ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով բացահայտվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություններ, յուրացումներ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու դեպքեր:
Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Հ.-ն, 2018 թվականին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնում նշանակվելուց հետո, նույն զորամասի ֆինանսական ծառայության պետ Ս. Փ.-ի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Ա. Ջ.-ի հետ՝ զորամասին հատկացվող գազի չօգտագործված մասն իրացնելու և արդյունքում գոյացած միջոցների մի մասը հետ ստանալու հարցում՝ դրանով նպատակ հետապնդելով խաբեությամբ հափշտակել զորամասի համար նախատեսված գազի սպառման դիմաց վճարման ենթակա գումարները։
Արդյունքում՝ 2018թ. հոկտեմբերից 2019թ. մարտն ընկած ժամանակահատվածում, Մ. Հ.-ի հրահանգով ու գիտությամբ, զորամասի գազի հաշվիչի տվյալները մեխանիկական միջամտության արդյունքում կեղծվել են, որից հետո ՊՆ պաշտոնատար անձը Ս. Փ.-ի հետ ամեն ամիս հաստատել է հաշվիչի տվյալների՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող ակտերը, որոնց հիման վրա ՀՀ ՊՆ-ն փաստացի չծախսված գազի համար հավելյալ վճարել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 12 մլն ՀՀ դրամ գումար, որը Մ. Հ-ն Ա. Ջ.-ի հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է։ Հետագայում, Մ. Հ.-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, Ա. Ջ.-ն հափշտակված գումարից Մ. Հ.-ին է փոխանցել 2 մլն ՀՀ դրամ։
Բացի այդ, պարզվել է, որ Մ. Հ.-ն նույն եղանակով հափշտակել է նաև զորամասի համար նախատեսված հոսանքի սպառման դիմաց վճարման ենթակա գումարները: Մասնավորապես՝ զորամասի ֆինանսական ծառայության պետ Ս. Փ.-ի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել «ՀԷՑ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Ս. Հ.-ի հետ՝ զորամասին հատկացվող էլեկտրաէներգիայի չօգտագործված մասն իրացնելու և արդյունքում գոյացած միջոցների մի մասը հետ ստանալու հարցում: Դրանից հետո Մ. Հ.-ն Ս. Փ.-ի հետ ամեն ամիս հաստատել է էլեկտրաէներգիայի հաշվիչի տվյալների՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող ակտերը, որոնց հիման վրա պետությունը փաստացի չծախսված էլեկտրաէներգիայի համար հավելյալ վճարել է ավելի քան 11 մլն ՀՀ դրամ։
Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ զորամասի հրամանատարը ֆինանսական ծառայության պետի պաշտոնից ազատված Ս. Փ.-ի՝ վերը նկարագրված ապօրինի գործողությունների կատարումը 2019 թվականի հունիսից հանձնարարել է նույն զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ Ն.Վ.-ին, ում կողմից 2019-2022 թթ. ընկած ժամանակահատվածում ամեն ամիս զորամասի հոսանքի հաշվիչի տվյալները մեխանիկական միջամտության արդյունքում կեղծվել են, որի համար հավելյալ վճարվել է 8 մլն-ից ավել ՀՀ դրամ գումար:
Արդյունքում Մ. Հ.-ն 2018‑2020թթ․ ընկած ժամանակահատվածում, նախ Ս.Փ.-ի ապա՝ Ն. Վ.-ի օժանդակությամբ «ՀԷՑ» ՓԲ ընկերության ներկայացուցչից ստացել և հափշտակել է ընդհանուր՝ ավելի քան 4 մլն ՀՀ դրամ:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Մ. Հ.-ն իր հրամանատարության ներքո գտնվող նշված զորամասի ֆինանսական ծառայության ավագ հաշվապահ Հ. Հ.-ի կնոջը նույն զորամասի ակումբի պետի պաշտոնին նշանակելու համար համար Ս. Փ.-ի միջոցով Հ. Հ.-ից որպես կաշառք պահանջել և ստացել է 1.000 ԱՄՆ դոլար:
Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև Ս. Փ.-ի կողմից ավելի քան 8 մլն ՀՀ դրամի՝ յուրացման եղանակով հափշտակության դեպքեր: Մասնավորապես՝ պարզվել է, որ Ս. Փ.-ն, զբաղեցնելով վերը նշված, իսկ այնուհետև՝ մեկ այլ զորամասի ֆինանսական ծառայության պետի պաշտոնը, 2019-2020 թթ. ընթացքում հիշյալ զորամասերի գանձապետական հաշիվներից առանց որևէ հիմնավորման, առանց զորամասերի հրամանատարների թույլտվության, օգտագործելով վերջիններիս նույնականացման քարտերը և դրանցով տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելով, իր անհատական բանկային հաշվին պարբերաբար կատարել է ընդհանուր ավելի քան 8 մլն դրամի ապօրինի բանկային փոխանցումներ և հափշտակել դրանք՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Վերը նկարագրված հանցավոր արարքների համար Մ. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178‑րդ հոդվածի 3‑րդ մասի 1‑ին կետով (2 դրվագ), 314‑րդ հոդվածի 1‑ին մասով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 435‑րդ հոդվածի 1‑ին մասով, Ս. Փ-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38‑178‑րդ հոդվածի 3‑րդ մասի 1‑ին կետով (2 դրվագ), 314‑րդ հոդվածի 1‑ին մասով (2 դրվագ), 313‑րդ հոդվածի 1‑ին մասով, 179‑րդ հոդվածի 3‑րդ մասի 1‑ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 256‑րդ հոդվածի 2‑րդ մասի 2‑րդ և 3‑րդ կետերով, 445‑րդ հոդվածի 1‑ին մասով (2 դրվագ), Ս. Հ.-ին և Ա. Ջ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178‑րդ հոդվածի 3‑րդ մասի 1‑ին կետով, իսկ Ն. Վ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38‑178‑րդ հոդվածի 3‑րդ մասի 1‑ին կետով:
Պետությանը պատճառված վնասից ավելի քան 21 մլն դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է, իսկ մնացած վնասի հատուցումն ապահովելու նպատակով արգելանքներ են կիրառվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: