Azg.am-ի զրուցակիցն է Արցախի ԿԳՄՍՆ կրոնի և փոքրամասնությունների բաժնի վարիչ, արցախյան շարժման ակտիվիստ Աշոտ Սարգսյանը։
-Պարո՛ն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը։
-Շատ դրական, որովհետև այլ բան է, երբ մարդը պահանջում է իր տանը նստած, այլ բան՝ ազգովի և հրապարակում։ Այսօր բոլորն էին դուրս եկել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ՝ մեծահասակներ, երիտասարդներ, երեխաներ։ Ամբողջ հրապարակը լիքն էր։ Ոտքով գնացել ենք Կարմիր խաչի գրասենյակ, այնտեղ մեր բողոքը ներկայացրել, հետո՝ Իվանյան՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայր։ Այնտեղ ևս ցույց է եղել, Արցախի պետնախարարը գնացել է բանակցելու՝ ասելով, որ արդյունքների մասին մեզ տեղյակ կպահի։ Կարմիր խաչի գրասենյակի մերձակայքում և ռուս խաղաղապահների տեղակայման վայրում վրաններ են խփվել՝ վերջիններիս հիշեցնելու, որ կատարեն մանդատով իրենց վերապահված գործառույթները։
-Ձեր կարծիքով ինչո՞ւ հանրահավաքի կազմակերպիչներից ոչ ոք պատասխանատվության չկանչեց Նիկոլ Փաշինյանից, այն պարագայում, երբ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարած անձն ավելի ուշ հայտարարեց կարգավիճակի նշաձողի իջեցման անհրաժեշտության մասին, իսկ այժմ էլ ընդամենն Արցախի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անվտանգ ապրել է մուրում։
-Ելույթ ունեցողներն ավելի շատ զգացմունքային խոսեցին։ Արցախի պետնախարարը պետք է Նիկոլ Փաշինյանի մասին խոսեր, բայց ինքն ավելի շատ ժողովրդին համախմբվելու կոչ արեց։ Եթե օրինակ ես ելույթ ունենայի, անշուշտ կասեի, որ ՀՀ իշխանություններն Արցախի հարցում դավաճանական դիրքորոշում ունեն։ ՄԻՊ-ի ելույթը ևս զգացմունքային էր, բայց մեկ է՝ հիմնական մեղավորը պետք է շեշտվեր։ Նիկոլ Փաշինյանի անունն անպայման պետք է նշվեր։
-Պարո՛ն Սարգսյան, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այդ երկրում ԿԽՄԿ ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանն ասել է, որ ադրբեջանական կողմը չի բացառում հայկական ծագմամբ բնակիչներին օգնության տրամադրման հնարավորությունը՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործմամբ։ Փաստորեն, Ադրբեջանը հերթական անգամ աշխատում է իրեն ներկայացնել որպես մարդասեր, բայց այդպես էլ չի խոսում Լաչինի միջանցքը բացելու մասին։ Ո՞րն է իրական նպատակը։
-Ադրբեջանի արտգործնախարարը շարժման ժամանակ լակոտ է եղել՝ և՛ տարիքով, և՛ էությամբ։ Եթե նա գոնե մի քիչ ծանոթ լիներ շարժման պատմությանը, նման բան չէր ասի։
Մի դեպք պատմեմ. շարժման ժամանակ Ադրբեջանից գնացքով մեծ քանակությամբ սննդամթերք, խմիչք, ամեն ինչ բերեցին, երկաթուղային կայարանում կանգնեցրեցին։ Այնտեղ թուրքի ազգանունով մի հայ էր աշխատում, եկավ հրապարակ, ասեց՝ չե՞ք գալիս գնացքը դատարկեք, ափսոս է, ապրանքը փչանում է։ Բոլորը վրան թափվեցին, որ սատկեցնեն, ասեցին՝ դավաճան, դու այդ ի՞նչ ես ասում։ Նա էլ ասաց՝ ես կայարանի կառավարիչն եմ, ընդամենը տեղեկություն եմ բերել։ Վերջն այդ մարդուն վռնդեցին, ասացին՝ մեզ այդ ապրանքները պետք չեն։ Գնացքը երեք օր այնտեղ կանգնեց, հետո նորից հետ գնաց։ Ասեցինք՝ մեզ այդ ճանապարհով եկած մթերքը պետք չէ. անգամ սոված կմնանք, բայց թուրքի տվածը չենք վերցնի։ Հիմա Ադրբեջանի արտգործնախարարը կամ տարիք չունի, կամ հիշողություն, որ նման առաջարկությամբ է հանդես գալիս։
Մենք նույնն ենք մնացել. եթե ես այն ժամանակ իրենց ուղարկած ապրանքը չեմ վերցրել, ինձնից ծնվածը հիմա ինչպե՞ս կվերցնի։ Մեր դաստիարակած սերունդը նման քայլի ինչպե՞ս կգնա։
-Պարո՛ն Սարգսյան, Արցախ ազատագրած Վիտալի Բալասանյանի ձերբակալությամբ ում ջրաղացին են ջուր լցնում ԱՀ իշխանությունները։ Գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի համար մարդիկ լռեցին, հիմա էլ Վիտալի Բալասանյանի՞ համար են պատրաստվում լռել։
-Վիտալի Բալասանյանի ձերբակալությունն ուղղակի աբսուրդ է։ Արցախի համար դժվար այս օրերին սա՞ է մեր գլխավոր խնդիրը։ Սա այդ պահը չէ, չէր կարելի հիմա նրա հանդեպ քրեական գործ հարուցել։ Ինչ ուզում է լինի, այդ նույն Վիտալի Բալասանյանին ահռելի քանակությամբ մարդիկ հարգում և ընդունում են։ Անկեղծորեն՝ ես նրան չեմ ընդունում և հարգում, բայց դա կապ չունի. վերջին հաշվով նա գեներալ է, իսկ ես սովորական շարքային սպա եմ և պարտավոր եմ իրեն ենթարկվել՝ որպես գեներալի։