Վ. Պ.
Եվրոմիության բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Քեթրին Էշթոնն այս շաբաթ այցելելու է Կիեւ` «աջակցելու քաղաքական ճգնաժամից դուրս գալու ջանքերին»: Այս մասին դեկտեմբերի 8-ին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հեռախոսազրույցում:
Բարոզուն ընդգծել է ներկա լարվածության պայմաններում ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ երկխոսության միջոցով քաղաքական լուծման անհրաժեշտությունը:
Բարոզուն նաեւ շեշտել է քաղաքացիական ազատությունները հարգելու եւ առավելագույն զսպվածություն դրսեւորելու անհրաժեշտությունը: Սրա հետ մեկտեղ, Եվրոհանձնաժողովի նախագահը վերահաստատել է ԵՄ դիրքորոշումը պայմանները բավարարելուց հետո Ասոցիացման համաձայնագիրն ու Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ: