Բրյուսելյան հանդիպման իրանական արձագանքները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բրյուսելյան եռակողմ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի հիմնական ուղղությունների մասին տեղեկացանք Շառլ Միշելի ամփոփիչ հայտարարության հրապարակումից և դրա մասին հրապարակված շահագրգիռ կողմերի արձագանքներից:
Թեեւ հայ-ադրբեջանական անցուդարձերին ուշի-ուշով հետեւող Թեհրանը բրյուսելյան եռակողմ հանդիպման արդյունքներին առայժմ պաշտոնապես չի արձագանքել, սակայն իրանական մամուլում լույս տեսնող որոշ հրապարակումներից կարող ենք պատկերացում կազմել գործընթացի ոչ ցանկալի զարգացումների վերաբերյալ իրանական տեսակետների ու դրանց շուրջ ձեւավորվող մտահոգությունների մասին:
Այդպիսի հրապարակումներից է ԻԻՀ ԱԳՆ-ի հետ փոխկապակցված Iranian Diplomacy կայքում տպագրված իրանցի վերլուծաբան Էհսան Մովահեդիանի «Վտանգավոր շրջադարձ՝ Բաքու-Երեւան բանակցություններում» վերտառությամբ հոդվածը, որտեղ մասնավորապես նշված է՝
«Եվրոպայում կայացած Բաքու-Երեւան բանակցությունների կարեւորագույն հետեւանքները Արցախը Հայաստանից անջատելն ու Ադրբեջանի հետ դրա ինտեգրման ընթացքին նպաստելն էր, ինչպես նաեւ՝ Լաչինի միջանցքի վերջնական փակման գործընթացն ավարտին հասցնելը:
Շառլ Միշելի մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո հրապարակված ամփոփիչ հայտարարության մեջ նշված էր, որ Ադրբեջանը պաշտոնապես ճանաչում է Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետր տարածքը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ Արցախը Ադրբեջանի կազմի մեջ ճանաչելը:
Շառլ Միշելի հայտարարության մեջ նշված է, որ Արցախ ուղարկվող մարդասիրական օգնության համար, Լաչինի ճանապարհից բացի, ալիեւյան իշխանության կողմից, որպես այլընտրանք, առաջարկվում է օգտագործել Աղդամի ճանապարհը: Հաշվի առնելով Բաքվի իշխանությունների կողմից ավելի քան 200 օր տեւած Լեռնային Ղարաբաղի շրջափակման նախապատմությունը, (գազամատակարարման հաճախակի ընդհատումներ, հոսանքազրկման դեպքեր, մարդասիրական բեռնափոխադրումների արգելք եւ այլն) Շառլ Միշելի ուղղորդմամբ՝ Բաքվի ու Երեւանի միջեւ ձեռք բերված գործնական համաձայնության հետեւանքները կարող են լինել Լեռնային Ղարաբաղից հայերի, հետագայում նաեւ ռուսների հեռացումն ու Իրանի համար խիստ կարեւոր սահմանակից տարածքներում ՆԱՏՕ-ի, Իսրայելի ու Թուրքիայի տեղակայման փաստը:
Եթե մինչեւ 2025 թվականը, այն է՝ մինչեւ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների առաքելության ժամկետի ավարտը, Ռուսաստանի, Իրանի ու Հայաստանի ընդդիմության կողմից գործնական քայլեր չձեռնարկվեն, կարելի է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ ներառելու գործընթացն ավարտված համարել»:
Վերլուծաբան Էհսան Մովահեդիանը եռակողմ հանդիպման արդյունքներից առաջինը համարում է բանակցությունների ամփոփիչ հայտարարությունում Հայաստանի ազգային ինքնիշխանության փաստի ընդունումը, որն ըստ վերլուծաբանի, վկայում է տխրահռչակ «Զանգեզուրի» միջանցքի գաղափարին Եվրոպայի դեմ լինելու մասին: Սակայն, հիշեցնում է Մովահեդիանը, Եվրոպան իր վրա է վերցնում Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող երկաթուղու կառուցման ծախսերը:
Մովահեդիանի կարծիքով, «Զանգեզուրի» միջանցքի հարցը միակն էր, որին Փաշինյանը կարողացել է ընդդիմանալ ու չընդունել, քանի որ, եթե այդ ստորացուցիչ պահանջն էլ ընդունվեր, այդ դեպքում Հայաստանից այլեւս ոչինչ չէր մնա:
Իրանցի վերլուծաբանի համոզմամբ, Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու գործարկումը, աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական տեսանկյունից, գործում է ի վնաս Իրանի, քանի որ Իրանը կորցնում է Ադրբեջանը Նախիջեւանին միացնելու իր մենաշնորհային հնարավորությունը:
Ըստ Մովադեդիանի, եռակողմ հանդիպման մյուս կարեւոր հետեւանքը արցախաբնակ հայերի ու Բաքվի միջեւ բանակցությունների ձեւաչափի մասին ձեռք բերված պայմանավորվածությունն էր, համաձայն որի, բանակցությունները տեղի են ունենալու ո՛չ թե երկկողմ ձեւաչափով, այլ՝ Եվրոպայի միջնորդությամբ: Մովահեդիանը կարծում է, որ դրա նպատակը Արցախն Ադրբեջանին հանձնելու գործընթացի արագացումն է, այլ՝ ո՛չ արցախահայության պահանջի բավարարումը: Քանի որ եվրոպացի ու ամերիկացի պաշտոնատար անձինք բազմիցս հայտարարել են, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Պարզապես, իրենց կատարած աշխատանքի պատկերն ամբողջականացնելու նպատակով, խնդիր է դրվել բավարարել Արցախի հայության իրավունքները: Ըստ վերլուծաբանի, Իրանին մնում է ընդամնեը հետեւել Բարդա-Աղդամ-Ստեփանակերտ երկաթուղու գործարկումից հետո հայերի ցեղասպանության ու ռուսների վտարման դավադիր գործողություններին:
Հայերին շրջափակման ենթարկելու նպատակով իրականացված Լաչինի միջանցքի փակումը, Մովահեդիանի ունեցած տեղեկությունների համաձայն, նախատեսված էր դեռ վաղուց: Ըստ վերջինիս, առաջին անգամ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանն իր թվիթերյան էջում գրել, որ Բաքուն կառուցում է Բարդան Աղդամին, հետագայում նաեւ Ստեփանակերտին միացնող երկաթուղի, որն ավելի կնպաստի Արցախը Հայաստանից կտրելու գործընթացին: Այսպիսով, իր տրամաբանական ավարտին է հասցվում Լաչինի միջանցքի փակումը: Մինչ այդ, հավելում է իրանցի վերլուծաբանը, Բաքուն ռուս խաղաղապահներին առաջարկել էր ռուսական բազայի մատակարարումն ապահովելու համար օգտվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհից, սակայն ռուսները մերժել էին այդ առաջարկը՝ իրենց փոխադրումներն ադրբեջանական վարչախմբի տեսադաշտից հեռու պահելու նպատակով:
Ըստ Մովահեդիանի, ներկայումս Բաքուն բանակցություններ է վարում «Կարմիր խաչի» միջազգային կազմակերպության հետ՝ Արցախ ուղարկվելիք մարդասիրական օգնությունը Բարդա-Աղդամ ճանապարհով Ստեփանակերտ հասցնելու տարբերակի շուրջ, ինչը Բաքվին հնարավորություն կտա շրջանցել Լաչինն ու Արցախն ամբողջապես կտրել Հայաստանից, որի հետեւանքով հայաբնակ Արցախը ամբողջությամբ կինտեգրվի Ադրբեջանի հետ եւ 120 հազար հայերի շրջափակման փաստը հարյուրտոկոսանոց արդյունք կարձանագրի:
Իրանցի վերլուծաբանի համոզմամբ, Բաքուն ցանկանում է արցախահայությանը պահել որպես պատանդ, ստորացնել նրանց՝ հետագայում երկրից վտարելու ակնկալիքով: Վերլուծաբանը թե՛ Երեւանին, եւ թե՛ Ստեփանակերտին կոչ է անում պայքարել ցեղասպան քաղաքականության դեմ: Մովահեդիանի պատկերացմամբ, այս գաղափարին դեմ լինելով հանդերձ, Մոսկվան ուժերի հավասարակշռությունը փոխելու հարցում կամք չի դրսեւորում: Իսկ Բաքվի հետ տարվող Եվրամիության դիվանագիտական ջանքներն էլ լուրջ չեն ընկալվում: Իրանն էլ դեռ այս խնդրի էությունը խորապես չի պատկերացնում:
Մովահեդիանն իր վերլուծականում զգուշացնում է, որ Արեւելքի ու Արեւմուտքի անտարբերության պատճառով որոշ հարցեր կարող են Լեռնային Ղարաբաղում իրենց վերջնական լուծումն ստանալ:
Մովահեդիանի կանխատեսմամբ, եթե Իրանի սահմաններին ուղղված Բաքվի ծավալապաշտական նկրտումները, ՆԱՏՕ-ի ու Իսրայելի աջակցությամբ, ներառեն ողջ Ղարաբաղը, եւ Իրանի հետ հազարամյա բարեկամական կապեր ունեցող հայերը վերանան այս տարածաշրջանից, կբազմապատկվեն Իրանի անվտանգային ու քաղաքական մարտահրավերները: Նա հիշեցնում է Հայաստանի վերահսկողության տակ եղած Իրանի ու Ղարաբաղի 140 կիլոմետրանոց ընդհանուր սահմանը, որը 44-օրյա պատերազմից հետո այլեւս վերահսկվում է ալիեւյան վարչախմբի կողմից ու խորհուրդ է տալիս չմոռանալ պատերազմից հետո սիոնիստների, Թուրքիայի, ՆԱՏՕ-ի ու թաքֆիրականների կողմից Իրանին պարտադրված մարտահրավերների մասին, որի պատճառով Իրանն իր հյուսիս-արեւմտյան սահմաններում, Ալիեւին ու Էրդողանին, ինչպես նաեւ նրանց կարգադրիչներին կարգի հրավիրելու համար ստիպված եղավ անցկացնել երկու լիարժեք զորավարժություններ:
Էհսան Մովահեդիանը նաեւ անդրադառնում է Հարավային Կովկասում Ռուսաստանի վարած, իր խոսքերով՝ «նարցիստային ու ապակառուցողական» արտաքին քաղաքականությանը, որն Իրանի համար լուրջ խնդիրներ է առաջացրել: Ըստ հեղինակի, եթե Մոսկվան մտադիր է Թեհրանի մարտավարական դաշնակիցը դառնալ, չպետք է Թուրքիայի պես ոչ բարեկամական երկրին Կովկաս ներթափանցելու հնարավորություն տա:
Մովահեդիանը համոզված է, որ Ռուսաստանը խոչընդոտում է կովկասյան գործընթացներին Իրանի ակտիվ ներգրավվածությունը, այն կեղծ կանխավարկածով, որ Թեհրանի ներկայության պատճառով, իրավիճակն ավելի է սրվում:
Կրկին անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Արեւմուտքի ներգրավվածությանը, վերլուծաբանը եզրակացնում է, որ Թուրքիայի, Իսրայելի ու ՆԱՏՕ-ի ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաեւ ռուս-ուկրաինական պատերազմը, փոխել են Հարավային Կովկասում իրերի դասավորվածությունը: Մովահեդիանի կարծիքով, նախկին գործիքակազմերով այլեւս հնարավոր չէ կառավարել տարածաշրջանի ճգնաժամերը: Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Եվրոպայի ու ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածության պայմաններում, հավելում է իրանցի վերլուծաբանը, օրեցօր թուլանում է Իրանի դերակատարությունը Հարավային Կովկասում եւ հատկապես՝ Հայաստանում, որի հետեւանքով Իրանը ձեռք է բերում դիտորդի կարգավիճակ:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ