ՐԱՖՖԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Տորոնտո, Կանադա
Եթե Գերմանիան որոշեր Բեռլինի եւ այլ քաղաքների որոշ շրջաններ, փողոցներ, դպրոցներ եւ այլ հասարակական վայրեր կոչել Ադոլֆ Հիտլերի եւ նացիստական այլ «հերոսների» անուններով, ինչպե՞ս կարձագանքեին դրան գերմանացիները, հրեաները: Իմ կարծիքովՙ խիստ բացասական, համարելով անընդունելի եւ վիրավորական:
Բայց նման երեւույթ գոյություն ունի Թուրքիայում, որտեղ մի շարք թաղամասեր, փողոցներ, դպրոցներ եւ այլ վայրեր կրում են Թալեաթ փաշայի եւ «Իթթիհատ վե Թերաքի» կուսակցության մյուս «հերոսների» անունները, որոնք ոչ միայն ծրագրեցին, այլեւ իրագործեցին հայերի ցեղասպանությունը եւ պատճառ դարձան Օսմանյան կայսրության անկմանը:
Վերջին հաշվարկներովՙ Թալեաթ փաշայի անունով Թուրքիայում կան 8 շրջան կամ թաղամաս, 38 փողոց կամ զբոսայգի, 7 դպրոց, 6 շենք եւ 2 մզկիթ: 1922 թվին իր սպանությունից հետո նրան թաղել էին Բեռլինում, բայց նրա աճյունը հետագայումՙ 1943-ին, նացիստները փոխադրել են Ստամբուլՙ թուրքերին սիրաշահելու նպատակով, եւ զինվորական պատիվներով վերաթաղվել է Ստամբուլի «Հավերժական ազատության բլուր» գերեզմանատանը: Մեկ ուրիշ վատահամբավ չարագործիՙ Էնվեր փաշայի աճյունը 1996-ին Տաջիկստանից տեղափոխվել էր Թուրքիա եւ դարձյալ պատշաճ զինվորական պատիվներով թաղվել Թալեաթի կողքին: Արարողությանը ներկա էին գտնվել Թուրքիայի այդ ժամանակվա նախագահ Սուլեյման Դեմիրելը եւ այլ պաշտոնական անձինք:
Նման մարդկանց հերոսացումը, 1915 թվի ժխտումը սոսկ պետական քաղաքականությո՞ւն է, թե՞ հասարակության կողմից ընդունված երեւույթ:
Անկասկած, հասարակության որոշ շրջանակներ մասնակցել էին «Իթթիհատի» առաջնորդների իրագործած ցեղասպանությանը, զրկելով հայերին հայրենիքից եւ տիրելով նրանց հարստությանը: Բայց, ի հակադրություն այս մասնակցության, հասարակության եւ կառավարության մեջ կային որոշ թուրքեր եւ քրդեր, որոնք մերժեցին մասնակցել ցեղասպանությանը եւ թալանին: Թուրքիայում նրանց մասին չեն խոսում, ոչ էլՙ գրում:
Ներկա հոդվածում մի քանի օրինակներ ենք բերելուՙ հաստատելու այն փաստը, որ այդ մարդիկ ի գին իրենց կյանքի եւ դիրքի, հրաժարվեցին կատարել իրենց ղեկավարների կարգադրությունները եւ փրկեցին որոշակի թվով հայերի:
Ջելալ բեյը Կոնիայի կառավարիչն էր: Նա հստակ գիտեր, թե ինչ է սպասվում հայերին դեպի Դեր Զոր բռնագաղթի ճանապարհին: Նախկինում եղել էր Հալեպի կառավարիչ եւ տեսել էր այնտեղի բռնությունները: Նա փորձել էր բացատրել «Իթթիհատի» առաջնորդներին, որ Անատոլիայում կամ Հալեպում հայերի կողմից ապստամբության փորձեր չկան եւ զանգվածային բռնագաղթը այդ վայրերից արդարացված չի կարող լինել: Բայց նրա ենթականերից մեկը Մարաշում ստեղծեց մի կացությունՙ ձերբակալելով մի քանի մարաշահայերի, որպեսզի դիմադրություն հրահրի վերջիններիս շրջանում:
Ջելալ բեյին ազատեցին Հալեպում իր զբաղեցրած պաշտոնից եւ տեղափոխեցին Կոնիա: Այնտեղ նա հրաժարվեց կատարել հայերին բռնագաղթի ենթարկելու Ստամբուլից եկած հրամանները եւ նույնիսկ պաշտպանեց մի խումբ հայերի, որոնք այլ շրջաններից Կոնիա էին հասել: Մինչեւ իր այդ պաշտոնից էլ ազատելու հրամանը (1915-ի հոկտեմբերին), նրան հաջողվել էր փրկել հազարավոր հայերի: Այդ մասին նա գրել է իր հուշերում. «Ես նման եմ մի մարդու, որը նստած է գետի ափինՙ առանց որեւէ հնարավորության փրկելու որեւէ մեկին: Արյունը հոսում էրՙ գետն ի վար տանելով իր հետ հազարավոր անմեղ երեխաների, անբասիր ծերունիների եւ անօգնական կանանց: Ում որ կարող էի փրկել, ես փրկեցի, մնացյալները գետն ի վար գնացին անվերադարձ»:
Հասան Մազհար բեյը Անկարայի կառավարիչն էր: Նա պաշտպանեց տեղի հայերինՙ հրաժարվելով կատարել տեղահանության հրամաններըՙ հայտարարելով. «Ես վալի (կառավարիչ) եմ եւ ոչ թե բանդիտ: Չեմ կարող անել դա: Թող ուրիշ մեկը գա, նստի իմ աթոռին եւ կատարի այդ հրամանները»: Նրան իր պաշտոնից հեռացրին 1915 թվի օգոստոսին:
Ֆայիք Ալի (Օզանսոյ) բեյը Քյոթահիայի կառավարիչն էր: Նա եւս հրաժարվեց կատարել Ստամբուլից եկած կարգադրությունները: Ընդհակառակըՙ հրամայեց լավ վերաբերվել այլ շրջաններից Քյոթահիա ապաստանած հայերին: Նրան շուտով Ստամբուլ կանչեցինՙ բացատրություններ տալու եւ հասկանալու, որ պարտավոր է ենթարկվել կարգադրություններին: Իր բացակայությունից օգտվելով Քյոթահիայի ոստիկանապետ Քեմալ բեյը սպառնաց հայերին, ասելով, որ տեղահանությունից ազատվելու համար նրանք պետք է կրոնափոխ լինեն: Հայերը համաձայնեցին մահմեդական դառնալ: Երբ Ֆայիք Ալի բեյը վերադարձավ, զայրացավ եւ ոստիկանապետին ազատեց պաշտոնից: Ապա հայերին ասաց, որ ազատ են կրկին դավանափոխ լինելու: Բացի մեկ հոգուցՙ հայերը որոշեցին քրիստոնյա մնալ:
Ֆայիք Ալի բեյի եղբայրըՙ Սուլեյման Նազիֆ բեյը ազդեցիկ անձնավորություն եւ ճանաչված պոետ էր: Նա եղբորը խորհուրդ էր տվել չմասնակցել բարբարոսությանը եւ չարատավորել ընտանիքի անունը: Զարմանալիորեն Ֆայիք Ալիին չհեռացրին իր պաշտոնիցՙ հակառակ իր ներկայացրած հրաժարականներին: Նա շարունակեց պաշտպանել հայերին, բացի այն մեկը, որ նախընտրել էր մահմեդական դառնալ: Նրան աքսորեցին:
Մուսթաֆա բեյը (Ազիզօղլուն) Մալաթիայի շրջանային կառավարիչն էր: Չնայած նա չկարողացավ կանխել բռնագաղթը, նրան այդուհանդերձ հաջողվեց մի քանի հայերի թաքցնել իր սեփական տանը: Նրան սպանեց իր որդինՙ «Իթթիհատ վե Թերաքի» կուսակցության մոլեռանդ ու եռանդուն անդամը, «գյավուրներին (անհավատներին) հոգ տանելու» համար: Անհնազանդ այլ անձնավորությունների շարքում կարելի է հիշել Քասթեմոնի կառավարիչ Ռեշիտ փաշային , Էրզրումի կառավարիչՙ Թահսին բեյին , Բասրայի կառավարիչ Ֆերիտ բեյին եւ Յոզղատի շրջանային կառավարիչ Մեհմեդ Ջեմալ բեյին : Այս պաշտոնյաները ազատվեցին իրենց պաշտոններից եւ փոխարինվեցին առավել հնազանդ քաղծառայողներով, որոնք ի կատար ածեցին հայերին բնաջնջելու գազանային ծրագրերը:
Չգովաբանված այս հերոսներից ամենաողբերգական ճակատագիրը վերապահված էր Դիարբեքիրի մոտ գտնվող Լիս քաղաքի քաղաքապետ Հուսեյին Նեսիմի բեյին: Մինչ Դիարբեքիրի կառավարիչ Ռեշիտ բեյը անողոքաբար բնաջնջում էր հայերին հենց իր քաղաքի սահմանների մոտակայքում, Հուսեյին Նեսիմին պաշտպանում էր Լիսի 5980-հոգանոց հայկական համայնքին: Հավանաբար տեղեկանալով այդ մասին, Ռեշիտը իր մոտ Դիարբեքիր է կանչում նրան, իբր հանդիպման, բայց կարգադրում է, որ ճանապարհին իր չերքեզ պահակներից մեկըՙ Հարունը, սպանի նրան: 1915 թվի հունիսի 15-ին Հարունը սպանում է Հուսեյինին եւ դիակը գցում փոսի մեջ: Այդ օրվանից սպանության վայրը կոչվում է «Թուրբե-Ի-Քայմաքամ», այսինքնՙ քաղաքապետի դամբարան: Թուրքական աղբյուրներում սպանությունը վերագրվում է հայերին:
Ասում ենՙ պատմությունը կրկնվում է: Ճակատագրի հեգնանքով 1993-ի հոկտեմբերին թուրքական բանակը հարձակվում է Լիսի վրաՙ քուրդ ապստամբներին ոչնչացնելու նպատակով: Փոխարենը նրանք ամբողջ քաղաքն են հրդեհում եւ սպանում անմեղ բնակիչներին: Դեպքը դառնում է առաջին դատական գործը, որ քուրդերը հարուցում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որն էլ պարտադրում է Թուրքիային 2,5 միլիոն ֆունտ փոխհատուցում վճարել: Բայց, միեւնույն ժամանակ, մի քանի հարուստ քուրդ գործարարներ սպանվում են այդ ժամանակվա Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերի կարգադրությամբ:
Զոհերից մեկը Բեհչետ Չանթուրքն էր, որի մայրը հայ որբուհի էր, ողջ մնացած Լիսի 1915-ի կոտորածներից:
Կառավարիչ Ռեշիտի հրամանով մի շարք այլ կառավարական պաշտոնյաներ եւս ազատվեցին աշխատանքից եւ սպանվեցին Դիարբեքիրի շրջանումՙ աքսորի հրամանները չկատարելու համար: Նրանց թվում էին Չերմըքի քաղաքապետ Մեհմեդ Համդի բեյը , Սավուրի քաղաքապետ Մեհմեդ Ալի բեյը , Սիլիվանի քաղաքապետ Իբրահիմ Հաքքի բեյը, Մերդիչի իրավահաջորդ քաղաքապետներ Հիլմի բեյը եւ Շեֆիք բեյը : Նույն բախտին արժանացավ նաեւ նախ Միդյաթի, ապա ամբողջովին հայերով բնակեցված Դերիկի քաղաքապետ Նուրի բեյը: Վերջինիս սպանությունը դարձյալ վերագրվեց հայ ապստամբներին, եւ Դերիկի բոլոր տղամարդկանց սպանեցին, իսկ կանանց եւ երեխաներին աքսորեցին:
Այս խիզախ մարդկանց անունները պատմության գրքերում չեն նշված: Նշվելու դեպքում էլ բնութագրված են, թուրքական տեսանկյունից, որպես «դավաճաններ»: Մինչ պետությունը եւ ամբոխը զբաղած էին ի գործ դնելու զազրելի ոճրագործությունը, այս մարդիկ, վտանգի ենթարկելով իրենց կյանքը, մերժեցին մասնակից դառնալ ցեղասպանական արշավինՙ իրենց խղճի դեմ չմեղանչելու համար: Փոքրաթիվ այս առաքինի մարդիկ, շարքային թուրքերի եւ քուրդերի որոշակի խմբի հետ, մարտահրավեր նետեցին կառավարությանը եւ պաշտպանեցին հայերին: Նրանց կարելի է համարել իսկական հերոսներ: Նաեւ «Շինդլերի ցուցակի» կամ «Ռուանդա հյուրանոցի» կերպարների թուրք ներկայացուցիչներ:
Թուրքիայի քաղաքացիներն այսօր երկու տարբերակ ունեն հիշելու իրենց հերոս նախնիներին: Նրանք որպես հերոս պետք է ընտրեն կա՛մ զանգվածային սպանություններ, թալան եւ «մարդկության դեմ գործած հանցագործություններ» կատարողներին, կա՛մ էլ առաքինի, մաքուր խղճի տեր մարդկանց, ովքեր փորձեցին կանխել այդ հանցագործությունները: Ճանաչելով նրանց, այդ իսկական հերոսներին, թուրքերը գուցե կարողանան ձերբազատվել արդեն չորս սերունդ ձգվող իրենց ժխտողական պատմության կապանքներից եւ սկսել առերեսվել 1915-ի իրականության հետ:
Օգտագործված գրականություն
1. Թունչայ Օփչըն, «Ermenilere Kol Kanat Gerdiler» («Նրանք պաշտպանեցին հայերին»), Yeni Aktuel, 2007 թ. համար 142:
2. Աիշէ Հուր, «1915 Ermeni soykiriminda kotular ve iyiler» («Լավերն ու վատերը 1915 թվի Հայոց ցեղասպանությունում»), «Ռադիկալ» թերթ, ապրիլ 29, 2013թ.:
3. Շեյմուս Դիկեն, «Kaymakam Ermeniydi, Oldurduler» («Քաղաքապետը հայ էր, սպանեցին»), Բիանետ, ապրիլ 23, 2011 թ.:
4. Օրհան Չենգիզ, «1915: Heroes and Murderers» («1915 թ.: Հերոսներ եւ ոճրագործներ»), «Ջիհան նյուզ» գործակալություն, նոյ. 2, 2012 թ.:
Թարգմանեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Նկար 1. Հալեպի, ապա Կոնիայի կառավարիչ Ջելալ բեյը