ՌԴ նախագահը Երեւանում կլինի Վիլնյուսի գագաթաժողովի եւ Կիեւում նախանշված ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման միջակայքում
Չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Երեւան կատարելիք այցի ժամկետները դեռեւս պաշտոնապես ճշտված չեն, եւ միայն Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է հայտարարել, թե Պուտինը Երեւան կգա դեկտեմբերի 2-ին, բայց ոչ Հայաստանի, ոչ Ռուսաստանի նախագահների աշխատակազմերը ամենեւին չեն հերքում, որ մոտ ապագայում, գուցե հենց դեկտեմբերի սկզբին ՌԴ նախագահը վերջապես կայցելի Երեւան: Վերջապես, որովհետեւ այդ այցելությունը (եթե կայանա, իհարկե) բավական երկար սպասված է, ավելին, նախագահական երրորդ ոչ անընդմեջ ժամկետում ընտրվելուց հետո Պուտինը մի քանի անգամ «ցանկանում էր» գալ ռազմավարական դաշնակից Հայաստան, բայց այդ այցերը տարբեր պատճառներով չկայացան, փոխարենը, հիշեցնենք, Հայաստանի նախագահը սեպտեմբերի առաջին քսան օրերի ընթացքում երեք անգամ այցելեց Ռուսաստան, որոնցից միայն մեկի ժամանակ հանդիպեց Պուտինին, եւ հենց այդ հանդիպման ընթացքում էլ հայտարարեց «Հայաստանի որոշումը»` միանալու Մաքսային միությանը:
Այսպիսով, այդ միությանը միանալու «Հայաստանի որոշումը» հասկանալիորեն շեղում է մեր երկրին ԵՄ-ի հետ Ասոցիացման պայմանագիր նախաստորագրելու` երկար բանակցված համաձայնագրից, անհնարին դարձնելով դրա նախաստորագրումը: Այս հանգամանքն, իհարկե, անհամեմատ ավելի հրաշալի հիմքեր է ստեղծում ՌԴ նախագահի` Երեւան այցի համար, քան նա ուներ այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը չէր կայացրել դեռ Մաքսային միությանը միանալու «որոշում» եւ գնում էր դեպի ԵՄ-ի հետ հնարավորինս լայն ինտեգրացիայի:
Պուտինի այցի ժամկետը բավականին ուշագրավ է: Բանն այն է, որ Պուտինը Երեւանում կլինի Վիլնյուսում կայանալիք` ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների գագաթաժողովի եւ դեկտեմբերին Կիեւում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման միջակայքում: Հասկանալի է, որ Վիլնյուսը «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների, այդ թվումՙ Հայաստանի համար վաղուց արդեն դարձել է պարզապես Լիտվայի մայրաքաղաքը, ոչինչ ավելին, հետեւաբար այնտեղ որեւէ արտառոց բան տեղի չի ունենա, որեւէ հատկանշական փաստաթուղթ չի ստորագրվի, միայն, օրինակ, Հայաստանը, ինչպես նաեւ ԵՄ-ի համար անհամեմատ ավելի կարեւոր թիրախ Ուկրաինան գուցե արժանանան ԵՄ-ի «նուրբ քննադատությանը, կշտամբանքներին»: Սրանից հետո Երեւանում Պուտինը կխոսի հայ-ռուսական դարավոր ու կարեւոր ռազմավարական հարաբերություններից, դրանք էլ ավելի զարգացնելու եւ ընդլայնելու անհրաժեշտությունից եւ պատրաստակամությունից, ընդ որում` փոխադարձ պատրաստակամությունից, կքննարկի տարածաշրջանային որոշ հարցեր` իհարկե ԼՂ հակամարտությունը, որի շուրջն ավելի լայն քննարկում կլինի արդեն Կիեւում` ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում: Կիեւում Հայաստանը գուցե ստանա այն, ինչի համար «որոշում» կայացրեց` միանալու Մաքսային միությանը: Եթե ոչ ամբողջությամբ, ըստ էության, գոնե հայտարարությունների տեսքով: Խոսքը Ղարաբաղի մասին է, որի հակամարտության լուծման ճանապարհների որոնումը ամբողջովին ԵԱՀԿ տիրույթում է: Եթե մինչեւ Կիեւի հանդիպումը Բաքուն Մոսկվային, իսկ ավելի ճիշտ` Մաքսային միությանն ընդառաջ քայլեր չկատարի, ապա տրամաբանական կլինի, որ Ուկրաինայի մայրաքաղաքում Ռուսաստանը` նաեւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, զգալիորեն փոխի իր շեշտադրումները` կապված ղարաբաղյան հակամարտության հետ` հօգուտ Մաքսային միությանը միանալու որոշում ընդունած Հայաստանի:
Բայց սա, իհարկե, միայն ենթադրություն է: Մյուս կողմից, ԼՂ հիմնահարցը չլուծված թողնելը ոչ թե Մաքսային` սովորական, այլ` Եվրասիական` աշխարհաքաղաքական միություն ստեղծող Մոսկվային այսօր, թվում է, ձեռնտու է: Սա հրաշալի մի լծակ է աշխարհաքաղաքական գերտերություն դառնալ ձգտող Ռուսաստանի համար նախ Հարավային Կովկասում սեփական ներկայություն-ազդեցությունը հնարավորինս երկար պահպանելու, ապա եւ այս տարածաշրջանում իրադարձությունների զարգացումները իր ցանկացած ուղիով տանելու համար:
Ինչ խոսք, Երեւանում` Պուտինի այցի ժամանակ, ապա եւ Կիեւում Հայաստանը կարող է նաեւ ճնշվել, օրինակՙ փորձելով վերահաստատել բոլոր շահագրգռվածներին, որ իր համար Ղարաբաղի, անգամ դրա շրջակա տարածքներից թեկուզ մեկի կուրուստը կնշանակի պետական-քաղաքական-հասարակական, գուցե եւ սոցիալական հզոր ճգնաժամ` աղետալի եւ անկառավարելի հետեւանքներով: Այսինքնՙ Մաքսային միությանն անդամակցելը, թեկուզ ազգային անվտանգությունը հիմք ընդունելով, ամենեւին չի նշանակում, որ ԼՂ հակամարտության լուծման ճանապարհին հայկական կողմերն էլ խնդիր չունեն: Պակաս կարեւոր չէ, թե ինչպես են Բաքվում դիտարկում Մաքսային միությանը միանալու իրենց հնարավորությունը:
Մի նրբություն եւս կա: Ինչպես հիշում ենք, Երեւան-Մոսկվա վերջին տեսակամուրջներից մեկի ժամանակ Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն գուցե մեսիջ հղեց Երեւանին` ճանաչելու ԼՂՀ անկախությունը: Ըստ դիվանագետի` «Միայն Հայաստանի կողմից ԼՂ-ի անկախությունը ճանաչելուց հետո կարելի է խոսել ԼՂ-ին Մաքսային միություն ընդգրկելու մասին»: Չի բացառվում, որ Պուտինը, Վիլնյուսից հետո եւ նախքան Կիեւը, Երեւանում Սերժ Սարգսյանի հետ կայանալիք իր առանձնազրույցում այս մասին ոչ թե մեսիջ անի, այլ պարզ ու հստակ ասի, երաշխավորելով, իհարկե, հայկական զույգ պետությունների ազգային անվտանգությունը, որը երաշխավորել այս պահին գերտերություններից կարող է բացառապես Ռուսաստանը:
Այնպես որ Պուտինը գալիս է Երեւան… վերջապես: