Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քրիստինե Չթչյանի մենահամերգը

25/08/2023
- 25 Օգոստոսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամեն կայացած երաժշտի հատուկ է կատարման յուրատիպ ոճը, նվագելաձեւը, երաժշտական երկերի մեկնության սեփական կերպը, որոնք անձնական ապրումի եւ անհատի խառնվածքի դրսեւորման արտահայտություն են: Շուրջ տասը տարի հետեւելով ջութակահար Քրիստինե Չթչյանի կատարողական ընթացքին, ներկա լինելով նրա մենահամերգներին՝ քանիցս համոզվել եմ, որ հայ ջութակահարների դպրոցի լավագույն ավանդույթները շարունակողների շարքում է, եւ նրա՝ վերջերս կայացած երեւանյան մենահամերգը դրա ապացույցներից մեկն էր:

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի առաջին ջութակի եւ կոնցերտմայստերի հետ ծանոթությունս, որքան էլ զարմանալի թվա, եղել է «Երիտասարդ առաջնորդների» դպրոցում, որտեղ տարբեր հասարակական կառույցների երիտասարդ ներկայացուցիչներին առաջնորդության հմտություններ էին հաղորդում: Նրա արթուն միտքը եւ հուզական, ոչ անտարբեր բնույթը դրդել էին առավել ակտիվ մասնակցություն ունենալու հասարակական կյանքին, բայց դարձյալ իր երաժշտությամբ, երբ ներքին դրդումն այնքան հզոր էր եղել, որ այդ համեստ, զգայուն, զուսպ, բավական ներփակ մարդն արդարության ձայնը լսելի դարձնելու համար Ազատության հրապարակում հավաքված մարդկանց կողքով անցնելիս՝ քայլերը դանդաղեցրել, երկար կանգնել էր, ապա բացել էր ջութակի պատյանը, եւ գործիքն առնելով ձեռքը, նվագել՝ առավել խոսուն արտահայտելով այն, ինչը տեղ չի հասնում, երբ բառերով ես ձեւակերպում: Մի տասնամյակ առաջ Երեւանի սրտում այս ինքնաբուխ մենահամերգը Քրիստինեի, թերեւս, միակ նշանակալից քայլն է քաղաքականության մեջ: Տարիները Քրիստինեին համոզել են, որ յուրաքանչյուրն ի՛ր տեղում, ի՛ր մասնագիտության ոլորտում ազնվորեն ջանալով` ավելին է կարող անել, քան եթե ձեռք մեկնի իր բնույթին ոչ հատուկ ոլորտներին, ուստի գլխավորը, ավելին՝ միա՛կն իր կյանքում երաժշտությունն է, չմոռանանք նաեւ՝ դասավանդումը, նվիրումն իր մանկահասակ աշակերտներին:

Քրիստինե Չթչյանը՝ Վլադիկավկազում՝ Մարինյան թատրոնի մասնաճյուղում համերգին, անվանի դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ Վալերի Խլեբնիկովի հետ

Բավական է բեմ բարձրանա, կտրուկ վերափոխվում է. մենահամերգի ժամանակ ներփակվում է, ասես՝ անցնում իր ներսը, իմ տպավորությամբ, դառնում՝ կարծես ջութակի ձգված լար, ամբողջանալով իր կատարած երաժշտության հետ՝ վերանում իրականությունից: Այդպիսին է հանդիսականը տեսնել նրան նաեւ անցյալ տարվա հունիսին Վլադիկավկազում իր ելույթների ժամանակ: Այդ համերգներն անցան Ալանիայի՝ Քրիստոնեության ընդունման 1100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Վլադիկավկազի սիմֆոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Վալերի Խլեբնիկով) տեղի Մարինյան թատրոնի դահլիճում Ք. Չթչյանը նվագեց Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը: Նույն դահլիճում, ապա եւ Կրասնոդարում, Նովոռոսիյսկում անվանի դաշնակահար Ալեքսանդր Յակովլեւի հետ կատարեց Բրամսի, Սարասատեի, Բաբաջանյանի, Կոմիտասի ստեղծագործությունները:

Սեդրակ Երկանյան, Քրիստինե Չթչյան. երեւանյան մենահամերգ

Քրիստինեի երեւանյան մենահամերգներից այս տարիներին առանձնապես տպավորվել են ելույթները Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, մաեստրո Սեդրակ Երկանյանի նվագակցությամբ համերգները, նվագը «Հայքրիս» եռյակի կազմում, 2021-ի աշնանն ու 2022-ի ձմռանը՝ զուգանվագները Հայաստան ժամանած Ալ. Յակովլեւի հետ: Վերջինիս հետ միջազգային մրցույթների դափնեկիր Քր. Չթչյանի ռուսաստանյան համերգները բարձր գնահատական ստացան թե՛ տեղի հանդիսականի, թե՛ երաժշտագետների կողմից: Ահա թե ինչու նա հրավիրվեց վարպետության դասեր տալու Կրասնոդարում: «Հպարտ եմ, որ հինավուրց երկրիս մի մասնիկն եմ եւ հնարավորություն ունեմ օտարներին ներկայացնելու մեր հայկական հարուստ մշակույթը,- այդ օրերին կարճ գրառում կատարեց Քրիստինեն:- Երաժշտությունն ազգություն չունի, եւ երաժշտության լեզուն բարությունն ու խաղաղությունն է: Լսելով մեր հանճարեղ Կոմիտասին` ամբողջ դահլիճը հուզվեց… Ինձ համար մեծ պատիվ է, որ կարող եմ երաժշտության միջոցով օտարներին լսելի դարձնել հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը»:

Հավելենք, որ անցյալ տարեվերջին Քրիստինե Չթչյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում կայացած «Golden Time Talent» միջազգային մրցույթում արժանացել է պատվավոր առաջին մրցանակին՝ ոսկե մեդալի՝ լարային գործիքներ անվանակարգում:

Եվ ահա սպասված մենահամերգը՝ Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը: Նրանում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի դաշնամուրային նվագակցությամբ հնչեցին երկու հայաստանյան պրեմիերաներ՝ Պ. Սարասատեի՝ կոնցերտային ֆանտազիան՝ Շ. Գունոյի «Ռոմեո եւ Ջուլիետ» օպերայի թեմաներով եւ Սինժելեի ֆանտազիան՝ Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերայի թեմաներով: Այս համերգը, եթե երկու բառով գեղարվեստորեն նկարագրելու լինենք, կարելի է ձեւակերպել՝ իբրեւ զգացմունքների ալեկոծություն. տրամադրությունների ելեւէջումներ, վերելքներ ու վայրէջքներ՝ սուր դրամատիզմից մինչեւ հանդարտ մեղեդային անրջանք, ընդվզումից մինչեւ մենության դատապարտվածության խորը զգացում, ողբերգության խորխորատներից մինչեւ ցնծության բարձրակետեր, որոնք ունկնդրին ինքնաբերաբար համակում էին այդ տարամերժ տրամադրություններով: Կատարումից կատարում, հեղինակից հեղինակ, երկից երկ, դրանց ներդաշնակ՝ դահլիճը շնչում էր, տարուբերվում բազմաբղետ զգացմունքների ալեկոծությունում՝ մեղեդային, խորքային, լեցուն, բազմաշերտ:

Բեմին ու հանդիսասրահում նույն մթնոլորտն էր, նույն էներգետիկ դաշտը, եւ դա շնորհիվ Ֆ. Պուլենկի սոնատի, Ա. Շնիտկեի՝ հնագույն ոճով սյուիտի եւ Սարասատեի՝ իսպանական պարի թեմաներով «Պլայերա»-ի հուզական, արտիստիկ, կրքոտ, հոգեկան ուժերի գերլարում պահանջող կատարումների: Երաժշտական հանրահայտ երկերի կատարումներն ունկնդրելիս՝ դառնում ես ավելի բծախնդիր՝ հիշողությանդ մեջ իբրեւ չափորոշիչ ունենալով հայտնի ջութակահարների օրինակը: Սարասատեի, Պուլենկի, մյուսների ստեղծագործությունները Ք. Չթչյանը կատարեց մի շնչով, վերացած, զգացմունքների գերլարվածությամբ:

Հոգեկան ապրումների նկարագիրը տալ երաժշտության միջոցով այնպես, որ ուղղակի տառապանքի զգացումով համակես ունկնդրին,- դա հազվագյուտ արտիստներին է հաջողվում: Իմ տպավորությամբ, զգացմունքների խտացվածության իմաստով, համերգային ամենալեցուն պահերից մեկը Չիպրիան Պորումբեսկուի «Բալլադ»-ի կատարումն էր: 19-րդ դարի ռումինացի հանրաճանաչ կոմպոզիտոր Չ. Պորումբեսկուն՝ ուղղափառ եկեղեցու քահանայի որդին, հայտնի է եղել իր հանրային ակտիվ գործունեությամբ (համահիմնադիրն էր ազգային-հայրենասիրական կազմակերպության, ղեկավարել է ուսանողական եւ բանվորական երգչախմբեր, հրապարակել «Սոցիալական երգերի ժողովածու՝ ռումինացի ուսանողների համար»): Նրա ստեղծագործությունները՝ մեղեդային, վառ արտահայտված ազգային կոլորիտով, տոգորուն էին պայքարի ոգով, նաեւ խորը թախծությամբ, երբ երաժշտության լեզվով պատմում էր քաղաքական կալանավորների տանջանքի եւ անկոտրում ոգու մասին: Առանձին դրամատիզմ ունի «Բալլադը»: Այն նաեւ անձնական ողբերգության արտահայտություն է. կոմպոզիտորն ապրել է ընդամենը 29 տարի եւ վախճանվել ծանր հիվանդությունից՝ թոքախտից: Այդ երաժշտությունը կարոտ է ու ցավ, մենությանը շղթայված հոգու կանչ, բանտվածի տոչորում: Անելանելիությունից զարկ է պատեպատ, տարածությունից տարածություն, ընդվզում, հոգեմաշ տենչանք… Որպես այդ մեղեդուն համանվագ են ծնվել բանաստեղծական տողերս.

Հույսեր հանգչեցան խանձարուրներում,

Եվ թեւակոտոր թռչունքը անկան,

Եվ ես չեմ ուզում նույն շրջանն անցնել

Պատառված հոգով՝ ցնոր ու անհաշտ:

Ո՜հ, երանի՜ է միամիտներին,

Որ չեն համտեսել դավ ու մոռացում,

Հիասթափության խարանը կրծքին՝

Չեն խաչվել նորեն հուդայի ձեռքով:

Չեն իմաստնացել մինչ աքլորականչ՝

Ճաշակելով սուտ, դավ եւ ուրացում,

Եվ ամբոխների ետդարձի ճամփին

Ոտնակոխ եղած վերադարձել տուն…

Ես լուսումութին արմունկդ եմ փնտրում,

Որ չսայթաքեմ, չբեկվեմ, եւ արդ

Քո շնչին մոտիկ պահ մը լինելուց

Ոչինչ հրճվալի առավել չկա…

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴՈՆԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Շիրակի նվիրյալ դուստրը

Հաջորդ գրառումը

Թեքեյան մշակութային միության Դոկտոր Նուբար Բերբերյան հիմնադրամի ամենամյա մրցանակաբաշխություն

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Թեքեյան մշակութային միության Դոկտոր Նուբար Բերբերյան հիմնադրամի ամենամյա մրցանակաբաշխություն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար. Հայկ Դեմոյան

14/10/2025

Պատժի կրկնապատկումը Ռեպրեսիվ ու բռնաճնշումների քաղաքականություն կիրառող իշխանությունների սիրված ու ամենանախընտրելի դիրքորոշումներից մեկը անսխալական երևալն ու ոչ մի պարագայում սեփական...

ԿարդալDetails

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական