Դրանք պատուհաս են շրջակա միջավայրի համար
Գերմանական DUH բնապահպանական կազմակերպությունը հաշվարկել է, որ աշխարհում ամեն տարի օգտագործվում է 1 տրիլիոն պլաստիկե տոպրակ, եւ դրանց միայն 1/10 մասն է ենթարկվում երկրորդային վերամշակման: Միայն 2010 թ. արտադրվել է 750 հազար տոննա մեկանգամյա պլաստիկե տոպրակ: Ամենաահավորն այն է, որ պլաստիկի քայքայումը տեւում է մի քանի հարյուր տարի: Համեմատության համար նշենք, որ ավտոբուսի թղթե տոմսը քայքայվում է մի քանի շաբաթվա ընթացքում: Նույնիսկ պահածոյի թիթեղյա տուփը, Միջազգային ծովային կազմակերպության տվյալներով, լիովին քայքայվում է մոտ 100 տարում:
Պատահական չէ, որ Եվրոհանձնաժողովը պահանջում է սահմանափակել պլաստիկե տոպրակների արտադրությունը: ԵՄ շրջակա միջավայրի հարցերի գծով հանձնակատար Յանեզ Պոտոչնիկը պահանջում է ապագայում առհասարակ արգելել դրանք: «Պլաստիկե տոպրակները խորհրդանիշն են մեր հասարակության, որը սովոր է ամեն ինչ դեն նետել: Մենք դրանք օգտագործում ենք կարճ ժամանակով, իսկ հետո դրանք հարյուրամյակներով աղտոտում են շրջակա միջավայրը», ասում է նա:
Որքան ավելի հարուստ է երկիրը, այնքան ավելի շատ արտադրանք է տալիս եւ ըստ այդմ աղբ է ստեղծում: Դա տեսանելի է նոր զարգացող ասիական երկրների օրինակով: Այսպես, Ինդոնեզիայում կամ Ֆիլիպիններում բավականաչափ փող կա ապրանքների արտադրության համար, բայց չկան թափոնների օգտահանման համար պատասխանատու կառույցներ: Պլաստիկային աղբի էներգետիկ օգտագործումը, մասնավորապեսՙ այրման միջոցով, նրանց համար չափազանց թանկ է, ասում է վերօգտագործման հարցերի փորձագետ Էլլեն Գունզիլիուսը:
Նոր զարգացող երկրներում ամենից շատ աղբ ստեղծում են քաղաքների բնակիչները: «Nature» հանդեսում կանադացի գիտնական Դանիել Հորնվեգի հրապարակած հետազոտության տվյալների համաձայն, քաղաքացին միջին հաշվով կրկնակի շատ աղբ է թափում, քան գյուղացին: Աշխարհի ամենամեծ «աղբանոցի» կոչման համար կարող են պայքարել Մեխիկոյի եւ Շանհայի աղբադաշտերը: Դրանցում օրական թափվում է շուրջ 10 հազար տոննա աղբ:
Ռուանդայի մայրաքաղաք Կիգալին տարիների շարունակ բառացիորեն խեղդվում էր պլաստիկի մեջ: Ամենուրեք տոպրակներ էին: Այսօր Կիգալին Աֆրիկայի ամենամաքուր քաղաքների ցանկում է: Հինգ տարի առաջ ՄԱԿ-ը քաղաքի վարչակազմին պատվոգիր հանձնեց պլաստիկի նկատմամբ «զրոյական հանդուժողականության» քաղաքականության հաջողությունների համար:
Ներկայումս Ռուանդա այցելող բոլոր անձինք ենթարկվում են մանրակրկիտ ստուգման: «Դոյչե վելլե» ռադիոկայանը նշում է, որ պլաստիկե բոլոր տոպրակները առգրավվում են եւ անմիջապես ոչնչացվում: Էլլեն Գունզիլիուսի խոսքերովՙ պայքարի առավել արդյունավետ միջոց են միանգամյա պլաստիկե տոպրակների վրա սահմանված հարկերը, որոնք գործում են, օրինակ, Ֆինլանդիայում, Դանիայում եւ Իռլանդիայում: