Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է աշխարհում միջուկային պատերազմի սպառնալիքի մասին։ Այս մասին կազմակերպության ղեկավարը խոսել է իր ուղերձում՝ նվիրված ԱՄՆ-ի կողմից Ճապոնիայի միջուկային ռմբակոծության 78-րդ տարելիցին։ Գուտերեշը միջազգային հանրությանը կոչ է արել դասեր քաղել 1945 թվականի օգոստոսի 6-ին ճապոնական Հիրոշիմա քաղաքին պատուհասած «միջուկային կատակլիզմից»:
«Միջուկային պատերազմի թմբուկները կրկին զարկում են. անվստահությունն ու պառակտումը աճում են: Սառը պատերազմի ժամանակ առաջացած միջուկային ստվերը կրկին ի հայտ է եկել: Եվ որոշ երկրներ կրկին անխոհեմորեն խաղացնում են միջուկային սուրը` սպառնալով օգտագործել ոչնչացման այս գործիքները», – ասել է ՄԱԿ-ի ղեկավարը Հիրոշիմայի խաղաղության հուշահամալիրում արված հայտարարության մեջ, որը ներկայացրել է ՄԱԿ-ի զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ Իզումի Նակամիցուն:
Գուտերեշը կոչ է արել երկրներին ամբողջությամբ հրաժարվել միջուկային զենքից՝ հիշեցնելով, որ միջուկային զինաթափումը ՄԱԿ-ի գլխավոր նպատակներից է։ «Միջուկային պատերազմի վտանգը վերացնելու միակ ճանապարհը միջուկային զենքի ամբողջական վերացումն է։ Միջուկային զենքից ազատվելը շարունակում է մնալ զինաթափման ոլորտում ամենաբարձր առաջնահերթությունը»,- ասվում է Գուտերեշի ուղերձում: