«Այդ տարածքում հարյուրամյակներ (իրականում՝ հազարամյակներ – Գ. Մ.) ապրող մարդկանցից… պահանջել, որ նրանք Ադրբեջանի քաղաքացիներ դառնալ չցանկանալու համար այդտեղից հեռանան, դա քողարկված կրկնություն է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի տեղահանության եւ ցեղասպանության: Ադրբեջանը հայերին դուրս է մղում Լեռնային Ղարաբաղից, որպեսզի իրեն մնա այս տարածքն առանց բնակչության»: «Պրավդա.ռու» ռուսական էլեկտրոնային կայքի մի հրապարակման մեջ պատասխանելով իրեն տրված հարցին, արցախյան խնդրում առկա իրավիճակն այսպես է գնահատել ռուս հայտնի քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Նրա հետ հարցազրույցը տպագրվել է օգոստոսի 15-ին:
Լաչինի անցակետը, նշել է Կ. Զատուլինը, ստեղծվել է, որ հնարավոր չլինի Լեռնային Ղարաբաղի հայերին ռազմական օգնություն ցուցաբերելը, եթե նրանց դեմ կռվել սկսեն ադրբեջանական զորքերը: Ադրբեջանը, նկատում է նա, շահագրգռված է հնարավորինս արագ մեկընդմիշտ լուծել այդ խնդիրը, այն է՝ վերացնել Լեռնային Ղարաբաղն իբրեւ հասկացություն, անգամ աշխարհագրորեն: Այս իրավիճակն իբրեւ ծանր մեղադրանք ուղղելով Հայաստանի գործող իշխանության դեմ, «որը կարծես բավական չէ որ անկարող է պաշտպանել հայերի իրավունքները, դեռ նաեւ բանը տանում է ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների աստիճանական կազմաքանդման», քաղաքագետն ավելացնում է, թե իրենց՝ ռուսների համար իրավիճակի դժվարությունն այն է, որ իրենք չենք ցանկանում սրել հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ Թուրքիան բացարձակապես առանց քաշվելու օգտվում է դրանից: Ռուսաստանյան քաղաքագետներն ու լրատվամիջոցները հիմնականում, բնականաբար, խանդով են վերաբերվում հայ-ադրբեջանական բանակցություններին նաեւ Արեւմուտքի հույժ ակտիվացած միջորդությանը:
«Ինչպես է Արեւմուտքը փորձում լարել իրավիճակը Բաքվում եւ Երեւանում, մինչ Մոսկվան զբաղված է Կիեւով». այս հարցադրմամբ մի հրապարակում է արել «Սվոբոդնայա պրեսա» կայքը: Ի՞նչ է, օրինակ, հարկավոր ԱՄՆ-ին այս պատմությունում, եւ դրանում ինչ դեր ունեն նախագահ Բայդենի վրա տեղի հայկական լոբբիի ազդեցությունը, ասպարեզում Բայդենի առկայությունն ընդհանրապես: Պատասխանելով այս հարցին, ՌԴ Քաղաքական եւ տնտեսական հաղորդակցությունների գործակալության վերլուծական նախագծերի տնօրեն Միխայիլ Նեյժմակովը կարծիք է հայտնել, թե ԱՄՆ-ի համար առարկայորեն ձեռնտու է պարբերաբար սպասելիքների ավելի բարձր մակարդակ սահմանել մերթ Բաքվում, մերթ Երեւանում (այդ թվում՝ ձգտելով մեծացնել հակասությունները Մոսկվայի հետ)՝ չվերցնելով ավելորդ պարտավորություններ: Մոտ ապագայում, ըստ նրա, գոյություն ունեցող միտումները ավելի հավանական է՝ կպահպանվեն: Ընդհանուր առմամբ, Բաքվի համար Վաշինգտոնի հետ երկխոսությունը մի փոքր ավելի հեշտ կլինի հանրապետական վարչակազմի իշխանության գալու դեպքում, իսկ Երեւանի համար՝ եթե դեմոկրատները մնան իշխանության ղեկին: Բայց ԱՄՆ-ն կխաղա իր խաղը՝ պարբերաբար կողմերից յուրաքանչյուրին կա՛մ ավելի բարենպաստ, կա՛մ «ավելի սառը» ազդանշաններ ուղարկելով:
Բոլոր դեպքերում ակնհայտ է մնում, որ Արցախի կենաց-մահու խնդիրը հայտնվել է Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության ոլորտում, որից լավ բան սպասելը թվում է՝ դժվար է: Այս կարծիքին է նաեւ ռազմաքաղաքական հարցերի ռուսաստանցի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, «Ազգ»ի ընթերցողին ծանոթ Միխայիլ Ալեքսանդրովը: «Կեղտոտ աշխարհաքաղաքական խաղն Անդրկովկասում սպառնում է հանգեցնել Ղարաբաղի հայ բնակչության ցեղասպանության». այսպես է վերնագրված հուլիսի վերջին «ձեն.ռու (dzen.ru)» էլեկտրոնային հարթակում տպագրված նրա հոդվածը:
Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ արտգործնախարարների հուլիսի 25-ի մոսկովյան բանակցություններին, քաղաքագետը նշում է, թե դրանք մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ ԼՂՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիան անվերջանալի հորդորներով կանգնեցնել չի հաջողվի, որ անհրաժեշտ է ուժ կիրառել: Սակայն Բաքվի ռեժիմի դեմ ուժի կիրառումը հիմա դժվարացել է, քանի որ Անդրկովկասում ծավալվել է կեղտոտ աշխարհաքաղաքական խաղ, որի նպատակն է Ռուսաստանին դուրս մղել այս տարածաշրջանից: Այդ խաղի նախաձեռնողը արեւմտյան կոալիցիան է, որը հրաժարվել է ԼՂ հարցում Ռուսաստանի հետ համագործակցելուց: Արեւմուտքի խաղի էությունը, ըստ Ալեքսանդրովի, Ռուսաստանին ու Հայաստանին գժտեցնելն է, այնտեղ հակառուսական տրամադրությունների բուռն աճը, հայ հասարակությանը Ռուսաստանի դեմ հանելը եւ, որպես հետեւանք, Մոսկվայի ու Երեւանի պաշտպանական դաշինքի խզումը: Իսկ հենց դա տեղի կունենա, եթե Ռուսաստանի Դաշնությունը թույլ տա Ղարաբաղի հայերի էթնիկ զտումներ: Ընդսմին Բաքվի կողմից արցախահայերի էթնիկ զտմանը Արեւմուտքի չմիջամտելը արեւմտյան ինտրիգանների պատկերացմամբ պետք է ապահովի Ադրբեջանի հետ երկարատեւ լավ հարաբերություններ: Եվ այդպիսով Ռուսաստանը կվտարվի Անդրկովկասից, իսկ Արեւմեւտքն, ընդհակառակը, կմեծացնի այնտեղ իր ներկայությունը:
Իսկ եթե Ռուսաստանը «չհանձնի» Ղարաբաղը, ասվում է հոդվածում, կտրուկ կվատանան հարաբերությունները Բաքվի, ապա եւ Թուրքիայի հետ, ինչից կօգտվի Արեւմուտքը՝ հույս ունենալով Ադրբեջանում ստեղծել հենակետ Ռուսաստանի ու Իրանի դեմ… Այս պայմաններում ռուսական դիվանագիտությունը փորձում է «նստել երկու աթոռների վրա», որոնք իրարից անշեղորեն հեռանում են՝ մոտեցնելով անխուսափելի ընտրության պահը: Հարցն այստեղ այն է, թե դեռ որքան կդիմանա ԼՂՀ բնակչությունը… «Ինչի վրա է հույս դնում ՌԴ ԱԳՆ-ն, ոչ այնքան հասկանալի է,- ասում է Ալեքսանդրովը:- Ես այստեղ չեմ խոսում ՌԴ ԱԳՆ-ում ադրբեջանական լոբբիի մասին, որն աշխատում է Բաքվի օգտին, խոչընդոտում է Ռուսաստանի վճռական միջոցներ ձեռնարկելուն՝ գրագետ կերպով շահարկելով Արեւմուտքի հետ առճակատումը: Ես խոսում եմ այն դիվանագետների մասին, որոնք գործով են պաշտպանում Ռուսաստանի ազգային շահերը»:
Հնարավոր է՝ ռուսական դիվանագիտությունը հույսը դնում է այն բանի վրա, որ Արեւմուտքը հասարակական կարծիքի ճնշման ներքո պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ, եւ Ադրբեջանը ստիպված լինի բացել Լաչինի միջանցքը՝ առանց Ռուսաստանի հարկադրանքի, ինչը վերջինիս հնարավորություն կտա պահպանել նորմալ հարաբերություններ ե՛ւ Բաքվի, ե՛ւ Երեւանի հետ: Հույսը դնել դրա վրա՝ նշանակում է չիմանալ արեւմտյան երկրների պատմությունը, նշում է հոդվածագիրը եւ օրինակներ բերելով՝ հավաստում, որ այնտեղ հասարակական վրդովմունքն անգամ հաշվի չի առնվում, եթե դա չի համապատասխանում իրենց արտաքին քաղաքականությանը: Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիվանագետները, նրա արտահայտությամբ, այնքան են տարվել այդ խաղով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը նրանց համար մղվել է հետին պլան: Ոչ մեկը չի ուզում սկսել ու պայմանավորվել ադրբեջանական արգելափակման դադարեցմանն ուղղված համատեղ գործողությունների մասին: Դա համաշխարհային դիվանագիտության ամոթն է, ռուսաստանյանինը ներառյալ:
Եթե Ռուսաստանը վախենում է Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնելուց, ապա Բաքուն չգիտես ինչու չի վախենում Ուկրաինային օգնելուց: Մինչդեռ Բաքուն, ինչպես նշվում է, շատ ավելի պատճառներ ունի թանկ գնահատելու Ռուսաստանի հետ լավ հարաբերություններն ու նրա բարեհաճությունը: Հենց այդ հանգամանքից էլ, Միխայիլ Ալեքսանդրովի համոզմամբ, պետք է ելնի ռուսական դիվանագիտությունը, այլ ոչ թե ՌԴ ԱԳՆ-ում եւ երկրի այլ պետական կառույցներում ադրբեջանամետ լոբբիի առաջ տարվող գաղափարներից, ինչին պետք է վճռականորեն վերջ տալ: Որովհետեւ ծիծաղելի է խոսել Ռուսաստանի մասին իբրեւ բազմաբեւեռ աշխարհի կենտրոններից մեկի եւ «պարել Ադրբեջանի դուդուկի տակ»:
Վերջում կարեւոր ենք համարում բերել 1992-1996 թթ. Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ ԱԳՆ վետերանների խորհրդի նախագահ Վլադիմիր Կազիմիրովի միտքը՝ արտահայտված «Ռուսարմինֆո» գործակալության եթերում, ի արձագանք Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ Բայդենին, Պուտինին եւ Մակրոնին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հուլիսյան հայտնի բաց նամակի:
«Այն բաները, որ անում է Իլհամ Ալիեւը, ոչ մի կերպ չեն համապատասխանում այս տարածաշրջանի երկրների հանգիստ եւ բնականոն զարգացման շահերին»,- ասել է դիվանագետը: Նրա կարծիքով՝ իրավիճակն անելանելի չէ. շատ երկրների, այդ թվում Ռուսաստանի հասարակական կարծիքը ոչ քիչ բան կարող է անել… Բայց միեւնույն ժամանակ հայերը դեռ պետք է պայքարեն ինքնուրույն զարգացման համար:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ