ԿԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՑ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Լեւոն Մկրտչյանի հուշասենյակի վարիչ
XX դարի վերջին երեք տասնամյակներում Մոսկվայի եւ Լենինգրադի գրական շրջաններում հայտնի գրականագետ, ակադեմիկոս Լեւոն Մկրտչյանին անվանում էին Հայաստանի Վոլտեր: Այդ բարձր գնահատականին նա արժանացել էր իր լուսավորչական գործունեության, միլիոնավոր ռուս ընթերցողներին հայ միջնադարյան եւ ժամանակակից գրականության գործերին ծանոթացնելու համար: Նա հայտնի էր նաեւ նրանով, որ, լինելով Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր, դաստիարակել էր հայ գրականագետների մի ամբողջ խումբ: Նրա ամենահայտնի սաներից մեկը ՀԳԱ գրականության ինստիտուտի այսօրվա տնօրեն Ավիկ Իսահակյանն է (Լեւոն Մկրտչյանը ղեկավարել է նրա թեկնածուական ատենախոսությունը): Ինչպես կարգն է, Իսահակյանը իր ղեկավարին միշտ վերաբերվում էր մեծ հարգանքով: Սակայն պատահեց այնպես, որ 12 տարի առաջ կյանքից հեռացած իր գիտական ղեկավարի նկատմամբ դիսերտանտի վերաբերմունքի մեջ մետամորֆոզներ տեղի ունեցան: Եվ դրանք առաջացան այն բանից հետո, երբ ակադեմիական ինստիտուտի տնօրենն իր սեփական կենսագրության մեջ հանկարծ հայտնաբերեց այլախոհությանը առնչակից լինելու հանգամանքներ: Եվ մեծն այլախոհը, իր հակախորհրդային ապստամբ ոգին նկարագրելու նպատակով ընտրելով նույնպիսի ապստամբ ոգու տեր Հովհաննես Շիրազին, որոշեց անկեղծանալ ու մարդկությանը տեղեկացնել իր հուշերի մասին: Ինչպես վայել է իսկական հուշագրին, լճացման դարաշրջանի «օբյեկտիվ» ու «անշահախնդիր» պատմագիրըՙ բ.գ.դ. Ավիկը, «Ազգ» օրաթերթի համարներում սկսում է տպագրել իր հուշերը: Հուշերից պարզ է դառնում, որ ատելով համակարգըՙ իսկական մտավորականները, որոնցից էր նաեւ Շիրազը, օրեր էին մթնեցնում «այլախոհության կղզյակ» հանդիսացող «Արմենիա» ռեստորանում, բայց ոչ միայն ուտել-խմելու, այլեւ հայրենիքի ճակատագրի համար տխրելու ու բարձրաձայնելու նպատակովՙ չերկնչելով խոսելուց խորհրդային ստրկատիրական համակարգի մասին:
Բայց մեկ-մեկ պատահում էր, որ «ազատամտության կղզյակները» (երկրորդ «կղզյակը», ինչպես հիշում է մեծն թոռը, «Ինտուրիստ» հյուրանոցի ամառային սրճարանն էր) այցելում էին նաեւ ապաշնորհ, ծախու հոգիներըՙ ռեժիմի կողմից բուծված նոմենկլատուրային մտավորականները: «Հետո՞ ինչ, որ հոգիդ վաճառել ես սատանային,- պաթետիկ կոչով մերկացնում է դրանց դասականի թոռը, ապա շարունակում,- արդեն 1917 թվից չկար ո՛չ հավատ, ո՛չ կրոն եւ ո՛չ էլ խղճի զգացողություն: Ու մտածում էին մեր «նոմենկլատուրային մտավորականները». «Աստված էլ երբեք չի գա, նա այս երկրի համար արդեն եկել էր սկզբում Լենինի, իսկ հետոՙ Ստալինի կերպարանքով»:
Ինչպես պատմում է ականավոր թոռը, նոմենկլատուրային մտավորականները զուրկ լինելով որեւէ գրողական, պոետական ձիրքից, դառնում էին ստեղծագործական միությունների ղեկավարներ: Տաղանդի փոխարեն սրանք օժտված էին ու ճարպկորեն օգտվում էին իրենց ընձեռված այլ հատկանիշներիցՙ ստորաքարշությունից եւ պնակալեզությունից: Եվ կերակրատաշտից օգտվելու համար պատրաստ էին ամեն ինչի: Անվանապես նշելով նրանցից շատերին, ովքեր 50-ից 80-ական թթ. ղեկավարել են Հայաստանի գրողների միությունըՙ հուշագիր Ավիկը բողոքում է, թե նրանց հիշելիս «գյումրեցու ասածՙ լացս կուգա»: Զսպելով հեծկլտոցըՙ նա շարունակում է իր աղեխարշ պատումը «ազատության կղզյակների» խստադեմ, մռայլ այցելուների մասին (ժպտալ, առավել եւս ծիծաղել եւ, Աստվա՜ծ մի արասցե, անեկդոտ պատմել նրանց արգելում էին կուսակցական ամենակարող տերերը):
Իսկ նրանք բացառապես գալիս էին այդտեղ, որպեսզի մեծամտորեն ճեմելով եւ անցնելով այն սեղանիկների կողքով, որտեղ նստած էին հայրենիքի ճակատագրի մասին խորհող իրական մտավորականները, Երեւան այցելած հյուրերին ուղեկցեն դեպի ճաշասրահ («գրողական ինտերնացիոնալը»): Այստեղ ես կանցնեմ մեջբերման. «Չնայած գրողներն ունեին նաեւ իրենց նոմենկլատուրային կատակ կամ սրամտություն անող քարտուղար-պրոֆեսորը, սակայն նա ասպարեզ եկավ ավելի ուշ, արդեն բրեժնեւյան ճգնաժամի շրջանում, եւ հարկ է ասել, որ սկսեց գործել շատ ակտիվ եւ իրեն բնորոշ բացառիկ զոռբայությամբ (ինչ անուն տաս, օրինակ, նրա կողմից Շիրազին ծեծելու փաստին «Հրազդան» հյուրանոցի սրահումՙ արտասահմանյան գրողների ներկայությամբ): Ահա նրան կտեսնեիր Վիլյամ Սարոյանի, Ռասուլ Համզատովի, Կայսին Կուլիեւի, Չինգիզ Այթմատովի, Միխայիլ Դուդինի կողքին …»:
Եթե ինչ-որ մեկի մեջ կասկած կարող է առաջանալ, որ խոսքն այստեղ Լեւոն Մկրտչյանի մասին է, ապա պատմության շարունակությունը եւ մեկ այլ նոմենկլատուրային մտավորականի մասին հիշատակությունն անմիջապես կցրի բոլոր կասկածները: «Քարտուղար-պրոֆեսորի» անմիջական «շեֆը», – ինչպես հաղորդում է պատմիչը,- Վարդգես Պետրոսյանն էր, որն, «ի դեպ, արդեն առանձին խոսակցության թեմա է, թե ինչպես 15 տարի հայ մտավորականության բախտը տնօրինեց Կարեն Դեմիրճյանի դպրոցական «վինետկային» մաս կազմած այս ընկերը …»:
Եվ քանի որ Վարդգես Պետրոսյանն այլ, հատուկ խոսակցության է արժանի, ապա դասական գրողի թոռանը պետք էր այս պերսոնաժը ներմուծել այն բանի համար, որ ընթերցողին առավելագույնս հնարավորություն տրվի Լեւոն Մկրտչյանին ու «քարտուղար-պրոֆեսորին» նույնականացնելու: Հո չէ՞ր կարող իսկական տղամարդը իր գիտական ղեկավարին մատնանշել: Դե ահա նա էլ, ելնելով բարոյականության մասին ի՛ր պատկերացումներից, գտավ միջոցը, եւ ինչպես իրեն էր թվում, ոչ ոք իրեն չէր կարողանա մեղադրել վախկոտության եւ անբարո գործելակերպի մեջ: Ես չգիտեմ, թե ի՞նչ նպատակներ էր հետապնդում հուշագիրը, երբ բերում էր այն գրողների ցուցակը, որոնց ուղեկցել է Լեւոն Մկրտչյանը: Եթե ա՛յն բանի համար, որ ցուցադրի, թե նոմենկլատուրային հյուրերին պետք է ուղեկցեր նոմենկլատուրային ղեկավարը, ապա այդ դեպքում ինչպե՞ս հայտնվեց ցուցակում Սարոյանը (բոլոր նրանք, ում նա նշում է, Սարոյանից բացի, առավել նոմենկլատուրային մտավորականներ էին, քան ինքըՙ Լեւոն Մկրտչյանը…. նրանք ոչ միայն հանրապետական գրողների միությունների քարտուղարներն էին, այլեւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորներ, իսկ Դուդինը նույնիսկ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում ուներ): Իսկ եթե այդ անունները վկայում են քարտուղար-պրոֆեսորի «անսկզբունքայնության» մասին, որի համար միեւնույն էրՙ ո՛ւմ ուղեկցել, ո՛ւմ ժպտալ, ո՛ւմ զվարճացնել, ապա այդ դեպքում ինչո՞ւ կրտսեր Իսահակյանը հաշվի չի առել, որ իր նշած գրողները, պոետները, ինչպես ասում են, առաջին շարքի ստեղծագործողներ էին: Եթե ես այստեղ սկսեմ խոսել ու թվարկել նրանցից ամեն մեկի արժանիքներն ու տաղանդը, խոսեմ Լեւոն Մկրտչյանի հանդեպ նրանց վերաբերմունքից, ապա իմ «Խոսքը….» կվերաճի տրակտատի: Այդ իսկ պատճառով կանգ կառնեմ միայն Մ. Դուդինի անվան վրա եւ կանդրադառնամ Ավիկ Իսահակյանի «Аветик Исаакян и Россия» (Մոսկվա, 1988) գրքին: Դասական գրողի թոռը գրում է. «Ավ. Իսահակյանի պոեզիայի խորապես ստեղծագործական ընթերցումներից են Մ. Դուդինի թարգմանությունները: Հայ գրականության հմուտ եւ քաջ գիտակ, հրաշալի բանաստեղծ ու թարգմանիչ Դուդինը, Ավ. Իսահակյանի ստեղծագործությունները խորապես ուսումնասիրելով, հանձն առավ իր ընտրությամբՙ իր հոգում տեղ գտած, իր համար առանձնապես թանկ, տարբեր տարիներին գրված բանաստեղծությունների թարգմանությունըՙ այդպիսով ստեղծելով ամբողջական բանաստեղծական շարք, որը վերնագրեց «Земля обетованная»….: Դուդինի այս թարգմանություններն աչքի են ընկնում շեշտված քնարականությամբ, համարձակ գեղարվետստական պատկերներով, երբեմնՙ անսպասելի հնչերանգով, ինչը հատուկ է հենց իրենՙ թարգմանչին»:
Թվում էՙ Իսահակյանի պոեզիայի թարգմանության նմա՛ն գնահատականը հենց թելադրում է, որ «հրաշալի պոետին ու թարգմանչին» ճաշասրահ ուղեկցեր ոչ թե քարտուղար-պրոֆեսորը, այլ այս բառերի հեղինակըՙ երախտագետ թոռը: Բայց թոռն այդ ժամանակ, ամենայն հավանականությամբ, զբաղված էր «Արմենիայի» մեկ այլ դահլիճում, որտեղ ուրիշ մտավորականների հետ, մեկ բաժակ սուրճի շուրջը, հայրենիքը կոմունիստական վարակից ազատագրելու ծրագրեր էր մշակում: Ու մնում է եզրակացնել, որ իր բանաստեղծությունները Դուդինը (երիցս) նվիրել է ոչ թե նրան` Ավիկին, այլ Լեւոն Մկրտչյանին, միայն ինչպես նոմենկլատուրային մտավորականը նոմենկլատուրային մտավորականին: Հենց նույն պատճառով էլ նա անսաց Լեւոն Մկրտչյանի հորդորին եւ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի ռուսերեն թարգմանության առաջաբա՛նը գրեց ու սկսեց թարգմանել նաեւ Համո Սահյանի բանաստեղծությունները, երբ բանաստեղծը դեռ ողջ էր: Եվ «С жаворонком на плече» շարքի նմանությամբ Լենինգրադում հրատարակեց Համո Սահյանի բանաստեղծությունների իր թարգմանություններըՙ «Поздние ягоды» (նշեմ, որ նոմենկլատուրային պրոֆեսորի պատվերով, դեռեւս իր քարտուղարության տարիներինՙ 1976թ., այդ ժողովածուի տողացի ռուսերեն թարգմանությունները կատարվել էին իմ կողմից): Դժվար թե Լ. Մկրտչյանի դիսերտանտը տեղյակ չէր, որ Հայաստանին ու հայ գրականությանը Դուդինին մերձեցրեց «բացառիկ զոռբայությամբ գործող» պրոֆեսոր-քարտուղարը: Եվ հայ գրականության մեծ գիտակ նա դարձավ հենց ա՛յդ անձնավորության շնորհիվ, որին Միխայիլ Ալեքսանդրովիչը անվանեց Հայաստանի համար բարեկամներ ստեղծելու գործում դասական վարպետ: Եվ Ղարաբաղի խնդրի վրա էլ Դուդինի ուշադրությունը հրավիրեց նո՛ւյն Լեւոն Մկրտչյանը, այն էլ այնպես, որ իրադարձությունների ամենաթեժ ժամանակահատվածում նրա հետ մեկնեց Ղարաբաղ: Այդ այցելությունից հետո Դուդինը գրեց. «Թանկագի՛ն Լեւոն, Հայաստանն ու Ղարաբաղը ես երբեք չեմ մոռանա»: Ղարաբաղում էլ Դուդինի՛ն չմոռացան, բանաստեղծի մահից հետո Ստեփանակերտում նրա անունով փողոց անվանակոչեցին: Կասկած չունեմ, որ եթե գրականության ինստիտուտի այսօրվա տնօրենի փոխարեն Լեւոն Մկրտչյանը լիներ, Դուդինի անունով վաղուց անվանակոչված կլիներ նաեւ Երեւանի որեւէ փողոց եւ ո՛չ միայն հայ պոետների գործերը թարգամանելու, Վերֆելի վեպի առաջաբանի պատճառով, այլեւ այն պատճառով, որ Երեւանում «Земля обетованная» գիրքը հրատարակելովՙ Դուդինը ողջ հոնորարը փոխանցեց երկրաշարժից տուժածների ֆոնդին:
Կասկածում եմ, թե Իսահակյանը չգիտեր, որ Դուդինը միակը չէր, ով Լեւոն Մկրտչյանի թեթեւ ձեռքով «հիվանդացավ» Հայաստանով, ով նոմենկլատուրային մտավորականի միջնորդությամբ դարձավ հայ պոետների թարգմանիչ… Առնվազն տարօրինակ է, որ Հովհաննես Շիրազի նկատմամբ տածած անսահման սիրո ու կարեկցանքի դեպքում անգամ, Ավետիք II-ը չի հիշում, որ նրա բանաստեղծությունների թարգմանությունը լենինգրադցի բանաստեղծ Ալեքսանդր Գիտովիչի միջոցով կազմակերպեց նույն Լեւոն Մկրտչյանը: Եվ Գիտովիչը ոչ միայն թարգմանեց Շիրազին, այլեւ նվիրեց նրան իր բանաստեղծությունը: Դա տեղի է ունեցել նախքան այն բանը, ինչպես հուշագիրն է հիշում, երբ պրոֆեսոր- քարտուղարը օտար հյուրերի ներկայությամբ ծեծեց մեծ պոետին:
Կարդում ես գիտնական-գրականագետի այս բարբաջանքը, եւ անմիջապես աչքիդ առաջ հառնում է մի սարսափելի պատկեր` նոմենկլատուրային անտաղանդ, կոշտուկոպիտ եւ կռվազան Մկրտչյանը ծեծում է անպաշտպան, զգայուն ու քնքուշ քնարերգուին: Այո, Լեւոն Մկրտչյանի կենսագրությունում նման փաստ առկա էր, եւ նա երբեւէ դա չի թաքցրել (ճիշտը որ խոսենք, նա ոչ թե ծեծել է, այլ, իր խոսքերով, «հասցրել է մռութին»): Ավելին, նա երբեւիցե ո՛չ թաքցրել է, ո՛չ էլ զղջացել իր արարքի համար: Նույնիսկ այն ժամանակ, երբ Ավիկ Իսահակյանից էլ առաջ այդ մասին որոշեց հիշել ու Լ. Մկրտչյանին պատասխանատվության կանչել հայ մեկ ուրիշ դասական` Սերո Խանզադյանը (այս մասին մանրամասն կարելի է կարդալ Սերո Խանզադյանին ուղղված նրա բաց նամակումՙ «Քննարկել Լեւոն Մկրտչյանի հարցը», որը հրապարակվել է 1992թ. փետրվարի 14-ի «Գրական թերթում»):
Դատելով այն հանգամանքից, որ սրտացավ գիտնականի աչքերը արցունքով են պատվում ամեն անգամ, երբ նա մտաբերում է զարգացած սոցիալիզմի դարաշրջանի Հայաստանի գրողների միության ղեկավարներին, ստացվում է, որ 80-ականներին հաջորդած տարիներին ղեկի մոտ բացառապես հանճարներ են եղել: Թեեւ, հնարավոր է, որ այսպիսի հստակ ժամանակագրական սահմանները նշված են նրա համար, որ նախկին քարտուղարներից ոմանք դեռ ողջ են: Իսկ անպատիժ կերպով կեղտ շպրտել հնարավոր է միայն հանգուցյալների՛ վրա:
Կարծում եմ, որ եթե ակադեմիական ինստիտուտի տնօրենը երկարակյաց գտնվի ու ավելի երկար ապրի նրանցից, ովքեր վերջին տարիներին գլխավորել են Գրողների միությունը, ապա իր հուշերը կլրացնի նաեւ նրա՛նց անուններով: