Պուտինը հերոս չէ, եւ նրան սիրելն ամենեւին էլ պարտադիր չէ
Ուկրաինայում ծնված, ԱՄՆ-ում կրթություն ստացած եւ այնտեղ երկար տարիներ ապրած, այժմ Կիեւում բնակվող Քրիս Ստախովսկին նավթային մասնագետ է: Օրերս նա հոդված էր հեղինակել ամերիկյան American Thinker պարբերականում, որտեղ կարդում ենք հետեւյալ միտքը. «Պուտինը հերոս չէ եւ ռուսները թշնամի չեն»:
Փոքր-ինչ փոխենք Ստախովսկու խոսքերը եւ նշենք` Պուտինը հերոս չէ, եւ նրան սիրելն ամենեւին էլ պարտադիր չէ:
Իրականում ո՞վ է Վլադիմիր Պուտինը: Կա բավականին տարածված ընկալում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ռուսաստանից դուրս, որ «Պուտինը Ռուսաստանի փրկիչն է», մասնավորաբար նրա գալով ռուսաստանյան տնտեսությունը սկսեց աճ արձանագրել, եւ հենց Պուտինն է, որ ապահովում է Ռուսաստանի` որպես գերտերություն կայացումը: Միեւնույն ժամանակ, հիմնականում արեւմտյան շրջանակներում, ՌԴ նախագահն ընկալվում է որպես «գրեթե բռնապետ», նրան անգամ համեմատում են Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիի հետ, օրինակ` ղեկավարման մեթոդիկայով եւ անգամ անձնական, կուտակած հարստությամբ: Վերջինը, ըստ ամերիկյան մի պարբերականի, կազմում է «40-70 մլրդ ամերիկյան դոլար»: Հիշեցնենք նաեւ, որ վերջերս հանրահայտ Forbes-ը ՌԴ ղեկավարին նշեց որպես «աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի»:
Իրականում Պուտինը ոչ մի փրկիչ էլ չէ: Պարզապես ռուսաստանյան տնտեսության աճը ոչ այնքան Պուտինի «շնորքն է», որքան նավթի եւ գազի համաշխարհային գների աճի: Հատկանշական է, որ աշխարհի ամենամեծ պետության` Ռուսաստանի բյուջեի ուղիղ կեսը կազմում են գազից եւ նավթից ստացած եկամուտները: Պուտինը, գալով իշխանության գլուխ, ընդամենը մեծացրեց գազի եւ նավթի ազդեցությունը պետական բյուջեի եկամտային մասի վրա: Այսպես, եթե այն ժամանակ, երբ Պուտինը նոր էր ընտրվել նախագահ, նավթի մեկ բարելը Ռուսաստանը վաճառում էր 30 դոլարով, ապա հիմա` 100: Ավելին, գազ արտահանող ռուսական պետական «Գազպրոմ» ընկերությունը վաղուց արդեն իրականացնում է ոչ այնքան տնտեսական գործարքներ, որքան` քաղաքականություն: Հետեւաբար նավթն ու գազը Պուտինի համար դարձել են քաղաքական գործիքներ, եւ բյուջեն կիսով չափ լցնելու հրաշալի միջոցներ, իհարկե:
Բացի սրանից, որ Պուտինը հերոս չէ, ապացուցվում է նաեւ նրա ոչ տնտեսական գործունեությամբ: Օրինակ, հենց Պուտինի իշխանության տարիներին Ռուսաստանում եւ աշխարհում զգալի նշանակություն ստացավ Ռուս ուղղափառ եկեղեցին: Ամեն ինչից զատ, եկեղեցու ուժեղացումը նպաստում է, որ Պուտինը ազդեցություն տարածի հարեւան ուղղափառների, հիմնականում` ուղղափառ-սլավոնների վրա, օրինակՙ էլ ավելի ամուր պահի Բելառուսը եւ հեռու չթողնի Ուկրաինային:
Հասկանալի է, որ նախագահական աթոռը 4 տարով Մեդվեդեւին զիջելու ընթացքում Պուտինը կարողացել է սերտել աշխարհաքաղաքական գերտերություն դառնալու բոլոր ճանապարհները, եւ հիմա նա իր երկիրը տանում է հենց այդ ճանապարհներով: Հիմա, կարելի՞ է արդյոք մեղադրել նրան` հարեւաններին ճնշելու համար, իհարկե ոչ: Ոչ թե որովհետեւ նա չի ճնշում հարեւաններին, այլ որովհետեւ ճնշվողի համապատկերում ճնշողը երբեք մեղադրելի չէ: Պե՞տք է արդյոք Պուտինին համարել հերոս, իհարկե ոչ: Որովհետեւ նա ընդամենը կատարում է աշխարհի ամենամեծ պետության ղեկավարի պաշտոնով իրեն շնորհված լիազորությունները, ոչինչ ավելին: Մեղադրելի՞ է արդյոք ՌԴ առաջնորդը իր ունեցած Եվրասիական միություն ստեղծելու ցանկության եւ նախագծի համար: Անշուշտ ոչ, որովհետեւ նա այդպիսով սեփական երկիրը պարզապես դարձնում է գերտերություն:
Պուտինը մեծ երկրի սովորական ղեկավար է, եւ նրան սիրել ամենեւին էլ պարտադիր չէ: Որովհետեւ կարեւորը ոչ թե սովորելն է, թե ինչպես ապրել Պուտինի իշխանության տարիներին, այլ թե ինչպես ապրել մեծ տերության հարեւանությամբ:
Այս առումով, մենք հազարամյակների փորձ ունենք, իմիջիայլոց…