Իրենց աղքատ համարողներն ավելի քիչ են, քան իրական աղքատությո՞ւնն է
2012-ին աղքատության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է եւ կազմել 32,4 տոկոս` նախորդող 2011 թվականի 35 տոկոսի համեմատ: Այս մասին հայտնի դարձավ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» վիճակագրական-վերլուծական զեկույցից, որը պատրաստվել է 2012-ին` տնային տնտեսությունների կենսամակարդակի ուսումնասիրության արդյունքների հիման վրա: Ուսումնասիրությունն իրականացվել է սպառման ցուցանիշները հիմք ընդունելով, քանի որ այն ավելի ճշգրիտ տեղեկատվություն է ներկայացնում, քան եկամտի ցուցանիշը:
Այսպիսով, նախ այն մասին, թե ի՞նչ է աղքատության գիծը եւ ինչպե՞ս է դասակարգվում: 2012-ին աղքատության գիծը հաշվարկվել է` օգտագործելով 2009-ին փաստագրված նվազագույն պարենային զամբյուղը եւ ոչ պարենային ապրանքների մասնաբաժինը: Աղքատության վերին ընդհանուր գիծ է գնահատվել մեկ չափահաս անձի հաշվով ամսական 37 հազար դրամ սպառումը, աղքատության ստորին ընդհանուր գիծ է գնահատվել մեկ չափահաս անձի հաշվով 30 հազար դրամ սպառումը, եւ վերջապես աղքատության պարենային կամ ծայրահեղ գիծ է գնահատվել 21,7 հազար դրամ սպառումը:
Դա նշանակում է, որ ամսական մինչեւ 37 հազար դրամ մեկ շնչի հաշվով սպառողը համարվում է աղքատության գծից ցած եւ աղքատ, 30 հազար դրամից ցածր սպառողը` շատ աղքատ, իսկ 21 հազար դրամից ցածր սպառողը` ծայրահեղ աղքատ: Տոկոսային առումով բնակչության մոտ մեկ երրորդը` 32,4 տոկոսը 2012-ին եղել է աղքատ, որից 13,5 տոկոսը` շատ աղքատ, իսկ 2,8 տոկոսը` ծայրահեղ աղքատ: Այսինքն, աղքատների թիվը կազմել է 980 հազար, որից 408 հազարը շատ աղքատներն են եղել, իսկ 85 հազարը` ծայրահեղ աղքատները: Ծայրահեղ աղքատները 2008-ի համեմատ ավելացել են 1,2 տոկոսային կետով, շատ աղքատները` 0,9 տոկոսային կետով, իսկ աղքատության ընդհանուր մակարդակը` 4,8 տոկոսային կետով
Զեկույցում նշվում է, որ չնայած 2011-ի համեմատ 2012-ին աղքատությունը նվազել է, բայց դեռեւս գերազանցում է 2008-ի աղքատության մակարդակը: Այդ տարվանից հետո աղքատության ցուցանիշի ավելացումը զեկույցի հեղինակները կապում են համաշխարհային ֆինանսատնտեսական, պարտքային իրացվելիության եւ վստահության ճգնաժամերի` մեր երկրի տնտեսության վրա թողած վնասակար ազդեցությունների հետ:
Ազգային վիճակագրական ծառայության ուսումնասիրությունից տեղեկանում ենք նաեւ, որ աղքատության մեծ տարբերություն քաղաքային եւ գյուղական բնակավայրերի միջեւ չկա: Քաղաքներում աղքատության մակարդակը 32,5 տոկոս է, գյուղերում` 32,1 տոկոս: Ընդ որում, աղքատությունը 2008-2012-ին ավելի արագ ավելանում էր քաղաքային բնակավայրերում, քան գյուղական` 4,9 տոկոսային կետ` 4,6 տոկոսային կետի դիմաց:
Աղքատության ամենացածր ցուցանիշը Երեւանում է` 25,6 տոկոս, որը 1,6 անգամ ավելի ցածր է մայրաքաղաքից դուրս գտնվող այլ բնակավայրերի համեմատ: Սակայն անցած տարիներին աղքատությունն ավելի արագ տեմպերով աճել է հենց Երեւանում` 5,5 տոկոսային կետով, այլ քաղաքների 4,4 տոկոսային կետի համեմատ: Աղքատությունը դիտարկելով քաղաք-գյուղ բաշխվածությամբ, զեկույցի հեղինակները պարզել են, որ աղքատների մեծ մասը` 64,4 տոկոս, ապրում է քաղաքներում:
Ինչ վերաբերում է անհավասարության ցուցանիշին շատ աղքատների եւ շատ հարուստների միջեւ, ապա թե՛ սպառման, թե՛ եկամուտների առումով այն խորացել է: Եկամուտների առումով անհավասարությունը բնութագրող Ջինի գործակիցն ավելացել էՙ կազմելով 0,372` 2008-ի 0,339-ի համեմատ, սպառման ցուցանիշով Ջինի գործակիցը կազմել է 0,269` 2008-ի 0,242-ի համեմատ:
Բավականին հետաքրքրական են տնային տնտեսությունների չափահաս անձանց գնահատականները իրենց բարեկեցության վերաբերյալ: Նրանցից միայն 17,6 տոկոսն է իրեն համարել աղքատ` աղքատության հաշվարկված 32,4 տոկոս ցուցանիշի պարագայում: Փոխարենը իրենց ծայրահեղ աղքատ համարողները կազմել են 3,1 տոկոս 2,8 տոկոս գնահատված ծայրահեղ աղքատության պարագայում: Ընդ որում, 2008-ին, երբ աղքատության մակարդակը մոտ 27 տոկոս էր, իրենց աղքատ էին համարել հարցվածների 17 տոկոսը, իսկ այժմ, երբ աղքատությունը գնահատվել է 32,4 տոկոս, իրենց աղքատ են համարում 17,6 տոկոսը: Փաստորեն, իրենց աղքատ համարողներն ավելի քիչ են, քան իրական աղքատությո՞ւնն է: Սա կարո՞ղ է նշանակել, որ սկսել ենք ավելի քիչ դժգոհել կյանքից` հազիվ թե: Հավանաբար հարցվողների մի մասն ավելի համեստ սպառման տվյալներ է ներկայացրել, քան իրենց իրական կենսամակարդակն է, եւ որի վերաբերյալ ավելի անկեղծ կարծիք են հայտնել: