրենց շտաբը» կամ հարցեր տալ հասցեների հետ կապված։ Կինը վեճի է բռնվել դիտորդի հետ, խոչընդոտել լուսանկարահանմանը, խլել դիտորդի՝ ԿԸՀ կողմից տրամադրված վկայականը։
Կնոջը միացել են ևս երկու անձիք (ենթադրաբար շտաբի աշխատակիցներ), փորձել վեճի բռնվել, վիրավորել դիտորդին:Ականատեսը հաղորդում կներկայացնի իրավապահ մարմիններին՝ դիտորդական առաքելության իրավունքների խոչընդոտման դեպքով։