ԼՈՒՍԻՆԵ ՂԱՐԱԽԱՆՅԱՆ, Արցախ
Դերենիկ Դեմիրճյանը իր «Հայը» բնութագրականում գրում է. «Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչեւ մահ: Սա նրա անհրաժեշտությունն է»: «Արմենիա» հեռուստաընկերության «Հարազատ թշնամի» հեռուստասերիալը գրողի ասածը դարձնում է համոզմունք: Պատահաբար դարձա այս ֆիլմի վայրենի դրվագների ականատեսը, ու թվաց, որ դրանք մասնավոր հատվածներ են: Հետագայում ուշադրությամբ հետեւեցի մի քանի սերիայի, եւ հիասթափությունը խորն էր: Իսկապես հնարավոր չէ անտարբեր անցնել այսպիսի անորակ, հակամշակութային, հակադաստիարակչական կինոապրանքի կողքով: Հայի սպառող տեսակ, շուկայականություն, ագրեսիա եւ նեւրոզային տրամադրություն. այսպիսին է հեռուստասերիալի բովանդակային ֆոնը: Սերիալում ակնհայտ են այլասերումը, անհարգալից վերաբերմունքը ազգային արժեքների, մասնավորապես լեզվի նկատմամբ: Ֆիլմի սյուժեն, դեպքերի ու իրադարձությունների ընթացքը այլասերումն ու արժեզրկումը հասցված են աղետալի չափերի: Եվ այստեղ է, որ մշակույթը դառնում է հակամշակույթ, ընկած վիճակ ու գետնաքարշություն:
Առաջին հայացքից թվում էՙ ֆիլմում արտացոլված է ընտանեկան դրամայի հոգեբանական վերլուծություն, բայց մեկ սերիայի դիտումը բավական է, որպեսզի հասկանանք, որ բարոյական հոգեբանության փոխարեն ամեն ինչ կառուցված է կենսաբանական բնազդի վրա: Ագրեսիան թափանցել է մարդկային հարաբերությունների ամենամաքուր տարածքը ընտանիք, որը հայերիս համար չափանմուշային է: Երկու իրար ատող ընտանիքների հարաբերությունները հասցված են թշնամության ու ագրեսիայի, այլատյացության ու ապամարդկայնացման: Ընդ որում երկու թշնամի ընտանիքների ամուսինները ընկերներ են ու խնամիներ: Նույն այդ ընտանիքների թշնամության ուղղակի զոհ է դառնում «Բալայանների» ընտանիքի որդու Սպարտակի եւ «Բեկնազարյանների» ընտանիքի դստեր Էմիլիի «սերը»: Ինչու ենք «սերը» չակերտների մեջ առնում, որովհետեւ այդ այսպես կոչված զգացմունքը, որ փորձում են խաղալ երկու հերոսները, կառուցված է բնազդների ու սոսկ սեռական համակրանքի վրա: Այդ քնքուշ աղջիկը, որ տառապող կերպար է, ըստ էության, կրակն է ընկել գռեհիկ ու կոպիտ Սպարտակ Բալայանի ձեռքին, ով ամեն պահի հայհոյանքներ է թափում իր սիրած աղջկա գլխին եւ ակնհայտորեն ցուցադրում է անհարգալից վերաբերմունք (վեր ընգի տեղդ, մեկա քեզ ծեծելով կտանեմ, ջեբկիրի աղջիկ, ձեռ ես առնո՞ւմ աղչի, արա իջի արա, արա դավայ տուն անցի…): Կարծում ենքՙ մեկնաբանություններն ավելորդ են:
Հեռուստասերիալի երկու ընտանիքներում էլ, ովքեր «հարազատ» թշնամիներ են Բալայաններ-Բեկնազարյաններ, մթնոլորտը անբարոյական է, եւ պատահական չէ, որ երկու ընտանքիներից եւ ոչ մեկը անձնական երջանկություն չի գտնում: Ցավոք սրտի, ֆիլմի նեւրոզային վիճակը հաղորդվում է հեռուստադիտողներին, որովհետեւ հեռուստացույցի առաջ նստողը կամա թե ակամա հոգեբանական նույնացման կամ ապրումակցման զգացում է ունենում, կապված առանձին հերոսների, դեպքերի ու իրադարձությունների հետ: Ավելին, հեռուստասերիալի սիրահարները կարող են խորը հոգեբանական նույնացման հետեւանքով ձեռք բերել նախընտրած հերոսի այս կամ այն վարքագծի կրկնում կամ պատճենում:
Մինչեւ այսօր ֆիլմի սերիաներում դեպքերի հանգուցալուծումը տանում է միայն ու միայն դեպի անհատների ողբերգություն: Ողբերգություն են ապրում ինչպես անհատապես, այնպես էլ ընտանիքներով: Երկու ընտանիքների մոդելներն էլ, որոնք գործում են հեռուստասերիալում, ունեն դիսպերս նկարագիր: Մինչդեռ հայկական ընտանիքի անդամները ապրում են կոմպլիմենտար, փոխլրացնող հարաբերություններ: Սերիալում պահպանված չեն ազգային սոցիոմշակութային նույնականացման հիմքերը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հասարակության հոգեւոր հիմքերը խարխլվում են: Ֆիլմում միանշանակորեն սխալ ձեւով են լուծվում ծնող-երեխա հարաբերությունների, ընկերների, ընտանեկան բարեկամության, խնամիության, սիրո զգացմունքի, ամուսնության, ծնողապաշտության ու զավակապաշտության ավանդական մատրիցիաների արդիականացման խնդիրները: Եվ սա անհետեւանք չի կարող մնալ հատկապես ֆիլմի առանձին հերոսների դերակատարներին համակրող երիտասարդության ու պատանեկան տարիքի երեխաների վրա, քանի որ ընկալված ինֆորմացիան, հոգեբանական օրինաչափությամբ չի կորչում եւ կարող է ենթագիտակցորեն ղեկավարել մարդուն կամ նրա մոտ ձեւավորել ոչ ցանկալի դիրքորոշումներ:
Գուցե թե ֆիլմի սցենարի հեղինակը շոպենհաուերյան հոռետեսությամբ է կերտում ժամանակի հերոսի իր մոդելը, բայց որ այդ մոդելները չեն կարող դրական իմաստով ներգործել ժամանակի վրա, ակնհայտ է: Ավելին, ֆիլմի անհատական (առանձին հերոսների) ու հանրային կյանքի չկայացածությունը խոսում են մեզանում առկա կամ ձեւավորվող բարոյական ճգնաժամի մասին: Մինչդեռ նույն այդ սերիալը որպես կինոմշակույթ պետք է ցույց տա ճիշտ հանրային կյանք վարելու ու մարդկանց հետ բարձր արժեքների վրա հիմնված հարաբերություններ կառուցելու մոդելը: Սերիալը ընդգծում է սոսկ առօրյա կյանքի կամ մեր ժամանակների արատավորությունը հանրային կյանքի նկարագիրը դարձնելով տրոհված, քայքայված ու պաթոլոգիկ: Այսպես, ցասումն ու հիասթափությունը հաջորդում են իրար եւ ելքը շարունակվում է մնալ անհանդուրժողականությունը:
Պետք է կարծել, որ ֆիլմի սցենարի հեղինակը հոգեբանական ողբերգության հասնող իր անզորությունից եւ ներքին չլուծված կոնֆլիկտի վրա էլ կառուցում է այդ չարաբաստիկ սերիալը: Կարելի է ասել, որ այստեղ առկա է անուղղակի ագրեսիայի ու սխալ տրանսֆերի (տեղափոխման) երեւույթը: Թե մինչեւ երբ կշարունակվի աճուրդի հանված այս հակամշակույթը ու դրանից արտածվող մղձավանջըՙ հարցական է…