Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Աքքույուն» էլեկտրաէներգիայի արտադրությունը կսկսի 2024թ. հոկտեմբերի 29-ին. Պուտինն ու Էրդողանը բանակցել են Սոչիում

Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին բլոկը նախատեսվում է գործարկել արդեն հաջորդ տարի, այս ոլորտում երկու երկրների  միջև համագործակցության զարգացման հեռանկարներ կան․  հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ զրույցն սկսելով Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Աքքույու» ատոմակայանի շինարարությունը շարունակվում է, և այժմ Թուրքիան՝ բառիս լրիվ իմաստով, դարձել է միջուկային պետությունների միջազգային ակումբի անդամ՝ ռուսական միջուկային վառելիքի առաջին խմբաքանակը «Աքքույու» մատակարարելուց հետո։ Հաջորդ տարվա համար ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, մենք կգործարկենք առաջին բլոկը։ Այստեղ մեր համագործակցությունը շարունակելու հետաքրքիր հնարավորություններ կան»,- ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ այժմ կայանում աշխատում է որակյալ մեծ թիմ՝ մինչեւ 25 հազար մարդ։

«Աքքույուն» Թուրքիայում կառուցվող առաջին ատոմակայանն է։ Ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի հետ 2010 թվականի մայիսի 12-ին կնքված միջկառավարական համագործակցության համաձայնագրի հիման վրա։

Կայանը բաղկացած կլինի չորս էներգաբլոկից՝ «3+» սերնդի ռուսական նախագծման VVER ռեակտորներով։ Յուրաքանչյուր էներգաբլոկի հզորությունը կկազմի 1200 ՄՎտ։

Գործարկումից և ամբողջ հզորությունը ձեռք բերելուց հետո այն տարեկան կարտադրի մոտ 35 միլիարդ կիլովատ/ժամ: Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է ռուսական կողմը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի խոսքով՝ կայանի առաջին էներգաբլոկում էլեկտրաէներգիայի արտադրությունը կսկսվի 2024 թվականի հոկտեմբերի 29-ին, մնացած ռեակտորները շահագործման կհանձնվեն մեկ տարվա ընդմիջումներով։